Թերթը գրում է. “”Երեկ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են մի հանցախումբ, որը բավական երկար ժամանակ զբաղվել է գողությամբ, փողերի լվացումով և հանցավոր այլ գործունեությամբ: Այդ հանցախմբի անդամները հիմնականում եղել են Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ: Որ մեր հայրենակիցներից շատ շատերը Եվրոպայում զբաղվում են մանր գողություններով, հայտնի է վաղուց և բոլորս գիտենք այդ մասին, բայց որ այնտեղ մեր հայրենակիցներն արդեն կազմավորել են այնպիսի բանդաներ, որոնց ձերբակալելու համար ներգրավվում են ավելի քան 300 ոստիկաններ, դա իսկապես նորություն է: Փաստորեն, հայերի կազմակերպված հանցագործական ջիղը արդեն տարածվում է նաև Եվրոպայում: Ամերիկայում այդ ջիղը բացահայտվեց Պզոյի գործով, Ֆրանսիայում բացահայտվում է, Ռուսաստանի մասին անշուշտ խոսք չկա: Այնպես որ երկիր մոլորակում ձևավորվում է հայկական յուրօրինակ մի հանցաշխարհ: Դե, “”հայկական աշխարհ”” կառուցելը Տիգրան Սարգսյանի մոտ չի ստացվում, փոխարենը նրա վարած տնտեսական քաղաքականության արդյունքում ստացվում է կարծեք թե ձևավորել””հայկական հանցաշխարհ””, որը հանցագործներ է արտահանում աշխարհի տարբեր երկրներ: Իհարկե այստեղ միայն Տիգրան Սարգսյանի “”ավանդը”” չէ, այլ ընդհանրապես Հայաստանում տարիներ շարունակ վարվող տնտեսական քաղաքականությունը և հասարակական-քաղաքական կյանքը ընդհանուր առմամբ: Դրա արդյունքը այն է, որ Հայաստանը համաշխարհային կյանքին առավելագույն ակտիվությամբ ներգրավված է միայն հանցավորության իմաստով և մեր երկիրը աստիճանաբար հենց այդ իմաստով էլ ճանաչում է ստանում աշխարհում: Իսկ ելույթները, որ մենք աշխարհին պետք է տանք ճանաչված դեմքեր, ականավոր գործիչներ, նորարարներ, տեխնոլոգիական հեղափոխության մարտիկներ, ընդամենը բախվում են իրականության դառը պատին, որովհետև աշխարհն առայժմ զբաղված է մեր տված հանցագործներին “”քաղելով””:
Ժամանակ. Հայկական հանցաշխարհ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ