ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկություն չունի՝ հայ-ադրբեջանական բանակցություններում շոշափվո՞ւմ է արդյոք օկուպացված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանական բանտում գտնվելու եւ այնտեղ խոշտանգումների ենթարկվելու հարցը։
«Ես չեմ տեսել՝ հայ-ադրբեջանական շփումների ժամանակ բարձրացվո՞ւմ է ՌԴ քաղաքացի չհանդիսացող Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանական բանտում գտնվելու հարցը։ Եթե տեղեկատվություն տրամադրեք, ինձ համար նույնպես հետաքրքիր եւ օգտակար կլինի իմանալ այդ մասին», – ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Զախարովան։
Նա եւս մեկ անգամ հիշեցրել է, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, դա արել է բացահայտ, ուստի նման հարց պետք է ուղղել Բաքվին եւ Երեւանին։
2023 թվականի սեպտեմբերից Վարդանյանն ապօրինաբար կալանքի տակ է գտնվում Բաքվի բանտում։ Այս տարվա ապրիլին նա հացադուլ էր հայտարարել։ Օրերս Վարդանյանի ընտանիքը հայտարարել էր, որ նա խոշտանգումների է ենթարկվել պատժախցում եւ այդ կապակցությամբ հրատապ դիմում է ուղարկել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին։
Ռուսաստանցի միլիարդատեր, ներդրող եւ բարերար Ռուբեն Վարդանյանը 2021 թվականի հունիսին հայտարարել էր, որ ստացել է Հայաստանի քաղաքացիություն եւ մտադիր է զբաղվել հասարակական գործունեությամբ։ 2022 թվականի սեպտեմբերին նա հայտարարել էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին (այդ խնդրանքը բավարարել էր ՌԴ նախագահը նույն թվականի դեկտեմբերին) եւ մշտական բնակության է տեղափոխվել Արցախ։ Նոյեմբերի սկզբին նա դարձել էր Արցախի Հանրապետության պետնախարար՝ թողնելով այդ պաշտոնը 3,5 ամիս անց (2023 թվականի փետրվարին)։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցող Էլիս Էդվարդսին:
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը եւ միջազգային փաստաբանը տեղեկացել են, որ 2024 թվականի ապրիլին հայտարարված հացադուլի ժամանակ Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, զրկել են խմելու ջրի հասանելիությունից, քնելու եւ արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից։ Տեղեկություն չկա, թե որքան ուժեղ են եղել այդ ամենի արդյունքում նրան հասցված հոգեբանական եւ ֆիզիկական վնասները։
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել էր Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ.
«Այդ հայտարարությունը արդեն իսկ պարունակում է դրսեւորումների նկարագրություն, օրինակ այնտեղ հստակ շեշտադրվել է հացադուլի ընթացքում պատժիչ գործողություններ իրականացնելը, դրան զուգահեռ իրավունքների սահմանափակումը, մեկուսացումը արտաքին աշխարհից, ինչը ազդել է ընտանիքի անդամների հետ կապի վրա, միաժամանակ վատթարացել են պահման պայմանները եւ դրանք զուգակցվել են ջրի, սննդից, քնից զրկելով: Այս գործելակերպը նաեւ ադմինիստրատիվ պրակտիկայի մաս է կազմում, մենք բազմիցս նման ահազանգեր եւ հիմնավորումներ լսել ենք հայրենադարձված գերիներից, որոնք նկարագրել են խոշտանգումը եւ վատ վերաբերմունքը, ինչպես նաեւ այլ գործառույթներ, որտեղ դոմինանտ են եղել ֆիզիկական բռնությունը»:
Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ այս խնդիրը վերաբերում է ոչ միայն Ռուբեն Վարդանյանին, այլ նաեւ այնտեղ պահվող մյուս հայերին, նրանք իրենց ընտանիքների հետ զրուցելիս ակնհայտորեն եղել են ճնշված վիճակում եւ տարաբնույթ մտքեր են հայտնել:
Հարցին, թե արդյոք արձագանք կա միջազգային կազմակերպություններից, թե ոչ, ասել էր.
«Մենք շատ ակտիվ ներգրավվածություն ենք ունեցել Միավորված ազգերի կազմակերպության խոշտանգումների դեմ կոմիտեի քննարկումների շրջանակում եւ 2024 թվականի մայիսին նրանք հրապարակել են կոմիտեի զեկույցը, որտեղ շատ խիստ գնահատականներ են ներկայացված եւ այնտեղ հատուկ բաժին կա, որը նվիրված է հենց հայերի առնչությամբ խոշտանգումների կիրառման պրակտիկային, դրա անթույլատրությանը:
Այստեղ իրավական գործընթացները իրենց պատշաճ հունով ընթանում են, եւ կարծում եմ պետության իրավական թիմը կկարողանա հասնել ճշգրիտ գնահատականների, սակայն այս գնահատականների համար պետք է օգտագործել ճնշում»:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը (դեմոկրատ) եւ Ներկայացուցիչների պալատի անդամ Նիքոլ Մալիոտակիսը (հանրապետական) առաջարկել են երկկուսակցական փոփոխություն կատարել Պետական եւ արտաքին գործառնությունների հատկացումների մասին օրինագծում (FY25 SFOPS):
Նրանք առաջարկել են 100,000,000 դոլարով ավելացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսավորումը Եվրոպայի, Եվրասիայի եւ Կենտրոնական Ասիայի օգնության դաշնային հաշվի (AEECA) շրջանակում:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարն իր ֆեյսբուքյան էջում, ֆինանսավորումը կաջակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, որոնք ներկայում բնակվում են Հայաստանում, քանի էր ստիպված են եղել լքել իրենց նախնիների հայրենիքը 2023 թվականին Ադրբեջանի լայնածավալ հարձակման պատճառով:
CAESAR ԶԵՆՔԸ
Երեւանը եւ Փարիզը պայմանագիր են կնքել ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրացանների մատակարարման համար, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն։
«Մենք շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։ Ես ջերմ ու արդյունավետ զրույց ունեցա իմ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ։
Նոր կարեւոր իրադարձություն է CAESAR ատրճանակների գնման պայմանագրի ստորագրումը», – նշել է Լեկորնուն։
CAESAR-ը հապավում է, որը ֆրանսերենով նշանակում է «հրետանային համակարգով հագեցած բեռնատար»։ CAESAR-ը 155 մմ ինքնագնաց հրետանային միավոր է, որը մշակվել եւ արտադրվել է ֆրանսիական Nexter ընկերության կողմից։
Բացի Ֆրանսիայից, CAESAR ինքնագնաց հրացանները սպասարկում են Սաուդյան Արաբիայի, Ինդոնեզիայի եւ Թաիլանդի բանակները:
CAESAR համակարգը առանձին փամփուշտով լիցքավորման համակարգ է, որը ունակ է ոչնչացնել ե՛ւ հետեւակ, ե՛ւ զինտեխնիկա։
ArmLur.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ, որը ներկայացրել է՝ ինչ է իրենից ներկայացնում զենքը, եւ որն է ստորագրված պայմանագրի օրակարգային հարցը։
CAESAR ինքնագնաց հրացանների մարտավարական եւ տեխնիկական բնութագրերը.
Ընդհանուր չափեր՝ երկարությունը՝ 10 մետր, բարձրությունը՝ 3,7 մետր, օդային փոխադրումների համար՝ 2,7 մետր, լայնությունը՝ 2,55 մետր։
Տեղադրման քաշը մոտ 18 տոննա է։
Կրակի արագություն՝ 6 ռդ/րոպե:
Կրակման հեռավորությունը՝ 4,5-ից 42 կմ:
Ինքնաթիռում գտնվող զինամթերքը 18 պարկուճ է։
Արագությունը մայրուղու վրա՝ 80 կմ/ժ, կոշտ տեղանքում՝ 50 կմ/ժ։
Էներգիայի պահուստ՝ 600 կմ.
Անիվի բանաձեւ՝ 6c6:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։
«Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ եւ ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարեւանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագույն մակարդակում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է այս սկզբունքին եւ միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի: Հայաստանի Հանրապետությունն այս մոտեցումը գործնականում ապացուցել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի չորս գյուղերի շրջանում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ: Ադրբեջանին կոչ ենք անում վերջ դնել ՀՀ ավելի քան 30 գյուղերի կենսական նշանակության տարածքների օկուպացիային:
Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս եւ գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:
Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաեւ այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երեւանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք», – ասվում է հայտարարությունում։
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ԻՐ ԽՈՍՔԻՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության գրեթե բոլոր նիստերում խոսում է անկանխիկ առեւտրի մասին, խոսում կանխիկի կրճատման մասին, նույնիսկ հանձնարարել էր նախարարություններին՝ գործարքները բացառապես անկանխիկ իրականացնելու համար։
Բայց, պարզվում է, հարկ եղած դեպքում ինքը լավ էլ խախտում է իր առաջադրած սկզբունքերը՝ անգամ ամենամանր հարցերում, ասվածի վկայությունը Տեղ համայնքում վարչապետի առեւտուրն է, որի դիմաց վճարում է կանխիկով՝ 12.000 դրամ: