Զուգահեռաբար պետք է աշխատանք տարվի, հիմնականում դիվանագիտական և քաղաքական. Սիրանուշ Սահակյանը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի գլխավոր դատախազը խոսել է Բաքվում ապօրինաբար կալանավորված քաղաքական գործիչների քրեական գործերի վերաբերյալ։

«Քրեական գործերով քննչական գործողություններն ավարտվել են և առաջիկայում կուղարկվեն դատարան։ 15 անձի վերաբերյալ նախաքննությունն արդեն ավարտվել է։ Մեղադրյալները, փաստաբանները, տուժողները ներկայումս ծանոթանում են քրեական գործի նյութերին, ծանոթացման փուլն ավարտվելուց հետո մեղադրական եզրակացությունը կուղարկվի դատարան»,-ասել է նա։

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ է անում հայկական կողմը, վերջինս պատասխանեց, որ վաղ է պատասխան քայլերի մասին խոսելը:

«Նախ նախաքննությունը ընթացքի մեջ է եղել, ընդամենը այս հաղորդագրությամբ նրանք ազդարարել են նախաքննության ավարտը, ինչը նշանակում է, որ մեր կողմից կանխատեսվող դատավարությունները կսկսվեն, կընթանան»:

Նրա խոսքով՝ մնում է հասկանալ դատավարությունների անցկացման կարգը՝ դռնփակ, դռնբաց, հանրայնացման աստիճանը և մի շարք այլ հանգամանքներ:

«Հայկական կողմի դիրքորոշումը այն է, որ ի սկզբանե ազատությունից զրկելը եղել է ապօրինի, այդ դատավարությունները ցուցադրական են, թե՛ նախկին, թե՛ ներկա ռազմագերիների առնչությամբ չեն պահպանվում արդարադատաքննության իրավունքի կարևոր տարրերը, այստեղ մենք կարևոր խախտումների հետ ենք գործ ունենալու և այդ դատավարությունների արդյունքները չեն կարող ընդունելի լինեն միջազգայնորեն:

Սրան պետք է հավելենք նաև ընդհանուր դատական համակարգի ծայրահեղ վատ վիճակը Ադրբեջանում, որը միջազգային կառույցների կողմից քննադատվում է քաղբանտարկյալներ ունենալու հարցում, բազմիցս արձանագրվել է հեռախոսային դատավարությունը և նախագահի վարչակազմում արդարադատության իրականացնելու անթույլատրելի պրակտիկան, ուստի հայկական կողմը ընդամենը միջազգային մեխանիզմերի գործարկմամբ պետք է նաև իրավական առումով չեզոքացնի դատական ակտերը»:

Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ զուգահեռաբար պետք է աշխատանք տարվի, հիմնականում դիվանագիտական և քաղաքական, որպեսզի Ադրբեջանը ազատ արձակի նաև ապօրինաբար պահով հայերին:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս