«Ստորագրահավաք և ակցիաներ ենք անելու»․ չարենցավանցիները պահանջում են հետ «վերադարձնել» իրենց անձնագրային բաժանմունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի վաղ գրել էինք, որ Կոտայքի մարզի Չարոնցավան քաղաքի բնակիչները բողոքի ակցիա են արել։

Վերջիններս պահանջում էին ՀՀ ՆԳ նախարարից «վերադարձնել» Չարենցավանի անձնագրային բաժինը, ինչը օրերս փակել են։ Ըստ նրանց՝ փակման պատճառով ստիպված հասնում են Հրազդանի անձնագրային բաժին:

ArmLur.am-ի հետ զրույցում Չարենցավանի բնակիչ Գևորգ Հակոբյանը խոսելով այս թեմաի մասին, ասաց, որ ակցիայի վայրում ակցիայի բնակիչներից շատ բերվել են ոստիկաններ, որոնք վախեցնում էին տեղի բնակիչներին։

«Մենք ակցիա էինք նախատեսել, խաղաղ ակցիա։ Դե մենք իրավունք ունենք ճանապարհը սահմանված ժամկետում փակելու, ասենք 5 րոպե, 10 րոպե, օրենքով նախատեսում են։ Մեզանից շատ ոստիկաններ բերեցին «լցրեցին» էդտեղ, ոստիկանները բոլորին վախեցնում էին, անգամ կանանց ու տարեց մարդկանց, ասում էին հանկարծ մայթը չանցնեք՝ վարչական տուգանք կգրենք ձեր վրա։ Ոստիկանապետն իրեն վատ պահեց, շատ կոպիտ պահեց։ Համենայն դեպս՝ մենք մեր ակցիան կատարեցինք, ոնց պետք էր արեցինք»,- ասաց Գևորգ Հակոբյանը։

Գևորգ Հակոբյանի խոսքով՝ ակցիայից հետո տեղի բնակիչներով համապատասխան պաստառներ են փակցրել, սակայն գիշերը նկատել են, որ փակցված պաստառները հեռացվել են։ Վերջինիս խոսքով, դրանք տարել են ոստիկանները։

«Ակցիայից հետո մենք մեր պաստառները փակցրեցինք համապատասխան վայրերում, բայց գիշերը իրենք պոկել տարել են, ինձ այդպես է թվում։ Մեր մոտ դժգոհություն է առաջացել։ Ոստիկանները խանգարել են մեր ակցիան, առանց  որևիցե լուրջ հիմքերի, մարդկանց վրա ճնշում են գործադրել, որպեսզի մեքենաներից չիջնեն ու գան միանան մեզ։ Մոտ 60-ից ավել ոստիկան կար, մենակ դա հերիք էր, որ ճնշող լիներ մթնոլորտը։ Մենք ուզում էինք ճանապարհով երթ անեինք՝ չթողեցին երթ անենք, հրում հանում էին մայթերի վրա։ Մենք մեր պլակատները փակցրել ենք մոստի վրա աջ ու ձախ կողմերում, գիշերը ժամը 12-ին տեսել ենք, որ չկան պլակատները ու մենք ենթադրում ենք, որ հենց իրենք են պոկել, ոչ մի չարենցավանցի իրեն թույլ չէր տա պոկել, ընդհակառակը՝ ամբողջ բնակչությունը մեր կողմից է։ Մենք մեր պլակատները պահանջելու ենք»,- ասաց բնակիչը։

Չարենցավանի բնակիչ Գևորգ Հակոբյանը նաև նշեց, որ ոստիկանապետն իրենց ասել է՝ կապվեն իրենց վերադասի հետ։

«Ոստիկանապետը մեզ ասել է կապվենք մեր վերադասի հետ, իրենց մենք առաջարկում ենք այս շաբաթվա մեջ 1 օր գան Չարենցավանի համայնքապետարան տարբեր ուժերի հետ՝ համայնքապետի, ավագանու անդամների հետ, որ ընդհանուր լեզու գտնենք, համաձայնության գանք և մեզ ասել են, որ գրավոր գրենք, մենք էլ որոշեցինք գրավոր ձևով մասսայական մի 10․000-ից ավել ստորագրություն հավաքել կարճ ժամանակում ու այդպես խոսենք իրենց հետ»,- նշեց Գևորգ Հակոբյանը։

Գևորգ Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք համայնքապետարանը այս խնդրով զբաղվել է, ինչին Հակոբյանը պատասխանեց․

«Ավագանին, 26-27 հոգով, իր հերթին ոստիկանապետին ուղերձ էր հղել, որ քաղաքի շահերից չի բխում դա, վերանայեք ձեր որոշումը կամ ամեն բան չեղարկեք, բայց անկապ պատասխան է տրվել։ Եթե իրենք վախենում են մեր պաստառներից, Վահե Ղազարյանից պահանջում ենք, որ մեր անձնագրային բաժինը հետ բերի, եթե դա է իրենց վախեցրել, որ մեր պաստառները գողացել են, մենք ուրիշ կերպով կփակցնենք մեր պաստառները, օրինակ՝ վերելակներում, հիմնարկներում, շենքերում։ Տարաբնույթ ակցիաներ ենք անելու։ Այս շաբաթ էլ իրավաբանի հետ խորհրդակցելու ենք, որ ստորագրահավաքի տեքստը կազմենք, կնստենք մեր քաղաքի ամենակենտրոն տեղում ու ստորագրություններ կհավաքենք, ուղղված Վահե Ղազարյանին»։

Չարենցավանի բնակիչը վերջում հավելեց, որ ինչ-որ բան չստացվելու դեպքում տեղի ժողովուրդը կհասկանա, թե հաջորդ ընտրությունների ժամանակ ում է ձայն տալու։

Ա․Ս․




Լրահոս