ՄԱՐԶՊԵՏ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականի սեպտեմբերի 8-ից Գեղարքունիքի մարզի մարզպետ նշանակված Կարեն Սարգսյանը 2023 թվականին միանձնյա սեփականությամբ նոր հողամաս է ձեռք բերել Կոտայքի մարզի Ջրվերժ համայնքում, որի արժեքը կազմել է 12 մլն 500 հազար դրամ՝ գրեթե 32 հազար ԱՄՆ դոլար։
Նախկինում Հայաստանում որեւէ գույք չունեցող մարզպետը կառավարման 3 տարում 12,5 մլն դրամ արժողությամբ հողամաս է ձեռք բերել, ըստ ամենայնի, օգտագործելով մարզպետի իր հնարավորություններն ու կապերը (մանրամասները կպարզենք):
Կարեն Սարգսյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է նաեւ դեռ վաղեմի՝ 2013 թվականին Ռուսաստանի Դաշնությունում գնված բազմաբնակարան շենքում գտնվող 1 բնակարան։
Այս բնակարանի ձեռքբերումը համընկել է Սարգսյանի արտագնա աշխատանքի տարիներին՝ 2009-ից 2015 թվականներին, երբ նա էլ շարքային «խոպանչի» էր ՌԴ-ում ու չէր էլ հարկվում հավանաբար։
Նկատենք, որ ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող Կարեն Սարգսյանը 2016 թվականից մինչ օրս՝ գրեթե 8 տարի, այդպես էլ չի կարողանում ավարտել Մոսկվայի մարզային իրավունքի եւ կառավարման ինստիտուտի մենեջմենթի բաժինը, քանի որ, ըստ կենսագրության, մինչեւ այսօր սովորում է այնտեղ, եւ ինչպես ինքը կպարզաբաներ՝ մարզպետ լինելուն զուգահեռ չի կարողանում ավարտել այն. այս հարցերի պարզաբանման նպատակով արված «Ժողովուրդ» օրաթերթի հեռախոսազանգերին Սարգսյանը չպատասխանեց:
Նշենք՝ մարզպետ Կարեն Սարգսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 126 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 4 մլն 500 հազար դրամ։
Գեղարքունիքի մարզի նախկին «խոպանչի» մարզպետի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 976 հազար դրամ։
Կարեն Սարգսյանը Թռչուն Սարգսյանից նախորդ տարի ստացել է 700 հազար ռուբլի նվիրատվություն, որ համարժեք է 3 մլն եւ ավելի դրամի։
Ըստ մարզպետի կենսագրության՝ նախկին մարզական լրագրող Կարեն Սարգսյանն այսօր զբաղեցրած պաշտոնում ստանում է 13 մլն 952 հազար դրամ աշխատանքի վարձատրություն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի, ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնից հասկանում ենք, որ Կարեն Սարգսյանին պատկանող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 3 մլն 700 հազար ռուբլի՝ գրեթե 16 մլն դրամ։

Իշխանություններն այս օրերին, կարելի է ասել, տոնական տրամադրությունների մեջ են, քանի որ, ըստ նրանց, Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը վերջնականապես «մարած» է: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ թիմակիցների հետ Սյունիքի մարզի կիրակնօրյա հանդիպման ժամանակ ասել է, որ «Սրբազան շարժումը» իրենց համար արդեն սպառնալիք չէ, ամեն բան «կոնտրոլի» տակ է, ու, կարելի է ասել, շարժումը «պառակտել» են: Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանը շատ բարձր տրամադրություն ունի, թիմի անդամների հետ արդեն շատ սիրալիր է ու բոլորին ակնհայտ ցույց է տալիս, թե ամուր կանգնած է` իշխանությունը իրենց ձեռքից չեն կարող խլել: Իշխանականներն էլ մեզ հետ մասնավոր զրույցներում վստահեցնում են, որ իրենք մտահոգություններ այլեւս չունեն, քանի որ ակնհայտ է, որ փողոց մարդ դուրս չի գալու ու Բագրատ սրբազանը այդ մի քանի հազար հոգով ի վիճակի չէ իշխանափոխություն իրականացնելու: Իսկ Բագրատ սրբազանը հակառակն է պնդում ու նշում, որ իրենք նոր ծրագրեր ունեն, նոր թափ է հավաքում շարժումը, որի մասին էլ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա կխոսի:

Հուլիսի 4-ին կկայանա Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության՝ «ընդդեմ Երեւանի ավագանու որոշման» գործով դատական առաջին նիստը: Խոսքը ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու հարցով որոշման մասին է: Այսպիսով՝ դեռ փետրվարի 7-ին կայացած նիստում Երեւանի ավագանին որոշեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության 2 անդամներին՝ Նարինե Հայրապետյանին եւ Սոնա Աղեկյանին զրկել մանդատից: Ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու համար քաղաքային իշխանությունները հիմք էին վերցրել նախագծերի քվեարկություններին չմասնակցելը. մինչդեռ նրանք խմբով էին բոյկոտել նիստերը՝ իբրեւ դժգոհության արտահայտում: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտին հայտնել էր, որ «Մայր Հայստան» խմբակցությունը հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելու Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու որոշումը, իսկ Նարինե Հայրապետյանի մասով թղթաբանական խնդիրներ էին առաջացել, քանի որ վերջինս երկրում չէր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 4-ին կայանալու է այս գործով առաջին նիստը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ:

ՀՀ քննչական կոմիտեն թերեւս պետք է անվանափոխել՝ դարձնելով «ՀՀ քաղպայմանագիր կուսակցության կոորդինացիոն կենտրոն». ինչո՞ւ, քանի որ հերթական անգամ աչք է փակում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման վրա: Արգիշտի Քյարամյանն այդպես էլ չլսեց ու չտեսավ «ականջ ու լեզու կտրող» խուլիգանական վարքագծի հեղինակ, թմրանյութերի գործով անցած Արթուր Հովհաննիսյանի հանցանքները: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հաղորդումը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ ստուգման։ Ինչպես հայտնի է, «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ։ Արծվիկ Մինասյանը Armlur.am-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը։ Իսկ ինչ էր արել Արթուր Հովհաննիսյանը. մասնավորապես, նա մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից նշել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը իր՝ «կարմիր գծեր» անցնող հայտարարություններով ամեն ինչ անում է, որ եւս մեկ անգամ իր քթի վիրահատությանը «անդրադառնա»։ Բանն այն է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ, վնասվածք էր ստացել նաեւ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի քիթը վիրահատեցին։ Եվ ահա, ըստ էության, Արթուր Հովհաննիսյանը միգուցե իր այս հայտարարությամբ փորձել է հասկացնել Գեղամ Մանուկյանին, որ «կարմիր գիծը» չհատի, այլապես քիթը կրկին կկոտրեն ու ստիպված կլինի երկրորդ անգամ այն վիրահատելու:




Լրահոս