Ամերիկյան Caterpillar-ի ռուսական ակտիվները, ներառյալ հատուկ տեխնիկայի գործարանը Տոսնո քաղաքում («Կատերպիլար Տոսնո» ՍՊԸ, Լենինգրադի մարզ) եւ Մոսկվայի լիզինգային դուստր ընկերությունը (Կատերպիլար Ֆայնենշըլ» ՍՊԸ), հանձնվել են հայ ձեռներեց Դավիթ Ամարյանի Balchug Capital հիմնադրամի կողմից վերահսկվող ռուսական ընկերությանը
Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրի տեղեկության համաձայն՝ գործարքը կնքվել է հունիսի 14-ին, երբ Caterpillar ընկերության երկու ռուսական դուստր ընկերությունների վերահսկողությունը անցել է 2022թ. օգոստոսին գրանցված մոսկովյան «ՊՍԿ-Նոր լուծումներ» ՍՊԸ-ին։ Այդ ընկերության հիմնական սեփականատերը հունիսի սկզբից «Բալչուգ Կապիտալ» ՓԲԸ-ն է (99 տոկոս), մնացած 1 տոկոսի սեփականատերը Արտյոմ Օրուսն է։
Ավելի վաղ՝ հունիսին, Օրուսը «ՊՍԿ-Նոր լուծումներ» ՍՊԸ գլխավոր տնօրենի պաշտոնում փոխարինել էր Կիրիլ Պոլիշկինին։ Պոլիշկինը վերահսկում էր «ՊՍԿ-Նոր լուծումներ» ՍՊԸ 99 տոկոս բաժնեմասը «Ռոմուալդ» ՍՊԸ-ի միջոցով, Յան Վեյցմանի հետ միասին, որին «Ռոմուալդում» պատկանում էր մնացած 1 տոկոսը։ Բաց աղբյուրների տվյալներով՝ Պոլիշկինը նախկինում եղել է խոշոր հաճախորդների հետ աշխատանքի գծով դեպարտամենտի փոխտնօրեն Sberbank CIB-ում, իսկ Վեյցմանը գլխավորել է «Սբերի» հաճախորդների հետ աշխատանքի վարչությունը մետալուրգիայում եւ լեռնահանքային արդյունաբերությունում։
Ռուսաստանցի ներդրողին Caterpillar-ի ակտիվների հանձնումը 2023թ. վերջին իր կարգադրությամբ հավանության էր արժանացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Caterpillar-ը 2022թ. գարնանը դադարեցրել էր Տոսնոյի գործարանի աշխատանքը պատժամիջոցների եւ լոգիստիկ խափանումների պատճառով Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին։
Caterpillar-ի Տոսնոյի գործարանն աշխատում էր 2000 թվականից՝ արտադրելով ամենագնաց քարհանքային բեռնատարներ եւ հիդրավլիկ էքսկավատորներ Cat բրենդի, ինչպես նաեւ բաղադրիչներ մեքենաների եւ սարքավորումների համար, որոնք ընկերությունն արտահանում էր իր եվրոպական գործարաններ։ «Կատերպիլար Տոսնո» ՍՊԸ-ն «Նեւամաշ»-ի իրավահաջորդն է, որը գրանցվել է 1994-ին, երբ ամերիկյան ընկերությունն սկսել էր արտադրել կոմպլեկտավորողներ հատուկ տեխնիկայի համար, «Կիրովի գործարանի» հետ համատեղ։
«հկԸՀԽ-Ինտերֆաքս» վերլուծաբանական համակարգի տվյալներով՝ ձեռնարկության հասույթը 2021թ. կազմել է մոտ 5,9 մլրդ ռուբլի, 2023թ.՝ ընկել է 210 մլն ռուբլի։ Ընկերությունը երեք տարի անընդմեջ զուտ վնաս է կրում՝ մոտ 890 մլն ռուբլի 2021թ. եւ մոտ 2 մլրդ՝ 2022 եւ 2023թթ. համապատասխանաբար:
«Կատերպիլար Ֆայնենշըլի» շրջանառությունը, որը մասնագիտանում է հատուկ տեխնիկայի լիզինգի ոլորտում, 2023թ. արդյունքներով ունեցել է վնաս՝ 800 մլն ռուբլի 2021թ. 10,3 մլրդ ռուբլու դիմաց։ Ընկերության զուտ վնասը անցած տարի գերազանցել է 1 մլրդ ռուբլին, այն դեպքում, երբ 2021թ. արդյունքներով ընկերության շահույթը 1,5 մլրդ ռուբլուց բարձր էր։
ԱՌԱՋԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ 60 ՈՒՍԱՆՈՂ ՈՒՆԻ
«Բլոկչեյն եւ Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին եւ միակ կրթական ծրագիրը, որը վերջերս էր ներկայացվել հանրությանը, ունի 60 դիմորդ։ Սեպտեմբերից մեկնարկող ուսումնական տարվանից նրանք հնարավորություն կստանան սովորելու այս բացառիկ կրթական ծրագրով։
Այս ծրագիրը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության եւ Web3 Հայաստան հիմնադրամի նախաձեռնությունն է։
Այս ծրագիրն աշխարհում առաջինն է, որն առաջարկում է բակալավրի կոչում «Բլոկչեյն եւ Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ՝ դառնալով նշանակալից նշաձող բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկրի կրթական առաջընթացի համար:
«Առանձնահատուկ կարեւորում եմ, որ ծրագրի նկատմամբ եղել է շատ մեծ հետաքրքրություն, սակայն ընտրվել է 60 դիմորդ, ովքեր իրենց կրթությունը կսկսեն ծրագրի շրջանակում։ Սա շատ կարեւոր ծրագիր է, որը Հայաստանը դիրքավորելու է համաշխարհային քարտեզի վրա՝ որպես թվային կրթության եւ նորարարության առաջատար։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք իրականացնել այն եւ հավաքագրման փուլն այսքան բարեհաջող էր»,- նշում է Web3 Հայաստան հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը։
Բակալավրիատի ծրագիրը, որը մշակվել է համալսարանի եւ Web3 Armenia հիմնադրամի առաջատար փորձագետների հետ համատեղ, նպատակ ունի ուսանողներին զինելու խորը գիտելիքներով եւ գործնական հմտություններով բլոկչեյնի վերաբերյալ: Ուսումնական ծրագիրը ստեղծվել է այս նորարար տեխնոլոգիական ոլորտում հմուտ մասնագետների աճող պահանջարկը լուծելու համար՝ խթանելով ակադեմիական գերազանցության եւ իրական աշխարհի խնդիրների լուծման միջավայրը:
ԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ
Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով հեղեղումներից հետո Լոռու եւ Տավուշի մարզերում առաջացել էր արտակարգ իրավիճակ։ Այնտեղ մի շարք համայնքներ հայտարարվել էին աղետի գոտիներ:
Վերը նշվածից տուժել էին տեղի շատ բնակիչներ, ինչից հետո, կառավարության որոշմամբ, հորդառատ անձրեւներից հետո առաջացած հեղեղումների հետեւանքները վերացնելու համար մարզպետարաններին 300 մլն դրամ պետք է հատկացվեր։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել ՀՀ Լոռու մարզի մարզպետ Արամ Ղազարյանին հետ՝ պարզելու՝ տրամադրվե՞լ են տուժողներին համապատասխան փոխհատուցումները։
Մեզ հետ զրույցում մարզպետ Ղազարյանն ասաց, որ համարյա պատրաստ է առաջին փուլի փոխհատուցման փաթեթը։
«Երեւի լսել եք, որ վարչապետի մոտ խորհրդակցություն էին, քննարկվում էր այդ փոխհատուցումների հետ կապված հարցերը, մեծ առումով արդեն իսկ պատրաստ է այդ փոխհատուցման առաջին փուլի փաթեթը։ Ամենայն հավանականությամբ, օրերի ընթացքում որոշումը կլինի։ Գլոբալ առումով գրեթե ամեն բան ավարտական փուլում է գտնվում, փոքր դետալներ են մնացել. հենց առաջին փուլի փոխհատուցումը մարդկանց տների վերանորոգման, առաջին պարագաների, տան պարագաների հետ կապված է լինելու, այդ փուլը շատ արագ կլինի, մնացածը քննարկման փուլում է», – մեզ հետ զրույցում ասաց Ղազարյանը։
Հիշեցնենք, որ աղետի գոտիներում եղել էր անհրաժեշտություն կամավորների, այդ իսկ պատճառով էլ շատերը կամավոր կերպով աշխատում էին աղետի գոտիներում։
Լոռու մարզպետից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյո՞ք կամավորները շարունակում են մնալ աղոտի գոտիներում, ինչին ի պատասխան՝ մարզպետն ասաց. «Կամավորների մեծ մասը հիմնականում հետ է վերադարձել՝ հաշվի առնելով, որ այն, ինչը առաջին անհրաժեշտության համար էր եւ արագ պետք է արվեր, կատարել է նաեւ նրանց շնորհիվ, բայց ներկա պահին էլ ունենք կամավորներ, որ ուրիշ աշխատանքներ են կատարում, ուղղակի մի քիչ ավելի փոքր ծավալի»։
Լոռու մարզպետարանից հայտնեցին նաեւ, որ աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է,:
«Հեղեղումից կարճ ժամանակ անց` երեկ արդեն, շահագործվել է Ալավերդուց դեպի Այրում վնասված երկաթգիծը։ Բեռնատար գնացքն անցել է նորոգված երկաթգծով», – ասված է հայտարարության մեջ։
Ոստիկանությանը եւս հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել: