Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ բռնի տեղահանված արցախցիների 2023 թ. սեպտեմբեր ամսվա զինվորական եւ քաղաքացիական թոշակները չեն բաժանվել:
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով մի քանի հարց է ուղղել Սեյրան Հայրապետյանին:
-Պարո՛ն Հայրապետյան, Ձեր գրառման հետքերով՝ կխնդրեմ մի փոքր մանրամասնեք՝ ինչի մասին է խոսքը, եւ որտեղից նման ահազանգ ունեք, որ արցախցիների թոշակները չեն բաժանվել:
-Ես հավաստի տեղեկություններ ունեմ, որ սեպտեմբեր ամսվա թոշակները համապատասխան կարգով դուրս են գրվել, որից հետո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, եւ այդ գումարները համապատասխան շրջաններ հասցնել հետը կապված խնդիրեր կային, ում կարողացել, այդ գումարը տվել են՝ քարտային փոխանցումով, իսկ այն գումարները, որոնք առձեռն պետք է վերցվեին՝ փոստատարի միջոցով, արցախցիները չեն ստացել:
Այս հարցով մենք փորձել ենք Արցախի կառավարության հետ ճշտումներ անել, ցուցակ ճշտել, ամեն անգամ վստահեցրել են, որ ընթացքի մեջ է, այսինքն՝ գումարը չի կորչել, գտնվում է համապատասխան բալանսում, այն ինչ չի տրվել, վերադարձվելու է: Վերջին անգամ երբ ճշտել ենք, Արցախի կառավարությունից մեզ հայտնել են, որ Հայաստանի կառավարությունը սառեցրել է բոլոր միջոցները, եւ չեն կարող գումարը հատկացնել քաղաքացիներին:
Արցախի կառավարությունը ներկայացրել է, որ քաղաքացիների ցուցակները լրիվությամբ կան, ներկայացվել են ՀՀ համապատասխան նախարարություններ, բայց քանի որ գումարները սառեցված են, նրանք չեն ստանում:
-Իսկ ի՞նչ են պատճառաբանել՝ ինչո՞ւ են թոշակները սառեցվել:
-Մի կողմը պատճառաբանում է, որ սեպտեմբերի թոշակները հատկացրել են, մյուս կողմն էլ պատճառաբանում է՝ քանի որ տեխնիկական պատճառներով գումարը չեն կարողացել փոխանցել, դրանք մնում են բալանսում, այսինքն՝ սառեցված են: Մենք սպասելու ենք ՀՀ համապատասխան մարմինների արձագանքին, եթե տվյալ հարցը լուծում չստանա, մենք հաղորդում ենք տալու հանցագործության մասին:
-Կխնդրեմ նաեւ նշեք, թե քանի քաղաքացի չեն ստացել թոշակները, ընդհանուր որքան գումարի մասին է խոսքը:
-Հստակ գիտենք, որ որոշ մարդիկ չեն ստացել, կարող է՝ տասնյակ, կարող է՝ հարյուրավոր, դա արդեն հարցի մյուս կողմն է:
Գումարն ընդհանուր չեմ կարող ասել, բայց եթե խոսքը քաղաքացիական թոշակի մասին է, ապա մեկ անձին՝ 35-ից մինչեւ 78 հազար դրամ է հասնում, իսկ զինվորական թոշակները տարբեր են: Ակնկալիք է եղել, որ մարդկանց ցուցակները վերցրել են, որ հարցին վերջնական լուծում տրվի, բայց ոչինչ էլ չի արվել:
«ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ՉՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»
«Ի՞նչ են ուզում, ԵՄ մուտքն ինչպե՞ս են ուզում ներկայացնել, ժողովրդին ասելու են՝ այս գործընթացին համաձայնեցիք՝ ազատ վիզա եք ստանալու»։ Այս մասին՝ հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«ԵՄ-ին անդամագրվելն այս պահին անիրատեսական է խորքային եւ գործընթացների իմաստով։ Միգուցե ինչ-որ ժամանակ հնարավոր լինի, բայց դա չափազանց ծանր, դժվար, պահանջներով գործընթաց է։ ԵՄ մուտքը ինչպե՞ս են ուզում ներկայացնել։ Ժողովրդին ասելու են՝ այս գործընթացին համաձայնեցիք՝ ազատ վիզա եք ստանալու Եվրոպա գնալ-գալու համար», – ասաց նա։
Նրա խոսքով՝ Եվրոպա ազատ ելումուտի անվան տակ խաբելու են ժողովրդին, փորձելու են իրականացնել Սահմանադրության փոփոխություն, անկախության հռչակագրից հրաժարում եւ այլն։
Սրբազանը, անդրադառնալով սահմանազատման եւ բանակցությունների հարցերին, նշել է. «Ես դեմ եմ, որ մենք գնանք ինչ-որ երկրների դեսպանատների առջեւ թախանձագին պիկետներ անենք, խնդրենք, որ դատապարտեն. բայց եթե շարժման մասնակիցները ցանկանան, որ այդպես լինի, այդպես կլինի: Ուրիշ միջոցներ էլ կան դրան հասնելու: Ես անձնապես կողմ չեմ նման քայլերի: Մենք երկիր ունենք, մեր հարցերը պետք է ներսում լուծենք:
Ինչ մնում է իրենց վերաբերմունքին, իմ ասածը արդարության մասին է: Ի՞նչ երես ունեն իրենք… Երկակի ստանդարտները աշխարհում հայտնի են, մեր կյանքում էլ նույնն է: Մենք ոչ մեկից ոչ թախանձելու, ոչ խնդրելու բան ունենք, մենք պահանջելու բան ունենք»,- ասաց նա:
Հարցին՝ իր իշխանության գալու դեպքում ինչպե՞ս է խաղաղություն բերելու, կասեցնելո՞ւ է սահմանազատում, թե՞ ոչ, արդյոք այլ օրակա՞րգ է առաջ բերելու, Սրբազանը պատասխանեց. «Ես մի քանի անգամ ներկայացրել եմ այդ օրակարգը: Մենք ենք խաղաղություն բերողը, այս մարդը պատերազմ բերողն է եւ այն շարունակողն է: Եթե անարդարության հիմքով է մի բանը տեղի ունենում, դա նորից պայթելու է: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ Կիրանցի ժողովուրդը այդ արհավիրքի մեջ ապրի տարիներ: Մենք երկարաժամկետ, կայուն խաղաղություն բերողն ենք: Այսօրվա մեր ունեցած գործիքակազմը իրական բանակցություններն են, ոչ թե հարկադրանքի տակ բանակցությունները: Մենք պետք է այդ բանակցային սեղանի շուրջ թելադրենք մեր պայմանները: Դրանցից առաջինը մեր ռազմագերիների վերադարձի պայմանն է, արցախցիների վերադարձի իրավունքն է, երրորդը՝ սահմանազատում անելուց առաջ հասնել նրան, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը կնքվի, նոր սկսվեն մնացած գործընթացները: Սահմանազատումը պետք է տեղի ունենա փաթեթով, համապատասխան, կոորդինատներով, սահմանագծումներով, սահմանազատումների նշումներով, համապատասխան քարտեզներով», – նշել է Բագրատ Սրբազանը:
ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐԻՑ
Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ կապված ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարության եւ այն լուրերի հետ, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել Հայաստանի հետ զենքի մատակարարման վերաբերյալ բանակցություններից։
Զախարովան կոչ է արել ռազմական արտադրանքի մատակարարման հարցերով դիմել համապատասխան բաժիններին։ «Զենքի եւ ռազմական տեխնիկայի առանձին տեսակների նկատմամբ առկա սահմանափակումները վերաբերում են ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ մեր մյուս գործընկերների հետ ռազմատեխնիկական համագործակցությանը։ Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներին, մենք դրանցից չենք հրաժարվում, դրանք կանոնավոր կերպով են ընթանում», – ասել է Զախարովան։
«ՄԱՐՏԻ 1»-Ը ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
««Մարտի 1»-ը ողբերգություն է բոլոր առումներով, այն լիարժեք բացահայտելու հնարավորություն ուներ այս իշխանությունը վեց տարվա ընթացքում, հետեւաբար, երբ իրենք կբացահայտեն, գնահատական կտան, ես էլ ինձ իրավունք կվերապահեմ գնահատական տալու». – այս մասին երեկ՝ հունիսի 19-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, նշեց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ժամանակին գնահատական չի հնչեցրել «Մարտի 1»-ի վերաբերյալ, երբ հիմա հունիսի 12-ի իրադարձությունները համեմատում է այդ օրվա հետ։
Բագրատ Սրբազանը նաեւ ասաց, «Մարտի 1»-ի հետ համեմատությունը զուտ անձի պատճառով է եղել։
«Այդ մարդն ի՞նչ էր ասում «Մարտի 1»-ին՝ հոգին փառավորվում էր, քաղաքացիներին հրահրում էր, որ ոստիկաններին ջարդեն, երկաթներ վերցնեն, ինքնպաշտպանվեն։ Ես համեմատել եմ այդ դրվագը այս դրվագի հետ:
Ես այն մարդը չեմ, որ «Մարտի 1»-ի քաղաքական գնահատական տամ։ Դատարան կա, վեց տարի դատարանն իրենց ձեռքում է, բոլոր հնարավոր տարբերակներով՝ ԱԱԾ, փաստաթղթեր, ամեն ինչ իրենց ձեռքում է, թող բացահայտեն», – նշեց Բագրատ Սրբազանը։
Նա ասաց, որ «Մարտի 1»-ը Հայաստանի պատմության ամենասեւ էջերից մեկն է։