Հանրակրթական դպրոցներ մուտք կգործեն երեք նոր անգլերենի դասագրքեր։ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) թիմի կողմից 3-րդ, 6-րդ եւ 8-րդ դասարանների համար մշակված անգլերենի դասագրքերը հաղթող են ճանաչվել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հայտարարված հանրակրթական դպրոցների նոր դասագրքերի բաց մրցույթում: Այսպիսով՝ դրանք երաշխավորվել են ԿԳՄՍՆ-ի կողմից եւ 2024-2025 ուսումնական տարվանից սկսած հանրապետության ամբողջ տարածքում կկիրառվեն որպես հիմնական դպրոցական դասագրքեր:
Այս նվաճումը ՔՈԱՖ-ի անգլերենի ծրագրերի թիմի եւ դասագրքերի հեղինակ-ուսուցիչների նվիրման եւ աշխատանքի արդյունք է: Վերջիններիս ներգրավվածությունը հատկապես էական է դասավանդման երկարամյա փորձի տեսանկյունից։ Դպրոցականների կարիքների եւ մարտահրավերների մասին ունեցած նրանց պատկերացումը մեծապես օգնել է արդիական, հետաքրքիր ու ներգրավող ուսումնական նյութերի մշակման գործում։
Դասագրքերի կազմման ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը եղել է ՔՈԱՖ-ի վստահելի ու կարեւոր գործընկերը։ Վերջին երկու տարիների ընթացքում դրանց բովանդակությունը փորձարկվել եւ բարելավվել է հիմնադրամի ու դեսպանատան համատեղ անգլերեն կրթական ծրագրերի շրջանակներում։ Այն ուսանողները, որոնք արդեն իսկ սովորել են այդ նյութերով, ոչ միայն բարելավել են իրենց լեզվական գիտելիքները, այլեւ ձեռք են բերել արժեքավոր հմտություններ՝ ինչպիսիք են հանրային խոսքը, քննադատական մտածողությունը եւ հետազոտական կարողությունները:
ՔՈԱՖ-ի անգլերեն նոր դասագրքերի առանցքային կետերից են ժամանակակից մեթոդաբանությունն ու բովանդակությունը, որոնց շնորհիվ դրանք ինտերակտիվ ու ներգրավող են։ Այս մոտեցումը դասապրոցեսը դարձնում է առավել գրավիչ ու հետաքրքիր, իսկ ուսումնառությունը հենվում ոչ այնքան տնային աշխատանքների, որքան դասարանում ստացած գիտելիքի եւ այն գործնականում կիրառելու վրա։
«ՔՈԱՖ-ի համար սա հսկայական նվաճում է», – նշում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը, – «Անգլերենի գերազանց գիտելիքներ փոխանցելուց զատ՝ մեր դասագրքերը նաեւ զարգացնում են այնպիսի կարեւոր հմտություններ, ինչպիսիք են անկախ մտածողությունը, հրապարակային խոսքը, վերլուծական մտածողությունը, թիմային աշխատանքը եւ հետազոտական կարողությունները։ Մեզ համար մեծ պատիվ է, քանի որ մեր մշակած դասագրքերը վճռորոշ դեր կունենան գալիք սերնդի պայծառ ապագայի ուրվագծման գործում»։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾԵՐԻ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում (CWR) նկարահանված տեսանյութում բեզոարյան այծերի բազմությունն ազատ շրջում է հայկական լեռներում, ինչը վկայում է այն մասին, որ կենդանիները պաշտպանված են ու ապահով։
Իրականում բեզոարյան այծերի ընդհանուր պոպուլյացիան դժվար է հստակ գնահատել, քանի որ կան երկրներ, որոնց մասին տվյալները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք Բնության պահպանության միջազգային միության (IUCN) ուսումնասիրություններից։ Որոշ տեղերում նրանց քանակը կտրուկ նվազում է, բայց ինչպես հայտնում է IUCN-ը՝ որոշ տարածքներում իրականացված լավ պաշտպանության շնորհիվ բեզոարյան այծերի քանակը կայունացել է։
Այդպիսի տարածք է դարձել նաեւ Հայաստանը, որտեղ իրականացված լայնածավալ, քրտնաջան ու նվիրված աշխատանքի շնորհիվ հնարավոր է լինում կայունացնել բեզոարյան այծերի պոպուլյացիան։
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Այն զբաղեցնում է շուրջ 30,000 հա տարածք։ Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: ԿԿԱ եւ հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: Այստեղ են բնակվում այնպիսի հազվագյուտ կենդանատեսակներ, ինչպիսիք են գորշ արջը, բեզոարյան այծը, սեւ անգղը, մորուքավոր անգղը, հայկական իժն ու կովկասյան հովազը: Բեզոարյան այծը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում եւս։ Տարածված են դժվարանցանելի լեռներում, Կովկասում՝ սովորաբար անտառային գոտու վերին սահմաններում։ Ամռանը բարձրանում են լեռների գագաթը։ Հայաստանում բազմացվում է Խոսրովի անտառում։
Բեզոարյան այծ պոլիգամ է, ապրում է հոտերով։
Բացառությամբ զուգավորման շրջանի՝ նոխազներն ապրում են առանձին։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը։
ԱՇԽԱՏԱՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ
Սույն թվականի հունիսի 21-ից՝ ժամը 16:00-ից մինչեւ սույն թվականի հունիսի 24-ի ժամը 14:00-ը, տեխնիկական աշխատանքների կատարման նպատակով դադարեցվելու է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը: Ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հասանելի չեն լինի Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաեւ զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը:
ՃՈԽ ԿԵՐՊՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎՈՒՄ ԵՆ
Ապրիլի 30-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ նրան հարցնելով, թե մարզում որքա՞ն վթարային տներ ու բազմաբնակարան շենքեր կան։ Մարզպետարանից պատասխանել են, որ Տավուշի մարզի վթարային տների եւ բազմաբնակարան շենքերի ցանկը ենթակա է թարմացման, այն ըստ կարգի պարբերաբար անհրաժեշտ է գույքագրել եւ թարմացնել, որի մասին մարզպետարանը հանձնարարականներ է ուղարկել մարզի համայնքներ: Հունիսի 3-ին Տավուշի մարզպետին նոր հարցում ենք ուղարկել՝ նշելով, որ «անցել է բավականին ժամանակ, հիմա կարո՞ղ եք տրամադրել վթարային տների եւ բազմաբնակարան շենքերի ցանկը»։ Մարզպետարանից պատասխանել են, որ Տավուշի մարզի վթարային տների եւ բազմաբնակարան շենքերի վերաբերյալ մարզպետի աշխատակազմը դեռեւս տեղեկություն այդ առումով չունի: Ահա այսպես անտեղյակ են Տավուշի մարզպետարանում, սակայն դա չի խանգարել, որ իրենց վատ աշխատանքի համար 2023 թվականին Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները պարգեւատրվեն 71 միլիոն 960 հազար դրամի չափով, այս տարի էլ պետբյուջեից մարզպետի, մարզպետարանի պաշտոնյաների ճոխ պարգեւատրումները շարունակվում են։
ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ԳՈՐԾՈՎ
Իջեւանում, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի նախկին անդամ Սուրեն Մանուկյանի դատավարությունը։ Նա մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, գործարար Խաչատուր Քոքոբելյանի հորը առեւանգելու եւ վերջինիս որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Ս. Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, նա, 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած, ազատազրկված է։ Դատարանի որոշմամբ՝ Ս. Մանուկյանը մինչեւ 2024 թվականի հուլիսի 30-ը գտնվելու է կալանքի տակ։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում եւ իրեն մեղավոր չի ճանաչում։ Սուրեն Մանուկյանը դատարական վերջին մատնանշել է փաստը, որ նախաքննական մեղադրանքի մեջ նշված է եղել՝ Արմեն Քամալյանին, երբ կալանքի տակ էին վերցնում, քննիչը ներկայացրել էր դատարանին, որ հեռախոսային տեղորոշմամբ՝ ենթադրյալ առեւանգման օրը, իր եւ Արմեն Քամալյանի հեռախոսները եղել են Նոյեմբերյան քաղաքում։ «Սակայն մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Արմեն Քամալյանը ենթադրյալ առեւանգման օրը եղել է Իջեւանում՝ իր տանը։ Արդյո՞ք դա կեղծիք է, թե՞ կեղծիք չէ»։ Դատական հաջորդ նիստը նշանակված է հունիսի 26-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ