Բազմիցս անդրադարձել ենք ծխախոտի շուկայում տիրող իրավիճակին ու փոխանցել քաղաքացիներից ու ուժային կառույցների աղբյուրներից եկող մտահոգությունները կապված ծխախոտի անօրինական շրջանառության փաստերի հետ: Պետք է արձանագրել, որ հրապարակումներից հետո ՊԵԿ-ն ու ոստիկանությունը հիմնականում արձագանքել են, ու իրականացվել են ձերբակալություններ, ստուգումներ: Ցավոք, իրավիճակը հեռու է բավարար լինելուց՝ շարունակում ենք ստանալ տեղեկություններ շուկայում անօրինական շրջանառության փաստերի վերաբերյալ: Վերոնշյալ սպիտակ տուփերով ծխախոտի շրջանառությունը շարունակում է տեղի ունենալ, ու վաճառքները հիմնականում կատարվում են օնլայն հարթակների միջոցով, իսկ մարզերում՝ տանից տուն գնալով։ Տեղադրվում են հայտարարություններ վաճառքի մասին, դեպքեր են արձանագրվում նաեւ արտասահմանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի ներմուծման, ապա դրանք, հիմնականում, խոշոր քաղաքներից ու խոշոր խանութներից հեռու վաճառելու մասին: Մեր անդրադարձներից հետո արդարադատության նախարարությունից, տեսչությունից ու համապատասխան գերատեսչություններից մեզ հետ կապվեցին պետպաշտոնյաներ ու նշեցին, որ հարցի լուծումը հնարավոր է, եթե կիրառվի այս տարվանից ուժի մեջ մտած օրենսդրական կարգավորումը, որով պարտադիր է արտադրվող ու ներմուծվող ծխախոտի տուփի վրա՝ ծխելու հետեւանքով առաջացող հիվանդությունների սարսափեցնող նկարների տպագրումը, այն հնարավորություն կտա արագ տարբերել, թե որն է մաքսանենգ կամ անօրինական շրջանառվող ապրանքը, որը՝ օրինական: Մեր այն հարցին, թե ինչու օրենսդրական այդ պահանջը չի կատարվում, կամ գրեթե չի կատարվում, պատասխանեցին, որ արտադրողների ու ներմուծողների գերակշիռ մասը ներկայացնում են, իբրեւ թե շուկայում շրջանառվում է մինչեւ 2024թ.-ի հունվար ամիսը ներմուծված ու արտադրված ծխախոտ, նման պահանջ էլ արտադրման ու ներմուծման պահին չի եղել, իսկ մեր աղբյուները պնդում են՝ դա բերում է նրան, որ ապօրինի վաճառքը շարունակում է զարգանալ։ Սպասենք, թե երբ շուկայում կլինեն ամբողջությամբ «նկարներով» տուփեր։
Ստացվում է, որ պետությունը ստանձնում է պարտավորություններ, որոնք կա՛մ չի կարողանում իրացնել, կա՛մ դրանց հետեւանքով շուկան ողողվում է անօրինական արտադրությամբ: Իսկ սոցիալապես վատ պայմաններում բնակվող մեր քաղաքացիների համար, բնականաբար, նախընտրելի է էժան ծխախոտը: Կարճ ասած՝ պետությունը, կարծես թե, ի վիճակի չէ կարգավորված ու օրինական պայմաններ ապահովել: Պետության անկարողության մասին մենք փորձեցինք զրուցել առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ, սակայն նա որեւէ կերպ չարձագանքեց մեր զանգերին։
Երեւանի ավագանին առաջիկա նիստում կքննարկի քաղաքի որոշ հատվածներում մշակութային գործունեության իրականացումը սահմանափակելու մասին որոշման նախագիծը. ու դա ավագանու՝ հունիսի 25-ի նիստում ընդգրկված միակ զեկուցվող հարցն է, մնացած 17 հարցերը չզեկուցվող են: Նախագծով, մասնավորապես, Երեւանի որոշ հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության իրականացումը, ասել է թե՝ թափառաշրջիկ երաժիշտներին հեռացնում են Երեւանի կենտրոնից: «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքապետարանի կայքէջում հրապարակված նախագծից տեղեկացավ, որ շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության իրականացումը կարգելվի Երեւան քաղաքի հետեւյալ տարածքներում՝ Հանրապետության հրապարակ եւ դրան հարակից 100 մետր շառավղով տարածք, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածք, Հյուսիսային պողոտա եւ դրան հարակից 100 մետր շառավղով տարածք: Մեզ հետ զրույցում ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասաց, որ նախագիծն առաջիկայում կքննարկվի հանձնաժողովում, հնարավոր է՝ որոշակի փոփոխությունների ենթարկվի մինչեւ ավագանու նիստի օրակարգ մտնելը. «Կարող է առաջարկներ լինեն, ու ըստ այդմ՝ նաեւ որոշակի փոփոխություններ, բայց ընդհանուր առմամբ մեր դիրքորոշումն այն է, որ խնդիրը լուծվի», – ասաց նա:
Հոգեբանները ներխուժել են դատական համակարգ. ՀՀ դատական դեպարտամենտը մեկ տարում 10 պայմանագիր է կնքել հոգեբանի ծառայությունների ձեռքբերման համար։ Պայմանագրերը կնքված են՝ դատական նիստերին ներգրավված հոգեբանների ծառայություններ ձեռք բերելու համար։ ՀՀ Դատական օրենսգրքի «Դատական իշխանությունների եւ գործունեության հիմունքները» բաժնում առկա գլուխ 16-ի՝ առաջին ատյանի դատարանների դատավորների եւ դատարանի նախագահների նշանակման կարգի 108-րդ «Հարցազրույցի անցկացում» հոդվածում է միայն հիշատակվում հոգեբան բառը, այն է՝ թեկնածուի հարցազրույցն անցկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, որին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաեւ հոգեբան: Այսինքն՝ հոգեբանի այցելությունը ո՛չ օրենքով է սահմանված, ո՛չ պարտադիր է։ Դատական դեպարտամենտի գնումների ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ հոգեբանի ծառայությունները ներգրավված են այն գործերում, որոնցում առկա է անչափահաս անձի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցություն։ Գործերի հիմնական բնույթը քրեական է։ Որպես օրինակ՝ դիտարկենք մեկ քրեական գործ. քանի որ առկա է անչափահասի անմիջական մասնակցություն եւ կապված է խորթ հոր կողմից դաժան բռնության դեպքերի հետ, հոգեբանի ծառայությունները՝ ճնշված եւ տուժող ճանաչված անձի մասնակցությամբ դատական նիստի դեպքում անհրաժեշտ են. եւ այս դեպքում ներառվում է հոգեբանը։ շենք, որ կնքված գնումների դրամային սահմանը հատում է 300 հազար դրամի շեմը։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից կիրառված լուսաձայնային նռնակների ու տեղի ունեցած բախումների առիթով հարուցված քրեական վարույթով հերթը հասել է մի շարք լրատվամիջոցների տուժած լրագրողների եւ օպերատորների հարցաքննությանը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ կապ ունեն շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ, ում հորդորով կամ շահագրգռությամբ են գնացել Բաղրամյան պողոտա, արդյոք հեռախոսազրույց ունեցել են շարժման առաջնորդի հետ։ Հարցաքննված լրատվամիջոցների ներկայացուցիչները քննիչների խաչաձեւ, բայց նույնաբովանդակ հարցերին պատասխանել են, որ գնացել են իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելու, ինչը անում են բոլոր դեպքերում ու իրավիճակներում՝ անկախ առաջնորդի ով լինելուց, քանի որ դա իրադարձություն է երկրում, իսկ ԶԼՄ-ներն էլ լուսաբանում են տեղի ունենալիքը։ Հիշեցնենք, որ տուժած քաղաքացիներին հարցաքննելիս էլ օրենքի պահապանները ոչ թե նրանց հետ կատարվածի մեղավորներին՝ ասել է թե՝ ոստիկաններին պատժելու եւ քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքներն են պաշտպանում, այլ քաղաքացիներին հանրահավաքի հրավիրողների կամ կազմակերպողների դեմ ցուցմունքներ կորզելու համար են հարցաքննում: Հավելենք, որ այս պատկերին զուգահեռ իրավապահները ակտիվ գործընթաց են սկսել եւ «քաղաքական հրահանգի արդյունքում» կալանավորում են «Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակիցներին»։ Ապրիլից մինչեւ օրս տեղի ունեցած ակցիաներին մասնակցության համար պաշտոնապես կալանավորված է 29 քաղաքացի, բայց գործը այսքանով չի ավարտվի. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նոր կալանավորումներ եւս կլինեն: