Վերջին ամիսներին Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքի կիզակետում է հայտնվել Տավուշից սկիզբ առած սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի արդյունքում ձեւավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը: Անցնող երկու շաբաթներին հատկապես քննարկման առարկա են դարձել շարժման հետագա անելիքները, հնարավոր պառակտումներն ու շարժման «մարելը», ինչպես նաեւ, եւ հիմնականում հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունը, որի հետեւանքով մոտ 100 քաղաքացի դիմել է բուժհաստատություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանի հետ։ Խոսել ենք շարժման հետագա քայլերից, հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության կողմից կիրառված լուսաձայնային նռնակներից եւ Տավուշում իրավիճակից։
-Պարո՛ն Դանիելյան, երկու օր առաջ Բագրատ սրբազանն իր ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ հունիսի 21-ից գնալու է Տավուշ՝ Ոսկեպար, Կիրանց, որպեսզի իր աչքով տեսնի այն փշալարերը, որոնք, Նիկոլ Փաշինյանի խոսքով, պետք է ապահովեն տեղացիների անվտանգությունը: Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ շարժումը տեղափոխվելու է Կիրանց, եւ գործընթացներն այնտեղ են զարգանալու:
-Ո՛չ, Կիրանց տեղափոխվելու խնդիր չունենք, սակայն սահմանամերձ համայնքներում առկա բազմաթիվ խնդիրներ կան այս պահին: Մենք Երեւանում հանդիպում ենք ունեցել Կիրանց, Ոսկեպար եւ Բաղանիս գյուղերի բնակիչների հետ: Մի քանի օր առաջ հանդիպել ենք հենց Կիրանց եւ Ոսկեպար գյուղերի բնակիչների հետ ու մարդիկ հետեւյալ խնդրի առջեւ են կանգնել. գույքային հարցեր ունեն, եւ մենք որոշեցինք, որ Սրբազան հոր հետ պետք է այցելենք Տավուշ: Խնդիրը հետեւյալն է՝ մեր հայրենակիցներն ունեն կադաստրի վկայականներ, սակայն ստիպողաբար եւ որոշակի նյութական շահագրգռվածությամբ ստիպում են հրաժարվել մարդկանց դրանցից: Դիմումի համաձայն՝ պիտի խնդրանքով դիմեն մարզպետարան, որ իրենցից վերցնեն կադաստրի վկայականները եւ հրաժարվեն գույքային եւ այլ պահանջներից:
Կարճ ասած՝ մարդկանց փաստի առաջ են դնում՝ թե՛ պիտի հրաժարվեն, թե՛ խնդրագիր գրեն դրա համար՝ համաձայն կառավարության ինչ-որ որոշման: Ինքս հետաքրքրվում եմ, թե ինչ որոշում է. հարցում եմ ուղարկել, հայտնի չէ, թե ինչ որոշման արդյունք է դա: Այսինքն՝ պատասխանատվությունը դնում են գյուղացիների վրա, որ վաղը մյուս օրը ասեն. «Դուք եք այդ փաստաթուղթը գրել, մեզ խնդրել եք, որ այդ տարածքները հանձնենք Ադրբեջանին»: Պատասխանատվությունը, փաստորեն, գյուղացիների դաշտ են տեղափոխում, եւ այն մարդիկ, որոնք չեն գնացել այդ ճանապարհով մտավախություն ունեն հանցակից դառնալու: Գյուղում էլ են մարդկանց երկու մասի բաժանել՝ մարդիկ, որոնք վերցնում են փոխհատուցումը, եւ մարդիկ, որոնք չեն վերցնում գումարը:
-Իսկ շա՞տ են մարդիկ, որոնք հրաժարվել են փոխհատուցումից:
-Այո բավականին մարդիկ կան, որ հրաժարվել են: Մարդիկ, որոնք հողակտորներ ունեն, որոնց մեջ թե՛ ԽՍՀՄ ժամանակաշրջանից մնացած վկայականներ են, թե՛ անկախության շրջանի, նույնիսկ վերջին տարիների: Եթե այդ մարդիկ տրված ժամանակահատվածում չվերցնեն վկայականները, ապա փոխհատուցումից էլ երբեք օգտվել չեն կարողանալու. վկայականները չեղարկվելու են: Շանտաժի են ենթարկում մարդկանց:
ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Գրություններ եմ ուղարկել միջազգային իմ գործընկերներին` հունիսի 12-ին Երեւանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում արձանագրված իրավունքների բազմապիսի խախտման փաստերով:
a«Ֆոտոլուր» լրատվական գործակալությունը ֆիքսել է «Զարյա 3» տեսակի նռնակի կիրառումը դեպքի վայրում, որը, «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանելու մասին» N 09-Ն հրամանի համաձայն, թուլատրելի չէ: ՀՀ ոստիկանությունը կարող էր կիրառել միայն «Զարյա» եւ «Զարյա-2» տեսակի լուսաձայնային նռնակ:
a Նիկոլ Փաշինյանի հռչակած «բրենդային ժողովրդավարության» պայմաններում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնողների նկատմամբ կիրառվել է ակնհայտորեն անհամաչափ ուժ:
aԱռանց պատշաճ եւ բոլորի համար հասանելի նախազգուշացման՝ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ: Սա հակասում է խաղաղ հավաքի անցկացման սահմանադրական իրավունքին:
aՔաղաքացիներից մեկն անգամ, չգիտակցելով, որ նետվածը նռնակ է, վերցրել է այն ձեռքը եւ պայթյունի հետեւանքով կորցրել մատները։
a Չսահմանափակվելով անզեն քաղաքացիների մեջ լուսաձայնային եւ, տարբեր տվյալներով, նաեւ բեկորային պայթուցիկներ նետելով (տասնյակ մարդիկ ունեն բեկորային վնասվածքեր)՝ բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկող ոստիկանները ծեծել են նրանց ոստիկանական մեքենաների մեջ կամ բերման ենթարկելու ընթացքում։ Իսկ ԱԺ տարածքից դիպուկահարներ են ցուցադրաբար կանգնել, ինչը ակնհայտ վախի մթնոլորտի սերմանում է:
a Նռնակներից մեկն ընկել է ծավալվող իրադարձությունները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների խմբի մեջ, որոնց եւս չեն նախազգուշացրել կիրառվելիք հատուկ միջոցների մասին: Խոչընդոտվել է լրագրողերի մասնագիտական գործունեության իրավունքը. կան մեծաթիվ տուժածներ:
aՏարբեր ահազանգերի համաձայն՝ շտապ բուժօգնության ավտոմեքենաները չեն հասել ժամանակին, եւ մարդիկ ստիպված են եղել ընդհուպ մինչեւ 1 ժամ սպասել արնածոր վերքերով:
Մ Այս եւ շատ այլ աղաղակող բռնարարքների վրա միջազգային իմ գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել՝ ներկայացնելով մարդու իրավունքների տարաբնույթ խախտումների մասին հստակ փաստեր:
a Տեղի ունեցածը պետք է ստանա արժանի գնահատական բոլոր կողմերից, այդ թվում` տեղական մակարդակով:
Մ ՀՀ գլխավոր դատախազին եւս դիմում եմ հասցեագրել՝ քրեաիրավական գնահատականի ակնկալիքով»:
ՌԴ ԱԳՆ-Ն ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
Մոսկվան ակնկալում է, որ Երեւանը կհասկանա, որ ՀԱՊԿ պլատֆորմը ընձեռում է բոլոր հնարավորությունները համագործակցության համար տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` մեկնաբանելով կազմակերպության արտաքին գործերի խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը։
«Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է, եւ ՀԱՊԿ հարթակը դրա համար բոլոր հնարավորություններն է տալիս», – ասել է Գալուզինը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկիրը դուրս կգա ՀԱՊԿ-ից, երբ իշխանությունը անհրաժեշտ համարի։
«Ո՞Վ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԻ ՄԵՐ ՀԱՐՑԵՐԸ». ՓԱՇԻՆՅԱՆ
«Բա մենք մեր հարեւանների հետ չկարողանա՞նք հարց լուծել։ Ամեն անգամ գնանք, ուրիշ տեղից մարդ բերենք, ասենք՝ եկեք մեր հարեւանի հետ հարց լուծեք։ Մեկ-երկու-երեք անգամ, չորրորդ անգամ ասում են՝ լավ, սպանեցիք, կարո՞ղ է՝ մենք, մեր գործերը թողած, պիտի գանք, ձեր չափարների հարցը լուծենք։ Մենք կլուծենք մեր չափարների հարցը», – ասել է նա։
Փաշինյանը համոզված է՝ ճիշտ բան է անում ու անում է քաղաքացիների համար. «Անում եմ ձեզ համար. բեռ է, այս բեռը ես պետք է տանեմ»։
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՖՐԱՆՍԻԱ
Հայաստանի Աժ պատվիրակությունը հունիսի 23-28-ը կգործուղվի Ֆրանսիա:
ԱԺ պատգամավորները Ստրասբուրգ քաղաքում կմասնակցեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում լինելու են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Գրիգորյանը, Արմեն Ռուստամյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: