Արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ով թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, և թե՛ միջազգային ֆիլմարտադրության ոլորտում հայտնի է միջազգային համագործակցությունների շրջանակում Արցախի և արցախյան հիմնախնդրի մասին պատմող իր ֆիլմերով, հայտնել է, որ նոր՝ «Վերածնվածը» ֆիլմում նկարահանվել է Հոլիվուդի ամենահայտնի ու դասական կերպարներից մեկը՝ 1997 թվականին էկրաններ բարձրացած «Ոդիսևս» ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորող Արմանդ Ասանտեն:
Կինոռեժիսորը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուրախ եմ հայտարարելու, որ այս երազանքն իրականություն է դարձել։ Ինձ համար մեծ պատիվ է, որ պարոն Արմանդը ընդգրկված է իմ վերջին՝ «Վերածնվածը» ֆիլմի դերասանական կազմում: Վերջերս մենք ավարտեցինք ֆիլմի նկարահանումները Կիպրոսում, որտեղ ես և իմ թիմը հնարավորություն ունեցանք երկու հիասքանչ շաբաթ անցկացնել նրա հետ նկարահանման հրապարակում» և հավելել, որ Արմանդ Ասանտեն բացառիկ դերասան և հրաշալի մարդ է:
Նկարահանումները, որոնց մասնակցել է Արմանդ Ասանտեն, տեղի են ունեցել Կիպրոսում:
Նշենք, որ դերասանը հայտնի է, ո՛չ միայն «Ոդիսևս», այլ նաև «Գոտտի» և «Մամբոյի թագավորները» ֆիլմերում իր դերակատարումներով:
Հուրի Բաղդասարյան