Հունիսի 17-ին, տեղի է ունեցել Փամբակ համայնքի, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի եւ «Քոշաքար» համայնքային սոցիալ-բնապահպանական հասարակական կազմակերպության միջեւ երկարաժամկետ համաձայնագրի կնքման արարողությունը, որով սկիզբ դրվեց «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի մեկնարկը համայանքի 3 բնակավայրերում` Եղեգնուտում, Դեբեդում եւ Մարգահովիտում:
Ծրագրի շրջանակում կստեղծվի համայնքային բնապահպանական գոտի, որը կկազմի շուրջ 7,938 հա (1,776 հա հիմնական եւ 6,162 հա կայուն կառավարման գոտիներ): Շուրջ 263,840 եվրո կտրամադրվի WWF-ի կողմից ոչ միայն բնապահպանական նպատակների, այլեւ շահառու բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման համար (արդեն սկսվել են արոտների ենթակառուցվածքը բարելավելու աշխատանքները եւ տեղադրվել են արեւային կայաններ բոլոր շահառու բնակավայրերում):
Միջոցառմանը ելույթ ունեցան ԷՄՀ տեխնիկական խորհրդատու Յերնի Սթրիթին, WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, ԷՄՀ ծրագրի ազգային համակարգող Արմեն Շահբազյանը եւ WWF Հայաստանի ԱՏՀ մասնագետ Արման Կանդարյանը, ովքեր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղ ներկայացրին ծրագրի երկրորդ փուլի ընթացքը, խոսեցին գրանցված հաջողությունների եւ նախածված քայլերի մասին։ Վերջինիս հաջորդեց ԼԻԼԱ ծրագրի ՌԶԳ համակարգող Ալլա Ղազարյանի ելույթը ծրագրով կատարված աշխատանքների ընթացքի մասին։
ԷՄՀ ազգային համակարգող Արմեն Շահբազյանը հայտնեց. «Մեզ համար ոգեւորիչ է, որ Փամբակ համայնքը ցանկություն հայտնեց միանալ այս ծրագրին. առանց համայնքի ակտիվ մասնակցության բնապահպանությունը պարզապես կձախողվի»։
Միջոցառման հյուրերի թվում էին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ), KfW բանկի, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDA), «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի ներկայացուցիչները ի դեմս այլ հյուրերի։
«Այսօրվա համաձայնագիրը արտացոլում է մեր հանձնառությունը՝ լավագույնս համատեղելու բնապահպանությունը տեղական սոցիալ-տնտեսական աճի հետ», – նշեց WWF-Հայաստանի հասարակության հետ կապերի, համագործակցության եւ ֆոնդահայթայթման ղեկավար Ժակ Նիազյանը։
«Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին: Հայաստանում այն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF-Հայաստան) եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջանքերով եւ ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW զարգացման բանկի միջոցով:
ԷՄՀ II փուլի ծրագիրը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության /SDC/ կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» /LILA/ ծրագրի կողմից՝ նպաստելով տեղական բնակչության կենսապայմանների ապահովմանը՝ նույն թիրախային բնակավայրերում էկոտուրիզմի, վայրի հավաքի եւ անասնապահության զարգացման միջոցով:
Ծրագիրը նաեւ կնպաստի կառավարման տարբեր մակարդակներում գյուղատնտեսական եւ կենսաբազմազանության վերաբերյալ համապատասխան քաղաքականության մշակմանը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ համայնքների եւ էկոհամակարգերի դիմացկունության ամրապնդմանը: /LILA/ ծրագրի բյուջեն կազմում է 4,500,000 շվեյցարական ֆրանկ:
ԵՄ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԵՂԵՂԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ
Եվրոպական միությունն օգնության ձեռք է մեկնում Հայաստանում hեղեղումների հետեւանքով տուժածներին։
ՀՀ-ում ԵՄ-ի ներկայացուցչության հաղորդմամբ, Հայաստանի Լոռու եւ Տավուշի մարզերում մայիսին տեղացած հորդառատ անձրեւներով պայմանավորված հեղեղումների հետեւանքով առավել շատ վնասներ կրած գյուղերին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը հատկացրել է 100 հազար եվրո մարդասիրական օգնություն։
ԵՄ ֆինանսավորումը հատկացվում է օժանդակելու Հայկական Կարմիր խաչի ընկերությանը խիստ անհրաժեշտ, այդ թվում՝ դրամական օգնություն եւ առաջնային անհրաժեշտության պարագաներ ուղարկելու գործում։
Մարդասիրական օգնությունը միտված է օգուտ բերելու ընդհանուր առմամբ 5060 ուղիղ շահառուների, այդ թվում՝ 2,500 անհատների, ովքեր կստանան դրամական օգնություն՝ լուծելու իրենց ամենահրատապ կարիքները եւ 2,760 անհատների, ովքեր կստանան աջակցություն կացարանի տրամադրման, ինչպես նաեւ ջրի եւ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման նպատակով: Աջակցությունն ուղղված է այն տնային տնտեսություններին, որոնց տները, ցանքատարածությունները, անասունները եւ պարենային պաշարներն ավերվել են հեղեղումների հետեւանքով։
Ֆինանսավորումը տրամադրվում է ի լրումն Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետների արձագանքման Արտակարգ հիմնադրամին ԵՄ կողմից հատկացվող ընդհանուր ներդրման։
2024 թվականի մայիսի 26-ին Հայաստանի ամբողջ տարածքում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով տեղում գրանցված տեղումների քանակը հասել է 100 մմ-ի, որի հետեւանքով առաջացել է Դեբեդ, Աղստեւ եւ Տաշիր գետերի անսպասելի վարարում՝ վատթարացնելով հեղեղումների հետեւանքները:
ԳՈՒՄԱՐՆԵՐ ՉԵՆ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք արել, թե 2024 թվականին Դեբեդի ափի ամրացման աշխատանքների համար պետբյուջեից կամ այլ կազմակերպությունից որքա՞ն գումար է նախատեսված։ Մարզպետարանից պատասխանել են. «Հարցի վերաբերյալ առաջարկում ենք դիմել պետական լիազորված մարմին»: Մարզպետը պարտավոր էր հայտնել, թե ո՞րն է այդ խնդրով պետական լիազոր մարմինը, սակայն չի հայտնել։ Իրականում պետական բյուջեից կամ այլ կազմակերպությունից այս տարի, ինչպես եւ նախորդ տարիներին, Դեբեդի ափի ամրացման համար գումարներ չեն հատկացվել: Վարարած Դեբեդը, հանդիպելով ժայռերով եւ փոքր քարերով ամրացված վրացական ափին, քշում-տանում է Հայաստանից տարածքներ։ Մայիսի 26-ի հեղեղից վարարած Դեբեդը Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղից կես հեկտար տարածք է քշել-տարել։ Փոքր Հայաստանի տարածքն այդկերպ ավելի է փոքրանում։ Պետական բյուջեում միլիարդավոր դրամներ կան՝ պետական պաշտոնյաներին չգիտես թե ինչ ձեռքբերումների ու նվաճումների համար պարգեւատրելու համար, սակայն Դեբեդի ափի ամրացման աշխատանքների համար գումարներ չկան։ Նման վատ իրավիճակ է տասնամյակներ շարունակ։
ԴՊՐՈՑԻ Ո՞Ր ՇԵՆՔ ԿՀԱՃԱԽԵՆ
Հայտնի չէ, թե այս տարվա սեպտեմբերին դպրոցի որ շենք կհաճախեն Իջեւան համայնքի սահմանամերձ Կիրանց գյուղի աշակերտները։ Կիրանցում կառուցվող դպրոցի շինարարության համար ՀՀ պետական բյուջեից 615 միլիոն դրամ է հատկացվել, հայտարարվել է, որ Կիրանցում առաջին անգամ դպրոցի տիպային շենք է կառուցվում։ Դպրոցի շինաշխատանքները սկսվել են 2021 թվականին՝ 44-օրյա պատերազմից հետո, դպրոցի շենքի նախագծման եւ կառուցապատման փուլում իշխանությունն ինչո՞ւ հաշվի չի առել այն հանգամանքը, որ սահմանազատումից հետո դպրոցի շենքը շատ մոտ է լինելու սահմանին, ադրբեջանցի զինված սահմանապահներին։ Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանին հարցրինք՝ ինքը աշակերտների ծնողների հետ հանդիպե՞լ է, որպեսզի ճշտի, թե նոր ուսումնական տարում դպրոցի ո՞ր շենք են հաճախելու աշակերտները։ Նա ասաց, որ դեռ չի հանդիպել, առաջիկայում կհանդիպի։ Վ. Բաբինյանին հարցրինք նաեւ, թե ե՞րբ է շահագործման հանձնվելու սահմանազատման հետեւանքով Ադրբեջանի սահմանից մոտ 50 հեռավորությամբ հայտնված դպրոցի նորակառույց շենքը։ Վ. Բաբինյանը հայտնեց՝ իրեն ասել են, որ դպրոցի նոր շենքը պատրաստ կլինի սեպտեմբերին։ Կիրանց գյուղի 41 աշակերտները հաճախում են 3-4 աստիճանի վթարային դպրոց, որը Կիրանցի համայնքապետարանին պատկանող շենք է, հարմարեցված է որպես կրթօջախ։ Վ. Բաբինյանը, այնուամենայնիվ, հույս ունի, որ դպրոցի շենքի հետ կապված խնդիրը դրական լուծում կունենա։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ