ԷԹՆԻԿ ԹՇՆԱՄԱՆՔԻ ՀԻՄՔՈՎ ԶԱՆՑԱՆՔԻ ԴԵՊՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 հունիսի 10-ին ֆիզիկական անձից ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ գիշերը, անհայտ անձը հարձակվել է Երեւանի Նար-Դոսի փողոցում գտնվող հրեական կրոնական կենտրոնի վրա եւ քարով հարվածել ու կոտրել է նշված կենտրոնի պատուհանի ապակին՝ պատճառելով գույքային վնաս:

Հաղորդման կապակցությամբ կազմված նյութերն ստանալուց հետո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի կողմից Ոստիկանությանը հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ դեպքի իրական հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ենթադրյալ հանցագործության շարժառիթը, դրդապատճառները պարզելու ուղղությամբ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 10-ին՝ ժամը 01։43-ին, եւ «Հրեական կրոնական» կենտրոնի գրասենյակի պատուհանին քարով հարվածել եւ ապակին կոտրել է Արտաշատ քաղաքի 35-ամյա բնակիչը, ապա դիմել փախուստի։
Ոստիկանության կողմից վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել է նաեւ ձերբակալված նշված անձը։
Դեպքի առթիվ 2024թ. հունիսի 15-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
35-ամյա անձը տվել է ինքնախոստովանական ցուցմունք, նրա մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում Նար-Դոս 23 հասցեի Հրեական կրոնական կազմակերպության պատուհանը եղել է կոտրված, իսկ գետնին հայտնաբերվել եւ վերցվել է երկու քար:
Առգրավվել եւ ուսումնասիրվել են տարածքը տեսագրող սարքի պարունակության՝ դեպքին վերաբերելի հատվածները։
Քննությամբ պարզվել է, որ նշված անձի կողմից կրոնական հաստատության պատուհանին հարվածելու, գույքային վնաս պատճառելու շարժառիթը եղել է ազգային, էթնիկական թշնամանքը։
2024թ. հունիսի 17-ին միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին 35-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, վերջինիս ներկայացվել է մեղադրանք:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը մերժվել է, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԳՅՈՒՂԱՑՈՒ ՏԱՆԻՑ ԳՈՒՄԱՐ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ
Մայիսի 31-ին՝ առավոտյան ժամը 8:48-ին, ոստիկանություն է ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ եւ հայտնել, որ տնից գումար են գողացել:

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբ է մեկնել դեպքի վայր:
«Նախորդ երեկոյից մինչ առավոտ տանը մարդ չէր եղել, այդ ընթացքում էլ կոտրել էին եվրոպատուհանի ապակին եւ երկրորդ հարկի ննջարանից` ներքնակի տակից, տարել էին 55 հազար դոլար:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, կատարվեցին անհետաձգելի գործողություններ: Այս ամենին զուգահեռ, տեղազննության արդյունքներն ու հանցագործության հանգամանքները համադրելով, Նաիրիի քրեական հետախույզներն առաջ քաշեցին վարկածներ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արագ արդյունք տվին: Ըստ վարկածի` կար ե՛ւ կազմակերպիչ, ե՛ւ կատարող, ե՛ւ օժանդակող:
Ահազանգից մոտ չորս ժամ անց՝ ժամը 12:30-ին, Քասախ գյուղի իր տանը հայտնաբերվեց 37-ամյա օժանդակողը: Եվս երեք ժամ անց մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում, համագյուղացու տնից գողությունը կազմակերպելու կասկածանքով, ձերբակալվեց եւ ոստիկանության Նաիրիի բաժին տեղափոխվեց Քասախի բնակիչ 38-ամյա տղամարդը: Նա էր ուղղորդել երեւանցի 41-ամյա տղամարդուն հաղորդելու անհրաժեշտ տվյալներ եւ մայիսի 30-ի երեկոյան էլ իր մեքենայով նրան հասցրել էր համագյուղացու տան հետնամաս ու հեռացել:
41-ամյա երեւանցին, զինված անհրաժեշտ գիտելիքներով ու տեխնիկական միջոցներով, մտել էր տուն եւ տարել գումարը: Այնուհետեւ երեւանցին կապվել էր կազմակերպչի եւ օժանդակողի հետ: Հանդիպել էին Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին, որտեղ կատարողը 7600 դոլար տվել էր կազմակերպչին, 7500 դոլար` օժանդակողին: Ի դեպ, վերջինս իր վարձատրությունն ամբողջությամբ ի պահ էր հանձնել մի երրորդ անձի:
Կազմակերպիչն ու օժանդակողը ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք եւ տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր:
Օժանդակողի վստավելի անձի խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնի մի մասը` 7500 դոլարը, իսկ կազմակերպիչն իր զոքանչի տնից ներկայացրել է 4400 դոլար գողոն:
Դատարանի որոշմամբ կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են: Ձեռնարկվում են միջոցներ` երեւանցի կատարողին եւ գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է», – ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

ՏՈՒԳԱՆՔ՝ ԳՐԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Իրավապահները շարունակում են պատասխանատվության կանչել այն քաղաքացիներին, որոնք սոցիալական ցանցում Նիկոլ Փաշինյանի մասին գրառումներ են կատարում: Մասնավորապես՝ Դավիթ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղեկատվական, հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, բռնություն գործադրելու հրապարակային կոչ է արել ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համացանցի «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր կողմից օգտագործվող David Movsisyan տվյալներով օգտահաշվով նույն սոցիալական կայքի Yerevan.today կայքէջի՝ «Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրար կարիքը. Նիկոլ Փաշինյան» հրապարակման տակ կատարելով՝ «էս վիժվածքին օր առաջ պիտի սատկացնել» գրառումը:
2 տարի քննելով այս գրառումը՝ դատարանը կայացրել է որոշում:
Դավիթ Մովսիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 330 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ, եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝ հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի տասնապատիկի՝ 680.000 (վեց հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի չափով։

ՉՎԵՐԹԻ ՈՒՇԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ Wizzair ավիաընկերության Միլան-Երեւան չվերթը, որ պետք է Հայաստան ժամաներ առավոտյան 05:25-ին, ուշացում է ունեցել, եւ Հայաստան է մեկնել 5-6 ժամ ուշացումով։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Wizzair ավիաընկերության այդ չվերթում կան 2 տասնյակ եւ ավելի հայ ուղեւորներ, որոնք Luna Tour տուրիստական կազմակերպության միջոցով էին մեկնել Միլան։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տուրիստական կազմակերպության ներկայացուցիչն ասաց, որ չվերթի չկայացման պատճառն այն է, որ վատացել է օդաչուի ինքնազգացողությունը եւ հայտնեց այլ մանրամասներ։




Լրահոս