Հուլիսի 1-ին՝ ժամը 19:00-ին, Իգիթյանի անվան գեղագիտության կենտրոնում (Աբովյան 13) կկայանա նկարիչ, քանդակագործ Գագիկ Սարկիսյանի՝ SarGiz-ի անհատական ցուցահանդեսի պաշտոնական բացումը։
Ցուցահանդեսի ընթացքում արվեստասերները հնարավորություն կունենան դիտել երջանկահիշատակ արվեստագետի մի քանի տասնյակ աշխատանքներ, որոնց շնորհիվ պատկերացում կկազմեն SarGiz-ի թողած հարուստ ժառանգության մասին։ Իրադարձության նախաձեռնությունը Սարկիսյանի ընտանիքինն է։
Ցուցահանդեսի մուտքն ազատ է։ Այն կտեւի մինչեւ հուլիսի 4-ը։
«Արվեստը կրում է ժամանակի բոլոր շերտերի կարեւորությունը, բոլոր ժամանակների մշակութային կապը, մեկը մյուսին լրացնելու կարեւորությունը, ինչպես նաեւ, մեկը մյուսին ժխտելու անսպասելիությունը։
Արծաթը, պղնձի զարդանախշերը ստանում էին պատկերների մի նոր մեկնաբանություն, ստեղծելով կոմպոզիցիաների ներդաշնակ համայնապատկեր: Գույնը, գիծը, թափանցիկ միջնադարյան հայացքները, մաշված որմնանկարների ոսկեպատ – լույսը շշնջում են Աստծո խորհուրդների գանձարանում, պատկերները ստանում են մի նոր երանգ, կարեւորություն հաղորդելով արվեստին: Եթե արվեստը մարդու հոգու հայելին է, ապա Գագիկի ստեղծած արվեստում մենք մասնակցում ենք նրա անսահման սիրո զգացմունքների արտահայտմանը, որոնք կմնան իբրեւ արվեստի գլուխգործոցներ իր ժամանակի ու ժամանակից դուրս տիեզերական լռության ներքո…», – Գագիկ Սարկիսյանի մասին նշում է նրա ընկեր, նկարիչ Արմեն Խոջոյանը։
«Ապշեցուցիչ էր արհեստի ցանկացած տեսակում նրա աշխատելու կարողությունը։ Բայց ավելի զարմանալի էր, երբ նրա արհեստը օգնության էր հասնում արվեստին: Թերթավոր պղնձից թեթեւ, մի շնչով արված անհավանական բարդության քանդակները, իդեալական ըստ մտահղացման եւ իրականացման: «Տրոյական նժույգը» հիասքանչ եւ բացառիկ կոմպոզիցիան ապշեցնում է իր բացարձակ գեղագիտությամբ: Հիանալի են կենդանիների պղնձե քանդակները` ցլի, խոյի, քարայծի: Տարօրինակ եւ արտասովոր է «Խաղաղաբերը» քանդակը։ Կոլաժները։ Դա նույնպես «Մեծ մարդու» գործ է։ Կիրառել հինավուրց առարկաները, կահ-կարասին, փայտի ճաքերով կտորները, պղնձե թասերն ու գավերը, եւ այդ իրենց դարն ապրած առարկաներից ժամանակակից, կենսաշունչ եւ արդեն ժամանակային շրջանակներից դուրս ինչ-որ բան արարելը` ահա եւս մի նվաճված նպատակ, եւս մի գրավված ուղի։ Գեղանկարչությունը։ Բազում մտքեր, իրականացված տարակերպ կտավներում՝ գունավոր Բուդդաները եւ ցնորական բնանկարները: Իր թոռների քնքուշ եւ զարմանալիորեն գորովալից խմբանկարը։ Թեթեւություն եւ բարդություն, գաղտնիք եւ ցանկացած հայացքի համար բաց գաղափար ահա անհամատեղելիի համատեղումը նրա նկարներում»,-այսպես է բնութագրում SarGiz-ի արվեստը նկարիչ Աննա Ադիյանը։
Նշենք, որ Գագիկ Սարկիսյանը ծնվել է 1957 թ.։ 1979 թ. ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1984-1992 թթ. աշխատել է Հնությունների վերականգման կոմիտեում, որպես փայտամշակման արվեստանոցի ղեկավար: Աշխատանքներ է իրականացրել Երեւանում, Աշտարակում, մասնակցել է Հառիճի եկեղեցու ձեւավորմանը։ 1993 թ. հրավիրվում է Մոսկվա «Ուսադյբա Վալուեվա» վերականգման աշխատանքների մասնակցելու: 2000 թ.-ից մասնակցում է Սանկտ-Պետերբուրգում հայ նկարիչների ցուցահանդեսներին: 2005 թ.-ից սկսած մասնակցում է Մոսկվայում «Արտմանեժ» ցուցահանդեսին: 2006 թ.-ից մասնակցում է ՌԴ պատմության թանգարանում Հ. Իգիթյանի կազմակերպած ցուցահանդեսին: 2021 թ. հրավիրվում է «Մաչանենց» միջազգային սիմպոզիումին: Մահացել է 2023 թվականին։
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի շրջանակում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մի վիշապաքարի պատմություն» խորագրով ցուցադրություն։
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը: Նրա գնահատմամբ՝ 2022 թ.-ից իրականացվող «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագիրը Հայաստանում հնագիտությամբ հետաքրքրվողների եւ սիրահարների համար հաջողված նախագիծ է:
Մ.թ.ա. III-I հազարամյակով թվագրվող վիշապքարը գտնվում է «Մեծամոր»-ի թանգարանի բակում: Այն հայտնաբերվել է Լճաշեն գյուղի տարածքում: Վիշապաքարի հայտնաբերման պատմությունը ներկայացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտավազդ Զաքյանը: Ըստ նրա՝ վիշապաքարը գտնվել է Լճաշեն գյուղից 2,5 կմ հարավ-արեւմուտք՝ «Համալիր տարածք» կոչվող գոգավոր տեղանքից 1980 թ. ջրատար խողովակներ տեղափոխելիս, եւ հետազոտվելուց հետո բերվել է «Մեծամոր» թանգարան:
Հայկական լեռնաշխարհին հատուկ են վիշապաքարերը, որոնց բարձրությունը հասնում է մինչեւ 5 մետրի. դրանք ունեն ձկան կամ ցլի տեսք, հանդիպում են նաեւ օձի, արագիլի տեսք ունեցողները։
Վիշապաքարերը գտնվել են հիմնականում լեռների բարձր գագաթներին, աղբյուրների, լճերի եւ ջրամբարների մոտ: Վիշապաքարերը մեծ հետաքրքրություն են առաջացնում, ոչ միայն Հայաստանում այլեւ միջազգային հնագիտության մեջ։
Հնադարյան հուշակոթողների ծիսապաշտամունքային նշանակությունը, վիշապաքար բառի ստուգաբանությունը եւ տեսակները ներկաներին ծանոթացրել է հնագետ /պ.գ.դ.պ/ Աշոտ Փիլիպոսյանը։
Լճաշենի դամբարանի գտածոների, վիշապաքարերի նմուշներով ցուցադրությունը բաց կլինի մինչեւ սեպտեմբեր։
«Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը Հայաստանում անցկացվել է հունիսի 14-16-ը ՀՀ հնագիտական վայրերում, թանգարաններում, արգելոց-թանգարաններում եւ այլ տեղերում:
ՄԲԱՊԵՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՌԱՋԻԿԱ ԽԱՂԵՐԻՆ
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեն հնարավոր է բաց թողնի Եվրո-2024-ի խմբային փուլի մյուս հանդիպումները:
Այս մասին գրում է Le Figaro-ն: Մբապեն չի մասնակցի խմբային փուլի առաջիկա երկու հանդիպումներին Ֆրանսիայի ընտրանու մեկնարկային` Ավստրիայի դեմ խաղում ստացած քթի վնասվածքի պատճառով:
Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին խաղում Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Ավստրիային: Խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականը կխաղա Նիդեռլանդների եւ Լեհաստանի հավաքականների հետ:
Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի հանդիպումները կմեկնարկեն հունիսի 29-ից:
ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ
Հայազգի գործարար եւ մարզիկ Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ։ Այս մասին հայտնի է դարձել Օդեսայի հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած հրապարակումից:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի շրջանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ: Շնորհավորում ենք Վանիկ Երանոսյանին այս կարեւոր իրադարձության կապակցությամբ եւ մաղթում հաջողություն նոր պաշտոնում։ Նրա բազմամյա փորձն ու սպորտին նվիրվածությունը կդառնա Ուկրաինայում հունահռոմեական ոճի ըմբշամարտի հետագա զարգացման բանալին»:
ՈՎՔԵՐ ԿԼԻՆԵՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է ֆուտբոլի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը:
Հայաստանի առաջնության փոխչեմպիոն Երուանի «Նոա»-ի մրցակիցը որակավորման փուլում կլինի Հյուսիսային Մակեդոնիայից «Շկենդիա»-ն:
Երեւանի «Ուրարտու»-ի մրցակիցը որակավորման առաջին փուլում կլինի էստոնական «Կալեւ Տալին»-ը:
Հանդիպումների ժամանակացույցը դեռեւս հայտնի չէ:
ՉԼ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ
Կայացել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը: «Փյունիկի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կլինի Մինսկի «Դինամոն»: Առաջին հանդիպումը «Փյունիկ»-ի համար լինելու է արտագնա ու կայանալու է հուլիսի 9-ին կամ 10-ին, պատասխան խաղը՝ տնային՝ ամսի 16-ին կամ 17-ին: