ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է «ՖԱԶԻ» ԸՆԿԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննության է հրավիրել հունիսի 11-ին քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «ֆազի» հետ նույն մեքենայում գտնվող անձին, որը եղել է նրա ընկերը՝ Բորիս Սիմոնյանը: Վերջինս իրավապահներին պատմել է, թե ուր են գնացել. դեպքի օրը, լինելով շինարարների փողոցում, պատրաստվում էին տուն գնալ, որը մի քանի մետրի վրա է գտնվել այդ տարածքից: Ըստ նրա ցուցմունքի, երբ տեսել է ավտոմատները, անմիջապես գլուխը կախել ու փորձել է թաքնվել մեքենայի մեջ։

Նկատենք, որ քրեական հեղինակություն «ֆազի» սպանությունից անցել է 10 օր, սակայն իրավապահ համակարգը դանդաղում է աղմկահարույց քրեական գործի բացահայտման հարցում, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս՝ ինչու են լռում իրավապահները, եւ ինչու դեպքից 9 օր անց անգամ չկա դեռ կասկածյալ:
Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «ֆազի» սպանության բացահայտմանը նաեւ ներգրավվել է ազգային անվտանգության ծառայությունը։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` վերջիններս օգնում են քրեական հետախուզությանը՝ սպանության բացահայտման համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ըստ նախնական վարկածի` Սերգեյ Գրիգորյանին կյանքից զրկել են վարձու մարդասպաններ, որոնք եղել են երկուսը։ Նրանք գտնվել են OPEL մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը գողացված է եղել։ Ի դեպ, հայտնել էինք, որ Սերգեյ Գրիգորյանի գործով 2 տարի առաջ կալանավորվել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Բանն այն է, որ 2022 թվականին Կենտրոնի դատարանում միջադեպ էր եղել, ու միջադեպի «հերոսներն» էին կրիմինալ աշխարհում հայտնի Ռուստամ Ստեփանյանը՝ «չաղ Ռուստամ» մականվամբ եւ Սերգեյ Գրիգորյանը՝ «ֆազ» մականվամբ։ Միջադեպը տեղի էր ունեցել Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում:
«Ֆազի» եւ «չաղ Ռուստամի» կողմնակիցներն իրար ծեծել էին: Ծեծկռտուքին միջամտել էին ոստիկանության աշխատակիցները, որից հետո «ֆազը» դիմել էր փախուստի, իսկ «չաղ Ռուստամը» ավելի ուշ ներկայացել էր ոստիկանություն։
Քրեական գործ հարուցվեց, սակայն Ռուստամին չկալանավորեցին, իսկ Սերգեյ Գրիգորյանը կալանավորվեց. ավելի ուշ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նրան ազատ արձակեց՝ 2,5 միլիոն գրավի դիմաց: Իրավապահները դատավորի քայլը համարել էին ապօրինի, եւ Ալեքսանյանը կալանավորվել էր։ Ներկայումս դատավորն ազատության մեջ է, սակայն դատարանում քննությունը պաշտոնական լիազորությունների չարաշահման գործով դեռ շարունակվում է։
Հավելենք, որ «Ֆազի» սպանության գործով այս պահին բազմաթիվ վարկածներ են քննվում, այդ թվում՝ «չաղ Ռուստամի» հետ նրա հարաբերությունները. բայց սպանության բացահայտման տեմպերը հուսադրող չեն»:

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽՎԵԼ Է
Նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործով միակ մեղադրյալի մասով։ Մեզ հայտնի դարձավ, որ գործով միակ կալանավորվածի խափանման միջոցը փոխվել է, եւ նա ներկայումս ընդամենը վարչական վերահսկողության տակ է: Ու սա էլ դեռ քիչ չէ, միակ կալանավորվածը պնդում է, որ կատարվածի հետ կապ չունի։ Իսկ ահա, նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը իրավապահներին հայտնել է, որ որեւէ մեկին չի կասկածում իր տան կրակոցների գործով եւ չի կարողանում հասկանալ, թե ով կարող էր նման բան անել:

ՀՀ քննչական կոմիտեն, Թաթուլ Ասիլյանից բացի, հարցաքննել էր նաեւ նրա կնոջը: Եվ ահա, մեզ հասած բացառիկ տեղեկություների համաձայն՝ Ասիլյանի կինը հայտնել է իրավապահներին, որ կասկածում է, թե Հարություն Հարությունյանն է իր տան վրա կրակել:
Ահա, Ասիլյանի կնոջ ցուցմունքի հիման վրա էլ, Հարություն Հարությունյանին կալանավորել են: Սակայն վերջինս պնդում է, որ կատարվածի հետ կապ չունի:
Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 14-ին կրակոցներն էին արձակվել ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան վրա: Իրավապահների գործողությունների արդյունքում կալանավորվել էր Հարություն Հարությունյանը, որը առավել հայտնի է Ուջանցի Հարութ անունով: Ըստ լուրերի՝ նա Ասիլյանի կնոջ քրոջ ընկերն է»:

ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Հունիսի 18-ին թեժ իրավիճակ է եղել Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերոնշյալ փողոցի մի խումբ հարեւաններ վիճել են, ինչի ժամանակ Թ.Մ-ն բահով հարվածել է Ս.Գ-ի գլխին՝ պատճառելով վնասվածք։
Իսկ ինչից է սկսվել վեճը։
Բանն այն է, որ Ս.Գ-ն ունի որսորդական հրացան ու պարբերաբար հրացանով իր հողամասում կրակոց է արձակում դեպի օդ, ու այդ իրավիճակից հարեւանների երեխաները վախեցել են։ Արդյունքում՝ սկսվել է թեժ վիճաբանություն, ու բանը հասել է բահերով միմյանց գլխին տալուն։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները առգրավվել են զենքը ու կատարվում է քննություն։

ՏՎՅԱԼՆԵՐ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 19-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք:
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Նախկինում կատարված հանցագործության հանցագործության դեպքերից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԷՐ ՄՈՍԿՎԱՅԻ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Խորենացու փողոցում հայտնաբերվել եւ բաժին է ներկայացվել 40-ամյա Սեյրան Ն.-ն: Նա 2019 թ. հոկտեմբերի 15-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր կողոպուտի եւ շորթման մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ դատախազությանը:

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ ԱՆՑԱԿԵՏՈՒՄ
Հունիսի 19-ին՝ ժամը 23:50-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 46-ամյա Օլգա Մ.-ն: Նա ապրիլի 4-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ պատրաստելու եւ իրացնելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` ստորագրություն:




Լրահոս