Կառավարության այսօրվա նիստն ինչպես միշտ ուղեկցվում էր բողոքի ակցիաներով, որոնցից մեկն առնչվում է Դալմայի այգիների խնդրին:
Armlur.am լրատվականի հետ զրույցում Դալմայի այգիների նախկին հողօգտագործող տիկին Զոյան տեղեկացրեց, որ «Դալմա-Սոնա» հիմնադրամը նամակ է ուղարկել Ժնև, ինչպես նաև 3 նամակ հղել են նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին:
«Նամակում հերթական անգամ խոսվել է այն մասին, որ ՀՀ-ը չի կատարում իր պարտավորությունները, ՄԱԿ-ի ոչ մի հանձնարարական լուծում չի տալիս Դալմայի այգիների խնդրին»,- ասաց տիկին Զոյան ` հավելելով, որ հույս չունի, որ ՀՀ-ի պատկան այրերը կպատասխանեն իրենց նամակին. «Դժվար պատասխանեն, քանի որ պատասխանելու ոչինչ չունեն, էլի պետք է խաբեն»:
Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունը պարտավոր է մշակել օրենք շրջակա միջավայրի հարցերով որոշումների կայացման գործընթացին հանրության մասնակցության վերաբերյալ, ապահովել անվճար դատական պաշտպանություն Դալմայի այգիների հողօգտագործողների համար։
Հիշեցնենք, որ Դալմայի այգիների հողօգտագործողները 10 տարուց ավելի պայքարում են ու տասը տարի է, որ բարձրաձայնում են, որ առանց հանրության կարծիքը հարցնելու Դալմայի այգիներում իրականացվել է «անօրինական» կառուցապատում։
Ինչ վերաբերում է նախկին հողօգտագործողների ֆինանսական փոխհատուցմանը, տիկին Զոյան ասաց, որ փոխհատուցման գործընթացն այս պահին դադարեցված է, թեև որոշ հողօգտագործողներ փոխհատուցում ստացել են: «Մեզ ասում են ` սպասեք: 10 տարի է, սպասում ենք էլ ինչքան սպասենք»,- ասաց նա:
Մանրամասն ՝ տեսանյութում: