ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Մյունխենի տեխնոլոգիական եւ Բունդեսվեհրի համալսարաններ:

Պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
ԳԴՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը քննարկել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում համագործակցությունը:
Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի տնօրեն Ֆրեդերիկե Հեթթինգերի եւ «Էներգիայի հետազոտություն» ծրագրի ղեկավար Ռոբերտ Շմիդթի հետ հանդիպմանը քննարկվել է, մասնավորապես, համալսարանի կառուցվածքի եւ կառավարման մոդելի հիման վրա «Ակադեմիական քաղաք» նախագծի տեխնոլոգիական կլաստերի կոնցեպտի համատեղ մշակման հնարավորությունը: ԿԳՄՍ նախարարն առաջարկել է նաեւ դիտարկել Հայաստանի ոլորտային բուհերի հետ համատեղ վերապատրաստման եւ հետազոտական ծրագրերի, ինչպես նաեւ կարճատեւ եւ երկարատեւ միջբուհական համատեղ նախագծերի մշակման եւ իրականացման հնարավորությունները:
ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը նաեւ շրջայց է ունեցել Մյունխենի տեխնոլոգիական համալսարանում, այցելել տեխնոլոգիական կենտրոն, ուսումնասիրել բիզնեսի հետ համագործակցության մյունխենյան փորձը, ինչպես նաեւ հանդիպել տեղի հայ ուսանողների հետ, ծանոթացել նրանց փորձառությանը: Քննարկվել է նաեւ վերջիններիս՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրում ներգրավելու հնարավորությունը՝ ՀՀ բուհերի սովորողների հետ փորձի փոխանակման նպատակով:
Բունդեսվեհրի համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Կառլ Հայնց Ռենների հետ հանդիպմանը հայկական կողմը քննարկել է «Ակադեմիական քաղաք» նախագծի սպայական կլաստերի կոնցեպտի համատեղ մշակման հնարավորությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են Բունդեսվեհրի համալսարանի կրթական ծրագրերն ու առանձնահատկությունները, որից հետո կազմակերպվել է շրջայց կամպուսում:
Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ սպայական եւ քաղաքացիական կրթության համադրման այս օրինակն ու փորձը ակադեմիական քաղաքի նախագծի իրագործման համատեքստում կարող են ուսանելի լինել: Կողմերը քննարկել են նաեւ կադրերի պատրաստման, վերապատրաստման, Հայաստան-Գերմանիա համատեղ կրթական եւ հետազոտական ծրագրերի իրականացման հնարավորությունները:
ԿԳՄՍ նախարարի՝ Գերմանիա կատարած այցի շրջանակում նախատեսված են նաեւ մի շարք այլ հանդիպումներ:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի հունիսի 19-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը ծնվել է 1986թ.: 2008թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտության համալսարանը: 2011թ. ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2015թ. ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան:
Իր աշխատանքային ուղին Արմեն Սարգսյանն անցել է ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ լինելով համակարգչային լաբորատորիայի ղեկավար, ցանցային ադմինիստրատոր, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսումնական մասի պետի տեղակալ, Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ: 2020թ. դեկտեմբերից Արմեն Սարգսյանը ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենն է:
Արմեն Սարգսյանը ներկայացրեց ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի 2024-2028թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը։ Կենտրոնի տեսլականն է դառնալ գիտական ստեղծարար միջավայր ապահովող եւ նորարություններով առաջնորդվող հետազոտական համալսարան՝ խթանելով հետազոտահեն կրթության, գիտության, արտադրության ներդաշնակ եւ արդյունավետ փոխգործակցությունը։ Կենտրոնի նպատակներից է գիտության եւ կրթության շաղկապումը, հետազոտահեն կրթության իրականացումը։ Նախատեսվում է հետազոտահեն կրթության կազմակերպման համար անհրաժեշտ միջավայրի եւ ենթակառուցվածքների շարունակական արդիականացում եւ կատարելագործում, մագիստրոսական ծրագրերի հետազոտական բաղադրիչի մասնաբաժնի ավելացում, մագիստրոսական թեզերի թեմաների շաղկապում կենտրոնում եւ ԳԱԱ համակարգի ինստիտուտներում իրականացվող գիտական թեմաներին, գիտական ծրագրերում ուսանողների, ասպիրանտների մասնակցության խթանում, աշխարհի առաջատար գիտակրթական կենտրոնների հետ համագործակցային կապերի ընդլայնում եւ համատեղ ծրագրերի իրականացում։

ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵԼ
Նետաձգության տղամարդկանց Հայաստանի հավաքականը չի կարողացել հաջողության հասնել թուրքական Անթալիայում կայացած միջազգային օլիմպիական ընտրական վերջին մրցաշարում:
Թիմային պայքարում Հայաստանի եռյակը գրավել է 37-րդ տեղը:
Անհատական պայքարում Համլետ Պողոսյանը զբաղեցրել է 33-րդ, իսկ Վասիլ Շահնազարյանը եւ Անդրեյ Հովհաննիսյանը՝ 57-րդ տեղը։
Անհատական պայքարում Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել 1-8-րդ տեղ գրաված մարզիկները, իսկ թիմայինում՝ լավագույն հնգյակը:

ՖՈՒՏԲՈԼԻ ԸՆՏՐԱՆԻՆ ՆԱՀԱՆՋԵԼ Է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը:
Նոր վարկանիշային աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկ հորիզոնականով նահանջել է: Ընտրանին այժմ 96-րդ հորիզոնականում է:
Առաջատար եռյակում փոփոխություն չկա: Միմյանց հաջորդում են Արգենտինան, Ֆրանսիան եւ Բելգիան:
Լավագույն տասնյակում են նաեւ Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Իսպանիան, Խորվաթիան, Իտալիան:

ԱՎԱՐՏԵԼ Է ԿԱՐԻԵՐԱՆ
Հայտնի ամերիկացի բռնցքամարտիկ Ռայան Գարսիան հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի կարիերան ավարտելու մասին։
«Ես պաշտոնապես ավարտում եմ կարիերաս. շուրջն այնքան կոռուպցիա կա, որ ես ստիպված էի վերջ տալ դրան։ Ես կարող եմ զբաղվել դերասանությամբ կամ երգելով:
Ես կշարունակեմ մարզվել, բայց այս էջը փակված է: Ամենացավալին այն է, որ ես, հիանալի բռնցքամարտիկ լինելով հանդերձ, եկել եմ այս որոշմանը», – գրել է Ռայանը իր սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ռայան Գարսիան միաձայն որոշմամբ հաղթել էր հայրենակից Դեւին Հեյնիին։
Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գարսիայի դոպինգ թեստը պարունակում է արգելված նյութեր։ Ավելի վաղ՝ հունիսի 8-ին, Գարսիան հարբած վիճակում ծեծկռտուք էր ունեցել Բեւերլի Հիլզի հյուրանոցներից մեկում։ Հաղորդվում է, որ նա հաստատությանը 15 հազար դոլարի վնաս է պատճառել։




Լրահոս