Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Բաքվում ծնված միակ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրում հայտարարագրել է 2 անշարժ գույք․ 2022 թվականին Երևան քաղաքում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան շենքում, իսկ 2006 թվականին ձեռք է բերել հողամաս Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայանքում։
Մինչ հեղափոխությունը ֆեյսբուքյան ակտիվիստ «Նավակ ճոճող» ծածկանունով հայտնի Վիլեն Գաբրիելյանը 2006 և 2007 թվականներին ձեռք է բերել IZH և MITSUBISHI մակնիշի մեքենա։
Վիլեն Գաբրիելյանի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 379 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 500 հազար դրամ։ Ազգային Ժողովի ՔՊ-ական պատգամավորի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 846 հազար դրամ, որից 9 մլն 950 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից։ Գրեթե 8 մլն 800 հազար դրամը վարկ է Ինեկոբանկից և Կոնվերսբանկից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 21 մլն 525 հազար դրամ, որից 14 մլն 811 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Վիլեն Գաբրիելյանը հանդիսանում է «ԳԱՐԴՄԱՆ-ՇԻՐՎԱՆ-ՆԱԽԻՋԵՎԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԿ-ի նախագահը։
Էմմա Միքայելյան