Եվրամիությունը կարող է դադարեցնել շենգենյան վիզաների տրամադրումը Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին և վերանայել այդ երկրում եվրոպական հիմնադրամների աշխատանքը՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով: Այս մասին հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնան։
«Քննարկում է լինելու Վրաստանի համար նախատեսված տարբեր հիմնադրամներին աջակցելու շուրջ, լինելու է բարձրաստիճան պաշտոնյաներին շենգենյան այցագրերի տրամադրման արգելքի քննարկում», -ասել է նա:
Էստոնիայի ԱԳ նախարարի խոսքով՝ ԵՄ-ն կքննարկի սահմանափակող միջոցները «մի շարք ոլորտներում»։
Վրաստանը 2023 թվականին պաշտոնապես դարձել է Եվրամիությանն անդամակցելու թեկնածու։ Երկրում հունիսի սկզբին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը մեծ քննադատության է արժանացել ԵՄ-ում և ԱՄՆ-ում, ինչպես նաև ուղեկցվել է բազմահազարանոց ցույցերով երկրի ներսում։ Օրինագիծը ենթադրում է ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների գրանցում արտասահմանյան ուժի շահերը խթանող կազմակերպությունների գրանցամատյանում, եթե նրանց տարեկան եկամտի 20 %-ը ֆինանսավորվում է արտասահմանից։
Արևմտյան քաղաքական գործիչները հայտարարել են, որ այս օրենքը հակասում է եվրոպական սկզբունքներին ու արժեքներին։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հունիսի 24-ին հայտարարել է, որ Եվրամիությունը կփակի իր դռները Վրաստանի համար, եթե երկրի կառավարությունը շարունակի ներկայիս ուղեգիծը։