Վերանորոգումից հետո «ՎՏԲ-Հայաստան» բանկը վերաբացել է Նոր Նորք համայնքում գործող մասնաճյուղը։
Բանկն ընդլայնել է գրասենյակի տարածքը մինչեւ 300 քմ, որտեղ կսպասարկվեն ավելի քան 15 հազար ֆիզիկական եւ իրավաբանական անձ հաճախորդներ։ Մասնաճյուղում բացվել է նաեւ «Պրիվիլեգիա» սպասարկման հատուկ գոտի՝ պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար:
Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում թիվ 15 մասնաճյուղը գործում է 2014 թ.-ից։ Հաճախորդների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով՝ բանկը թարմացրել է գրասենյակի դիզայնը եւ ընդլայնել է վերջինիս տարածքը: Աշխատատեղերի ձեւավորումն ու դասավորվածությունը մտածված են այնպես, որ հաճախորդները ստանան անհատական մոտեցում եւ հարմարավետություն սպասարկման բոլոր փուլերում:
Մասնաճյուղի տարածքում տեղադրված են երկու բանկոմատներ, որոնք հասանելի են 24 ժամ, եւ վճարային տերմինալ, որը թույլ է տալիս իրականացնել ավելի քան 300 բանկային գործարք՝ առանց պլաստիկ քարտի կիրառության:
Վերանորոգված մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են հաշվարկադրամարկղային ծառայություններ, վարկային եւ խնայողական պրոդուկտներ եւ վճարային քարտեր: Բացվել է նաեւ առանձնացված «Պրիվիլեգիա» գոտի՝ պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար: Այստեղ նրանք կարող են ստանալ անհատական մենեջերի խորհրդատվություն ցանկացած ֆինանսական հարցի վերաբերյալ։
«Այսօր երկրում գործում է «ՎՏԲ-Հայաստան» բանկի 53 մասնաճյուղ: Երեւանում գործում է 22 մասնաճյուղ: Մենք աշխատել ենք անել այնպես, որ դրանք գտնվեն մեր հաճախորդների համար ամենահարմար վայրերում։ Մեծ ուշադրություն ենք դարձնում նաեւ մասնաճյուղերում բարձրակարգ եւ հարմարավետ սպասարկմանը։ Բանկը վերափոխել է ամենապահանջված մասնաճյուղերից մեկը՝ Նոր Նորքի մասնաճյուղը, այժմ այն դարձել է ավելի ընդարձակ եւ գործում է նոր ձեւաչափով», – մեկնաբանել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի գլխավոր տնօրենի – Տնօրենության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։
Թիվ 15 մասնաճյուղը գտնվում է Նոր Նորքում՝ Գայի պողոտա 10/3 հասցեում եւ աշխատում է աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-17:00, շաբաթ օրերին՝ 10:00-14:00։
ՀԱՂԹՈՂԸ ԿՄԵԿՆԻ ՓԱՐԻԶ՝ ԽԱՂԵՐԸ ԴԻՏԵԼՈՒ
«Ավելի բարձր, ավելի արագ, ավելի դիպուկ». այս կարգախոսի ներքո կայացավ «Յունիբանկի» եւ Visa-ի համատեղ արշավի եզրափակիչ միջոցառումը: «Յունիբանկի» 12 Visa քարտապաններ արշավի եզրափակիչ փուլում հաղթահարեցին տարբեր մարզական փորձություններ: Ամենաբարձր միավորներ հավաքած երկու մասնակիցները ստացան արշավի գլխավոր մրցանակը՝ ուղեւորություն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը եւ փակման հանդիսավոր արարողությանը դիտելու համար:
«Յունիբանկի» եւ Visa-ի համատեղ արշավը մեկնարկել էր 2024 թվականի մարտին: Յուրաքանչյուր ամիս բանկի քարտապանները հնարավորություն ունեցան շահելու օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, օլիմպիական դիզայնով Visa քարտեր եւ դրամական մրցանակներ: Արշավին մասնակցելու համար «Յունիբանկի» Visa քարտապանները պետք է ամսական կատարեին 50 000 դրամ եւ ավելի անկանխիկ վճարումներ:
«Շատ գոհ եմ «Յունիբանկից»: Ամենալավ բանկերից մեկն է Հայաստանում՝ իր առաջարկներով, սպասարկման որակով։ Շատ քչերին է հաջողվում մեկնել օլիմպիական խաղերին՝ որպես երկրպագու։ Իմ կարծիքով սա լավագույն նվերներից մեկն է, կնոջս հետ սիրով կմեկնենք Փարիզ», – նշեց արշավի առաջին հաղթող Դավիթ Թովմասյանը:
Օլիմպիական խաղերը հենց Փարիզում դիտելու հնարավորություն ստացավ նաեւ Նարեկ Երիցյանը։ «Մոտ 4 տարի է «Յունիբանկի» հաճախորդ եմ: Հաճելի անակնկալ էր: Ես միշտ ուրախացել եմ մեր հայ մարզիկների հաղթանակներով, ու հիանալի կլինի նրանց կողքին լինել Փարիզում եւ կիսել այդ ուրախությունը», – նշեց արշավի երկրորդ հաղթող Նարեկ Երիցյանը:
Արշավի հաղթողներին ուղեգրերը հանձնեցին «Յունիբանկի» Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը եւ Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող մարզիկները՝ ըմբիշ Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ՝ «ՖԱՍԹ» ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
«Ֆասթ» բանկի աջակցությամբ եւ «Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» եւ Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը: Այն նախատեսված էր բոլոր սերունդների ներկայացուցիչների համար:
«Լա Բոհեմ»-ն Ազնավուրի կերպարի, անցած կյանքի եւ զգացմունքների այլաբանական արտապատկերումն էր: Խորհրդանշական է՝ բալետը վերականգնվեց Ազնավուրի հոբելյանական տարում եւ լավագույնս համալրեց նրա ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:
«Շերբուրգյան հովանոցներ»-ը Միշել Լեգրանի արդեն սիրված երաժշտության ժամանակակից մեկնաբանությունն էր՝ սյուժեի, պարի եւ բեմական հագուստի յուրահատուկ ձեւավորմամբ:
«Շատ կարեւոր է մասնավոր սեկտորի աջակցությունը, որովհետեւ հենց նրանց աջակցությունն է թույլ տալիս արվեստի զարգացումը: Ակնհայտորեն նկատելի է «Ֆասթ» բանկի աջակցությունը, հատկապես՝ մշակութային միջոցառումներին աջակցելու առումով: Շատ շնորհակալ ենք, որ «Ֆասթ» բանկը մեզ էլ կարողացավ ընդգրկել այդ ցանկի մեջ», – ասել է «Բալետ 2021» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը։
«Ֆասթ» բանկի կողմից մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում եւ Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր մաս է: