Զինվորական ծառայությունից ազատելու դիմաց՝ մորից ու զինվորից գումար են վերցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Ս.-ն, պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով, ժամկետային զինծառայողից և վերջինիս մորից ստացել է խոշոր չափերի՝ 1.500.000 ՀՀ դրամ և 90.000 ՀՀ դրամի խմիչք:

Մասնավորապես՝ Երևանի բնակիչ Կ. Պ.-ն 2024 թվականի հունվարին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Ա. Մ.-ին զինվորական հետագա ծառայությունից ազատելու խնդրանքով դիմել է իր ծանոթ Վ. Ս.-ին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ հիշյալ հարցը լուծելու համար Ա. Մ.-ն և նրա մայրը պատրաստ են կաշառք տալ:

Տեղեկանալով զինծառայողի և նրա մոր կողմից կաշառք տալու պատրաստակամության մասին, սակայն իրականում նպատակ չունենալով նշված հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու դիտավորությամբ Վ. Ս.-ն Կ. Պ.-ին վստահեցրել է, թե իբր իր ծանոթ պաշտոնատար անձանց 3.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու դիմաց հնարավոր է կազմակերպել Ա. Մ.-ին հետագա զինվորական ծառայությունից ազատելու հարցը:

Ա. Մ.-ն և նրա մայրը, տեղյակ չլինելով Վ. Ս.-ի իրական մտադրության մասին, 2024 թվականի հունվարի 11-ից փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում, Կ. Պ.-ի միջնորդությամբ Վ. Ս.-ին են փոխանցել խոշոր չափերի՝ 1.500.000 ՀՀ դրամ և 90.000 ՀՀ դրամի խմիչք:

Նախաքննության ընթացքում Վ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:




Լրահոս