ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման՝ «ի Գործ» ծրագրի մասնակիցներին:
Խոսելով ամենատարբեր թեմաների մասին, վարչապետն անդրադարձել է նաեւ սփյուռքում բնակվող հայերի թվին:
«Միշտ չէ, որ թվաբանությանը մեծ նշանակություն ենք տալիս, այս վերջերս գլխումս հարց ծագեց, որ անընդհատ գրում ենք՝ 10 մլն հայ, մի տեղ կա՞ այդ հայերի ցուցակը. համոզված եմ, որ չկա:
Այստեղ էլ էլի սրբացման ֆենոմոնն է, այդ թիվը սուրբ է, հանկարծ չկպչե՛ք… Ո՛չ ավելանում է, ո՛չ՝ պակասում, չես կարող փոխել:
Մեկն ասի՝ 10 մլն չէ, 10 մլն 561 հազար է, բոլորը կհարձակվեն, կասեն՝ ա՛յ տգետ, ա՛յ դիլետանտ, դու որտեղի՞ց գիտես, ո՞վ է հաշվել, եւ այլն: Մեկն ասի՝ չէ, 9 մլն 200 հազար է, կասեն՝ ա՛յ ստահակ, դու նսեմացնում ես հայերի համաշխարհային ազդեցությունը, դու գրչի մի հարվածով 800 հազար հայի ջնջեցիր», – ասել է վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ սա մեր իրականությունն է, որի մասին պետք է խոսել:
Խոսենք իրականության մասին, որն առկա է պաշտոնական հայտարարություններում եւ ներկայացնենք վիճակագրություն։
Համաձայն Time to Analyze անկախ վերլուծական կենտրոնի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքների՝ աշխարհում հայերի թիվն անցնում է 10 միլիոնից:
«Հաշվարկներն իրականացվել են աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական կառույցների, ինչպես նաեւ միգրացիոն ծառայությունների տրամադրած տվյալների հիման վրա:
Ըստ այդմ՝ պարզվել է, որ ընդհանուր առմամբ աշխարհում ապրում է 10.297.770 հայ, որից 8.140.500-ը ապրում են Հայաստանի եւ Արցախի սահմաններից դուրս:
Ամենախոշոր հայկական համայնքները գտնվում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իրանում, Սիրիայում Լիբանանում եւ Արգենտինայում», – գրում է օրաթերթը:
Կից նկարում պատկերված է հայկական սփյուռքի համայնքների քարտեզը (խմբ. նկարը տե՛ս ArmLur.am կայքում)՝ ըստ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եւ կից գրված է.
«Աշխարհի ավելի քան 100 երկրներում բնակվում է շուրջ 7 մլն հայ, գործում են տասնյակ համահայկական ու հոգեւոր, հարյուրավոր համայնքային ու հայրենակցական կառույցներ, լրատվամիջոցներ, շուրջ 1000 մեկօրյա եւ ամենօրյա դպրոցներ, գիտական ու կրթական հաստատություններ, մարզական ու մշակութային միություններ, բարեգործական ու հասարակական-քաղաքական կազմակերպություններ:»
Համաձայն Worldo meters օնլայն տվյալների հավաքագրման կայքի՝ այս պահին Հայաստանում բնակվում է 2 մլն 777 հազար մարդ, Հայաստանում իրականացված մարդահամարի տվյալները նշվածից շատ չեն տարբերվում։ Եթե Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացված 7 միլիոնին գումարենք ՀՀ բնակչության թվին, ապա կտեսնենք, որ գուցե հայերի քանակն աշխարհում չի հատում 10 միլիոնը, սակայն ձգտում է դրան։
Ամբողջ աշխարհում տարբեր գնահատականներով, նաեւ միջազգային մամաուլի, հայերի ընդհանուր թիվը կազմում է 7-ից 9 միլիոն մարդ, որոնց կեսից պակասն է ապրում Հայաստանում։
Ստացվում է, որ ՀՀ վարչապետը տեղյակ չէ սեփական երկրում ծնված, սակայն որոշ ժամանակ անց երկիրը լքած հայերից։ Հավելենք, որ հենց այս իշխանությունների օրոք վերացվեց սփուռքի նախարարությունը եւ ստեղծվեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, որը ակնհայտ նվազ գործուղություններ է իրականացնում նախկին նախարարության հետ համեմատությամբ։ Հիշեցնենք, որ իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ թեականորեն էր վերաբերվել Հայոց Ցեղասպանության եղելությանը: Ստացվում է, որ իշխանության աշխատանքն է դարձել ցուցակներ ստուգելու պահանջներ դնելը։
ԲԱՆԱՎՈՐ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Դիանա Գասպարյանի սկեսուրին պատկանող ապօրինի գույքի մասով ուսումնասիրություն է սկսվել, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմել էր դատախազություն։
Իսկ այս անգամ, «Փաստինֆո»-ի փոխանցմամբ, հայտնի դարձավ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարճել է Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի անդամների վերաբերյալ վարչական վարույթը։ Գասպարյանի հոր եւ եղբոր՝ Մնացական եւ Ժորա Գասպարյանների վերաբերյալ ԿԿՀ-ն վարչական վարույթ էր հարուցել՝ նրանց կողմից հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառով։
Օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, ԿԿՀ ծանուցման հիման վրա Գասպարյանները պետք է ներկայացնեին եկամուտների եւ ծախսերի հայտարարագրերը, ինչը չի արվել։ Ըստ այդմ՝ այդ ժամկետի ավարտից հետո՝ հունիսի 14-ին, հանձնաժողովում նախատեսված էր վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությունը, սակայն, ինչպես պարզվեց, գործի քննությունից առաջ Գասպարյաններն արդեն ներկայացրել են հայտարարագրերը։ Այս հանգամանքները նկատի ունենալով՝ ԿԿՀ-ն կարճել է վարչական վարույթը՝ հայտարարելով բանավոր դիտողություն եւ ազատելով վերջիններիս պատասխանատվությունից։
Եթե նշված խախտումները թույլ տային ընդդիմադիր հայայցքներ ունեցող անձինք, ապա նրանց նկատմամբ կկիրառվեր տույժ կամ համապատասխան պահանջ, իսկ իշխանական թեւի ներկայացուցիչների հանդեպ կիրառվում է բանավոր դիտողություն։
Նախկինում ավելի խիստ էր սահմանված հայտարարագրման խախտումների տուգանքները, հարուցված վարույթները քննվում էին ամենայն մանրամասնությամբ, սակայն վերջին տարիներին իշխանությունների «սրտի» կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որին այդպես էլ նախագահ չընտրեցին, համապատասխան ընթացք չի տալիս հայտարարագրերում սխալմունք թույլ տված իշխանականներին։
ՊԱՀԱՆՋ
Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները կառավարության մոտ են եկել՝ պահանջելու իրավապահներից բացահայտելու իրենց որդիների սպանության գործերը։ Ծնողներին է մոտեցել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Մահացած զինծառայող Վալերիա Մուրադյանի մայրը նախարարին ասաց, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իրենց ստել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեր որդիների գործերով ստեղծել էր հանձնաժողով՝ 6 իրավաբանից բաղկացած։ Խմբի մեջ էր նաեւ Աննա Վարդապետյանը, ասում էր, որ սրանք սպանություններ են, երբ նշանակվեց գլխավոր դատախազ, մեզ խոստացավ, թե ոչ մի պաշտոնական վարկած չի համապատասխանում իրականությանը, ասաց՝ գործերը միանշանակ վերաորակվելու են եւ հոդվածները կփոխվեն, ոչինչ չարեց, իր խոստումը չպահեց։
Գլխավոր դատախազը ստում է։ Մինչեւ մեր երեխեքի հանցագործների չպատժվեն, մենք չենք հանգստանալու։ Ասում են՝ իրեղեն բոլոր ապացույցները վերացված են, դեպքի վայրը վերացված է, հիմա բա ի՞նչ են քննում։ Եթե դու համոզված ես, որ սպանություն է տեղի ունեցել, ինչո՞ւ ես տեղումդ նստել։ Այս քրեական գործերին լուծում տվեք, գնանք մեր սուգը սգանք։ Եթե Ղարաբաղը Ադրբեջանինն էր, ինչո՞ւ երեխայիս տարան ու հոշոտեցին»։
Նախարարը, ծնողների պահանջը լսելուց հետո, խոստացավ հարցը բարձրացնել Նիկոլ Փաշինյանին։
ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄՆԵՐԸ՝ ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ
Կոտայքի մարզի Չարենցավան նստավայրի դատարանը (նախագահող դատավոր՝ Ա. Հարությունյան) բավարարել է Իշխան Գեւորգյանի եւ Հրաչյա Թովմասյանի բողոքները։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնել է, որ Իշխան Գեւրոգյանի եւ նրա 4 ընկերների ձերբակալումներն էլ ճանաչվել են ոչ իրավաչափ:
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՓԱԹԵԹ
ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները հինգշաբթի կայացած նիստում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 14-րդ փաթեթը, տեղեկացրել է ԵՄ Խորհրդում նախագահող Բելգիան։
«ԵՄ մշտական ներկայացուցիչները համաձայնեցրին պատժամիջոցների զգալի եւ բովանդակալից 14-րդ փաթեթը՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի։ Այդ փաթեթը նախատեսում է նոր միջոցներ եւ ուժեղացնում արդեն գոյություն ունեցող սահմանափակումների գործողությունը՝ փակելով դրանք շրջանցելու հնարավորությունը», – նշվել է բելգիական նախագահության X ցանցի հաղորդագրությունում։
ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում խոսել է Հարավային Կովկասում խաղաղության, տեւական կայունության հաստատման, հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից:
«Ինչպես գիտեք՝ Ադրբեջանի հետ սկսել ենք սահմանազատման գործընթացը, եւ այժմ շատ կարեւոր է ապահովել այս գործընթացի շարունակականությունը, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, քանի որ դա կենսական նշանակություն ունի սահմանին խաղաղության հաստատման եւ ապագայում ցանկացած սադրանքից խուսափելու համար: Ամենակարեւորն ավարտին հասցնելն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը: Մենք Ադրբեջանին ուղարկել ենք շատ կառուցողական առաջարկներ, պատրաստ ենք առաջիկա ամսվա ընթացքում ավարտուն տեսքի բերել պայմանագիրը, ինչպես նախկինում առաջարկել ենք: Ցավոք, ադրբեջանական կողմից առայժմ արձագանք չկա: Ավելին՝ Ադրբեջանը նոր խնդիրներ է առաջ քաշում, ինչն առնվազն հարցեր է առաջացնում մեր տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման նպատակի առնչությամբ անկեղծ լինելու հարցում», – ասել է Միրզոյանը:
Նա խոսել է նաեւ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրից՝ ընդգծելով, որ դրա կյանքի կոչումը կարող է մեծ օգուտներ բերել ոչ միայն տարածաշրջանին, այլեւ դրա սահմաններից դուրս: