Արձակուրդի սեզոնի սկզբում «Կասպերսկի» ընկերությունը պատմում է այն մասին, թե ինչ գրոհներից պետք է զգուշանան հյուրանոցների աշխատակիցներն ու սեփականատերերը: Հաքեները փորձում են գողանալ հաշիվների տվյալները կամ համակարգիչները վարակել վնասաբեր ծրագրերով՝ էլեկտրոնային փոստով նմանակելով նախկին կամ հավանական հյուրերի առավել տիպիկ հարցումները կամ բողոքները: Հաշիվների գողացված տվյալները հետագայում կարող են օգտագործվել այլ խարդախ սխեմաներում կամ վաճառվել այլ չարագործների. դարքնետում նման մուտքանունների եւ գաղտնաբառերի բազաները պահանջարկ ունեն:
Ֆիշինգային նամակներ։ Որպես կանոն, նամակագրությունն ընթանում է երկու ուղղությամբ՝ ցանցահենները կամ բողոքում են, կամ ճշտում մանրամասները։ Գրոհողները կամ դժգոհում են մատուցված ծառայություններից կամ լրացուցիչ տեղեկություններ պահանջում հյուրանոցի ծառայությունների եւ դրանց արժեքի վերաբերյալ: Հարցման տարբերակները բազմաթիվ են, եւ յուրաքանչյուր հաղորդագրության թեման եւ տեքստը գրեթե միշտ եզակի է: Բացի հյուրանոց տեղափոխման, սննդի եւ գների վերաբերյալ սովորական հարցերից՝ կեղծ հյուրերին կարող են հետաքրքրել, օրինակ, երեխաների համար խաղասենյակի, հեռավար աշխատողների համար հանգիստ տարածքի, ազգային-պատմական ուղղվածության թեմատիկ սենյակի առկայությունը։ Ֆիշինգային նամակները կարող են պարունակել լուսանկարներ կամ տեսանյութեր: Նպատակը աշխատակիցներին դրդելն է, որ նրանք սեղմեն վնասաբեր ԾԱ պարունակող հղումները կամ բացեն այդպիսի պարունակությամբ կցված ֆայլերը։ Նման «առաքումները» կարող են գալ իբր ամրագրման հանրաճանաչ համակարգերից ծանուցումների ձեւաչափով, օգտատերերի ուշադրության չարժանացած մեկնաբանություններին պատասխանելու խնդրանքով:
Վնասաբեր նամակներ։ Ցանցահենները առավելապես օգտագործում են հղումներ դեպի վնասաբեր պարունակությամբ ֆայլեր, որոնք պահվում են ֆայլերի փոխանակման օրինական կայքերում: Ավելի հազվադեպ պատահում են հղումները քողարկելու տարբեր եղանակներ, օրինակ, կարճ URL-ներ: Հղումները կարող են լինել ինչպես նամակի տեքստում, այնպես էլ կցված, օրինակ, PDF փաստաթղթում: Եթե զոհն անցնում է հղումով եւ ներբեռնում ֆայլը կամ բացում կցված փաստաթուղթը, նրա սարքում կարող են հայտնվել տարատեսակ վնասաբեր ծրագրեր, որոնք, որպես կանոն, գաղտնաբառեր գողանալու գործառույթ ունեն: Փորձագետները գրանցել են այնպիսի սպառնալիքներ, ինչպիսիք են Xworm բեքդորը եւ RedLine ստիլերը:
Բազմափուլ մոտեցում։ Որոշ դեպքերում ցանցահեններն օգտագործում են մեթոդներ, որոնք ավելի շուտ բնորոշ են թիրախային գրոհներին. նրանք վնասաբեր հղումն ուղարկում են ոչ առաջին, ոչ էլ նույնիսկ երկրորդ նամակում։
Զոհի զգոնությունը քնեցնելու համար նրանք նամակագրության մեջ են մտնում՝ ուղարկելով մեկ, իսկ երբեմն էլ մի քանի կարճ «մաքուր» հաղորդագրություններ, որոնցում հարցեր են տալիս հյուրանոցում տեղավորման պայմանների վերաբերյալ, իսկ հետո՝ վնասաբեր ֆայլ ներբեռնելու հղմամբ նամակ։
«Նման սպառնալիքը բացահայտելու լրացուցիչ դժվարությունն այն է, որ գրոհողները չունեն գործարար նամակագրության համար համոզիչ հատուկ հասցե գրանցելու կարիք: Հյուրանոցների աշխատակիցները սովոր են ամեն օր էլեկտրոնային փոստի անվճար ծառայությունների միջոցով հյուրերից դիմումներ կամ բողոքներ ստանալ եւ արագ արձագանքել դրանց: Սա մեծացնում է նման ծուղակի մեջ ընկնելու հավանականությունը»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության սպամի վերլուծաբան Աննա Լազարիչեւան:
«Կասպերսկի»-ն բիզնեսներին խորհուրդ է տալիս աշխատակիցներին սովորեցնել կիբեռանվտանգության հիմունքները, օրինակ, ֆիշինգային գրոհների նմանակում իրականացնել, որպեսզի նրանք կարողանան տարբերակել կեղծ էլեկտրոնային նամակները։ Պետք է օգտագործել փոստային սերվերների անվտանգության՝ ֆիշինգից պաշտպանության գործառույթով լուծումներ, օրինակ, Kaspersky Security փոստային սերվերների համար։ Բացի այդ, խորհուրդ է տրվում տեղադրել լուծումներ, որոնք ապահովում են համալիր պաշտպանություն ֆայլային, փոստային, ցանցային եւ վեբ սպառնալիքներից, օրինակ, Kaspersky Security բիզնեսի համար կամ Kaspersky Endpoint Security Cloud:
ԵՂԱՆԱԿԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՍԱՐՔԵՐ
Հայաստանի գյուղական համայնքներում կտեղադրվեն 26 IoT (բանացանց) կլիմայական սարքեր, որոնք կհավաքագրեն կլիմայական տվյալներ, որոնք օգտակար կլինեն եղանակային ճգնաժամերի հետազոտության, կանխարգելման եւ կանխատեսման, ինչպես նաեւ տեղի կլիմայական օրինաչափությունների վերլուծության համար:
Այս նախագիծն իրականացվում է «Թումո լաբեր»-ի Կլիմայական ցանց նախաձեռնության կողմից: Թումո լաբերը ինժեներություն եւ տեխնոլոգիաներ անվճար ուսուցանող կրթական կենտրոն է` նախատեսված 18-ից բարձր անձանց համար:
IoT սարքերը տեղադրվում են «Թումո» տուփերի (փոքր «Թումո» կենտրոններ են կառուցված վերամշակված կոնտեյներներից) վրա, որոնք փոքր համայնքներում ծառայում են որպես «Թումո» արբանյակներ: Այս սարքերն արդեն տեղադրվել են հինգ Թումո տուփերի վրա` Արթիկում, Մարալիկում, Ազատանում, Փանիկում եւ Վազգեն Սարգսյանի համալսարանում:
IoT կլիմայական սարքերը ստեղծած եւ տեղադրած «Թումո լաբեր»-ի ուսանողներն անցել են հատուկ թրեյնինգ, որի ընթացքում սովորել են մշակել սարքային եւ ծրագրային ապահովում այս սարքերի համար: IoT սարքերը չափում են ջերմաստիճանը, խոնավությունը եւ ճնշումը, օդի որակը, արագությունը, ուղղությունը, անձրեւը, լույսի ուժգնությունը ու սպեկտրային տեղեկատվությունը: Այս տվյալները կլիմայական ցանցի կայքում (climatenet.am) բաց են բոլորի համար, ովքեր ցանկանում են օգտագործել եւ վերլուծել դրանք: Հավաքագրված տվյալները կարող են օգնել կանխատեսել եղանակային խիստ պայմանները եւ նվազեցնել դրանց կողմից առաջացրած վնասները: Ապագայում «Թումո լաբեր»-ում ուսանողները կարող են օգտագործել այս տվյալները տարբեր տեսակների եղանակային քարտեզներ ստեղծելու համար:
ՄԵԾ ՀԱՏՈՒՄՆԵՐ՝ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ
«Ֆեյսբուք» սոցկայքի «Դիլիջանցիք» խմբում տեղադրված են ավտոմեքենային բարձած, գետնին թափված եւ կտրտված, մանրացված վառելափայտի լուսանկարներ, դրան կից գրված են փայտը վաճառող դիլիջանցու հեռախոսահամարները։ Լուսանկարներում պատկերված վառելափայտը հաստաբուն հաճարենիներից, թաց կանգուն ծառերից է հատված։ Այդ վառելափայտի խորանարդ մետրը Դիլիջան քաղաքում 20 հազար դրամով է վաճառվում։ «Դիլիջան» ազգային պարկը բնության հատուկ պահպանվող տարածք է, այնտեղ հատումներն օրենքով արգելված են, սակայն իրականում ազգային պարկում այնքան շատ հատումներ են արել, որ պարկը զբոսայգու է նմանվում։ Դիլիջան համայնքի բնակիչները հայտնեցին, որ ներկայումս Հաղարծին գյուղից դեպի Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհ են սարքում, ու նորակառույց ավտոճանապարհի եզրերի բոլոր ծառերը հատել են. դրանք տարածքից արագ հեռացրել են, որպեսզի որպես վառելափայտ՝ ծախեն։
ՄԱՐԶՊԵՏԸ ԽՈՒՍԱՓԵԼ Է ՀԱՐՑԻՑ
Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նախկինում Կիրանցի բնակիչներին համոզում էր համաձայնել սահմանազատման անվան տակ Կիրանցից Ադրբեջանին տներ, տարածքներ եւ Կիրանցի կամուրջը հանձնելու գործընթացին, համոզում էր բացել՝ ի նշան բողոքի գյուղացիների կողմից Կիրանցում փակած միջպետական ավտոճանապարհը։ Մարզպետ Հայկ Ղալումյանին հետեւյալ հարցապնդումն ենք արել. «սահմանազատման աշխատանքները Կիրանցում ավարտվել են, Կիրանցի նորակառույց դպրոցի շենքը ուղիղ գծով քանի՞ մետր հեռավորության վրա է գտնվելու ադրբեջանցի սահմանապահներից»։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «Հարցի վերաբերյալ առաջարկում ենք դիմել պետական լիազորված մարմին»: Մարզպետը պարտավոր էր հայտնել, թե այդ հարցով ո՞րն է պետական լիազորված մարմինը։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները, այդ թվում՝ Կիրանցի հիմնական դպրոցը, Տավուշի մարզպետարանի անմիջական ենթակայութամբ են գործում։
ԲԱՆՈՒԳՈՐԾ ՉՈՒՆԵՆ, ՀՈՂ ԵՆ ԾԱԽՈՒՄ
Հունիսի 10-ին կայացավ Դիլիջան խոշորացված համայնքի ավագանու հերթական նիստ։ Նիստի բոլոր հարցերի վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։ Օրակարգում հիմնականում Դիլիջան քաղաքում հասարակական կառուցապատման նշանակության հողերի օտարման հարցերն էին, օրակարգի 13 հարցերից 10-ը վերաբերվում էին հողամասերի օտարմանը։ Դիլիջան համայնքի հողերը, կասկածելի աճուրդներով, շուկայականից ցածր գներով օտարվում են, որի հետեւանքով՝ համայնքի բյուջե չեն մտնում հարյուրավոր միլիոն դրամներ։ Այդ մեծ փողերով Դիլիջան քաղաքում եւ համայնքի 6 գյուղերում օգտակար մեծ աշխատանքներ կարող էին կատարվել։