ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ՝ 3.5 ՏԱՐԻ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմից հետո Շուռնուխից 13 տուն անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նոր տները պետք է բնակիչներին հանձնվեին դեռ 2021 թվականին, սակայն տները հանձնվեցին բնակիչներին հանձնվեցին 3,5 տարի անց՝ 2024 թվականի հունիսի 16-ին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տելեգրամյան էջում տեսանյութ է հրապարակել Շուռնուխի նորակառույց թաղամասից՝ կից գրելով. «Նորակառույց 13 տուն այսօր վիճակահանությամբ իբրեւ սեփականություն հանձնեցինք շուռնուխցի 13 ընտանիքների։ Շուռնուխի նորակառույց թաղամասը պատրաստ է»։
Հիշեցնենք, որ նոր թաղամասի շահագործումը, հինգերորդ անգամ հետաձգվելուց հետո, միայն այս տարի կայացավ։
2023 թվականի դեկտեմբերին Քաղաքաշինության կոմիտեից հայտնել էին, որ նոր թաղամասում 13 տների եւ անասնագոմերի շինարարությունն ավարտվել է, մնացել է ավարտել բարեկարգումը, ապահովել ջրով եւ էլեկտրականությամբ։
Գյուղի բնակիչները, սակայն, պնդում էին հակառակը։
2023 թվականի սեպտեմբերին գործադիրը հայտարարեց, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցումն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 228 մլն դրամ գումար։ Հավելենք, որ Շուռնուխի նոր բնակելի թաղամասի կառուցման պայմանագրային ընդհանուր արժեքը շուրջ 1,2 մլրդ դրամ էր։
Բնակիչները մինչ շահագործումը պնդում էին, որ նոր թաղամասը, ինչպես ամբողջ գյուղը, ջրի կարիք ունի։ Հիմնական աղբյուրների կորստից (որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել) հետո կառուցված նոր ջրագիծը գյուղի պահանջները ընդհանրապես չի բավարարում։ Ջուրը բավականացնում է ընդամենը մեկ-երկու տուն ապահովելու համար։
Ընդ որում, բնակիչները նախապես զգուշացրել էին իշխանություններին, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ, որ աղբյուրը, որին միացվել է խողովակը, չափազանց սակավաջուր է, եւ խնդիրը չի լուծի։
Գյուղի մյուս խնդիրներից է նաեւ տրանսպորտը։ Շաբաթը երկու անգամ Գորիսից գյուղ է գնում միկրոավտոբուս, բայց այն ծանրաբեռնված է լինում, քանի որ սպասարկում է միանգամից երեք գյուղ՝ Որոտան, Շուռնուխ եւ Բարձրավան:
Ստացվում է, որ իշխանությունները, իրենց հանդեպ ցասումը կանխելու համար, հարմար ժամանակ ավարտին հասցրին բնակարանների կառուցումը եւ եւս մեկ անգամ իրենց հեղինակությունը բարձրացնելու «մեծ» քայլ արեցին։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Սույն թվականի հունիսի 15-ին տեղի ունեցավ «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի մրցանակաբաշխությունը։

Մրցույթը երիտասարդ գիտնականների համար (մինչեւ 45 տարեկան) հայտարարել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան եւ Ռուսաստանի հայերի միությունը։ Մրցույթով սահմանվել էին 1-ին եւ 2-րդ կարգերի մրցանակներ 4 անվանակարգերում 2021-2023 թվականներին հրապարակված գիտական հոդվածների, հոդվածների շարքի, մենագրությունների կամ արտոնագրված աշխատանքների համար: Մրցանակային ընդհանուր ֆոնդը 8 միլիոն դրամ է:
«Ֆիզիկամաթեմատիկական եւ տեխնիկական գիտություններ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակ է շնորհվել ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտից Արմեն Սարգսյանին։ 2-րդ կարգի մրցանակ ստացել են Երեւանի պետական համալսարանից Տիգրան Աբրահամյանը եւ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտից Արմեն Վաղարշակյանը։
«Քիմիա եւ Երկրի մասին գիտություններ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակը շնորհվել է ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնից Էլմիրա Հակոբյանին։ 2-րդ կարգի մրցանակը ստացել է Երեւանի պետական համալսարանից Գոհար Շահինյանը։
«Կյանքի մասին գիտություններ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակին արժանացել է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից Արսեն Առաքելյանը։ 2-րդ կարգի մրցանակը ստացել է Երեւանի պետական համալսարանից Կարեն Թռչունյանը։
«Հայագիտություն եւ հասարակական գիտություններ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակը ստացել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ագգագրության ինստիտուտից Հայկ Հակոբյանը։ 2-րդ կարգի մրցանակը շնորհվել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտից Մերի Սարգսյանին։
Մրցանակակիրները պարգեւատրվել են դրամական պարգեւներով եւ արժանացել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի եւ Ռուսաստանի հայերի միության պատվավոր դիպլոմների:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման եւ հասարակայնության հետ
կապերի բաժին

ՊԱՐՏԱԴՐԱՆՔՈՎ ՏՈՄՍԵՐ ԾԱԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախկինում գրել ենք, որ Տավուշի մարզպետարանը իր ենթակա մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին պարտադրել է աշակերտներին վաճառել էկզոտիկ կենդանիներ ցուցադրող «Մադագասկար» շրջիկ կրկեսի տոմսերը։ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանն իր հերթին դպրոցի դասղեկներին պարտադրել է դպրոցի 5-8-րդ դասարանների աշակերտներին պարտադրաբար վաճառել այդ կրկեսի տոմսերը՝ նրանց ասելով, որ մարզպետարանից հաշվետվություն են ուզում տոմսերի վաճառքի վիճակի մասին։ Տնօրեն Գ. Թամամյանը դասղեկներին սպառնացել է նրանց աշխատավարձից գումար պահել, եթե նրանք տոմսերը «լավ չիրացնեն» աշակերտներին։ Հաղարծին գյուղից սոցիալապես անապահով որոշ ծնողներ, որոնք օրվա հացի խնդիրը լուծելու խնդիր ունեն, իրենց երեխաներին պարտադրված տոմսերի առթիվ բողոքել են մեզ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հետեւյալ հարցապնդումն ենք արել. «Դուք ի՞նչ շահագրգռվածություն ունեք, որ մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին պարտադրել եք դպրոցներում անվճար տարածք տրամադրել, ամեն կերպ աջակցել «Մադագասկար» շրջիկ կրկեսի ներկայացումները, դպրոցների տնօրեներին պարտադրել եք աշակերտներին տոմսեր վաճառել եւ տոմսերի վաճառքի մասին ձեզ հաշվետվություն տալ։ Դուք համերգային, թատերական այլ խմբերի ելույթներին աջակցելու համար նման կերպ պարտադրո՞ւմ եք հանրակրթական դպրոցների տնօրեններին»։ Մարզպետարանից պատասխանել են. «Ցանկացած կրկեսային, համերգային, թատերական եւ տարատեսակ բնույթի ելույթները, որոնք կարող են հետաքրքիր եւ բովանդակալից դարձնել երեխայի օրը եւ որի համար մեզ դիմում են, մենք փորձում ենք աջակցել դրանց կայացմանը, քանի որ շատ երեխաներ (հատկապես գյուղական բնակավայրերում սովորող) չունեն հնարավորություն նմանատիպ միջոցառումների համար գնալու մայրաքաղաք, այն մատուցվում է նրանց ավելի մատչելի եւ հասանելի տարբերակով՝ իրենց իսկ դպրոցում, իսկ տոմսերի վաճառքը պայմանավորված է միայն երեխաների ցանկությամբ: Տավուշի մարզպետի աշխատակազմը երբեք որեւէ շահագրգռվածություն չի ունեցել եւ չունի նմանատիպ միջոցառումները պարտադրելու, ամեն ինչ արվում է ի բարօրություն երեխաների»: «Ի բարօրություն» երեխաների, դպրոցի տնօրենների ու դասղեկների միջոցով աշակերտներին, այդ թվում` օրվա հացը մի կերպ հայթայթող ընտանիքների երեխաներին, չպետք է հարկադրել զանազան միջոցառումների տոմսեր գնել, այլ պետք է թողնել այդ երեխաների ու իրենց ծնողների ֆինանսական հնարավորությանը, նրանց ընտրությանը, թե ուր գնալ կամ չգնալ, ինչ միջոցառումների ներկա գտնվել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս