ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ՉԱՐԺԱՆԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021-2024 թվականների ընթացքում ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացրել է շահերի բախման դեպքերին առնչվող շուրջ 30 մեդիա հրապարակման եւ երկու տասնյակից ավելի դիմումի ուսումնասիրություն, որոնց գերակշիռ մասը վերաբերել են պետական գնումների գործընթացներին։
Հանձնաժողովն առերեւույթ շահերի բախման դեպքերում հարուցել է համապատասխան վարույթներ։
Միաժամանակ, օրենսդրական գործող կարգավորումներով պայմանավորված՝ Հանձնաժողովը հնարավորություն չի ունեցել անդրադառնալու պետական գնումների գործընթացների նկատմամբ պետական պաշտոն զբաղեցնող անձանց ունեցած անուղղակի ազդեցության դեպքերին։
Այսպիսով՝ ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ միայն առողջապահության նախարարի հետ կապվող առեւտրային կազմակերպության՝ պետական գնումների մասնակցության վերաբերյալ առկա են 20-ից ավելի մեդիա հրապարակումներ, որոնց մի մասն արվել է հաշվետու տարում՝ 2023 թվականին։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չակերտները չի բացում, սակայն պարզից էլ պարզ է, որ խոսքը Անահիտ Ավանեսյանի մասին է։
Բանն այն է, որ դեռ ապրիլին իրավապահները մտել էին առողջապահության նախարարություն եւ «Ուիգմոր» հիվանդանոց. հարցը հիվանդանոցին տրամադրվող գումարներն էին՝ պետպատվերների տեսքով։ Իսկ «Ուիգմոր» հիվանդանոցը իրավապահների թիրախն էր դարձել, քանի որ խոսվում էր հիվանդանոցի եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ փոխկապակցվածության մասին։
Բացի նշված հրապարակումներից՝ շահերի բախման համատեքստում նշված դեպքերը քննելու վերաբերյալ Հանձնաժողովը ստացել է նաեւ քաղաքացիներից դիմումներ։
Դիմումների եւ հրապարակումների ուսումնասիրության արդյունքում, վերլուծելով փաստական հանգամանքները եւ վերաբերելի օրենսդրական կարգավորումները՝ արձանագրվել է, որ նախարարի հետ փոխկապակցված անձի բաժնեմասնակցությամբ առեւտրային կազմակերպությունը պարբերաբար մասնակցել է պետական մարմինների կողմից պատվիրվող գնման գործընթացների, իսկ միայն առողջապահության նախարարության հետ կնքել է գնման 17 պայմանագիր։
Հաշվի առնելով, որ նախարարության կողմից պատվիրված գնման գործընթացներում նախարարը չի հանդիսացել գնման գործընթացի համար պատասխանատու պատվիրատուի ղեկավար, եւ ֆորմալ առումով գնման ընթացակարգերը պահպանված են եղել՝ վերջինիս կողմից շահերի բախման առերեւույթ խախտման դեպքով վարույթներ չեն հարուցվել։
Կարճ ասած՝ առողջապահության նախարարությունը չարժանացավ էկոնոմիկայի նախարարության ճակատագրին, եւ չեղան աղմկահարույց ձերբակալություններ։

Հայրենի իշխանությունների համար ամառը թեժ աշխատանքային մթնոլորտում է անցնում: «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ այսօր Հանքավանում տեղի է ունենալու իշխող կուսակցության քաղաքական ժողովը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հանքավանից վերադառնալուն պես՝ ՔՊ-ականները «լծվելու են» խորհրդարանական աշխատանքներին: Իշխանական պատգամավորները մտադիր են հուլիսի հենց սկզբին արտահերթ նիստեր նախաձեռնել, ընդ որում՝ ոչ թե մեկ նիստ, այլ նստաշրջան: Մինչ այդ նիստեր կանեն նաեւ գլխադասային հանձնաժողովները: Հաջորդ շաբաթ՝ հունիսի 25-ին, արտահերթ նիստ է անելու նաեւ ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը: Այսինքն` կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը դեռ մտադիր չէ ՔՊ-ականներին արձակուրդ տալու ու աշխատանքային թեժ անցուդարձի մեջ է պահում իր թիմակիցներին, հավանաբար, ցույց տալու համար, որ չնայած ամռան հանգստի շրջանին ու արձակուրդային տրամադրություններին` նրանք աշխատում են:

Կոռուպցիոն ռիսկեր պարունակող ամենաթիրախային ոլորտը՝ պետգնումները, գրեթե ամենօրյա լուսաբանման ռեժիմում են` ընթերցողին «ավետելով» հերթական գնման հավանական իրավախախտումը։ Այս պայմաններում իշխանությունը երկրի հարյուրավոր ՀԿ-ներից եւ ԶԼՄ-ներց ընտրել է մեկ առողջապահական ուղղվածության ՀԿ (տե՛ս լուսանկարը ArmLur.am կայքում), որի չորս անդամը պետք է հսկողություն իրականացնեն միլիարդավոր դրամների գնումների նկատմամբ։ Սա նշանակում է, որ մեկ կազմակերպություն, առանց մրցակցության, ահռելի վերահսկողական պատասխանատվության տակ է: Իսկ մենաշնորհը միայն բիզնեսում չէ, որ վատ հետեւանքներ ունի. այն մերժելի է ամենուր:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից կիրառված լուսաձայնային նռնակների ու տեղի ունեցած բախումների առիթով հարուցված քրեական վարույթով քննչական կոմիտեն որոշում ունի. մի շարք լրատվամիջոցների լրագրողների եւ օպերատորների հարցաքննությունից հետո հրավիրում են նախաքննական մարմին եւ հայտնում, որ կատարված դեպքերով նրանց ճանաչել են տուժող։ Մնում է սպասել, որ լրատվամիջոցների լրագրողներին ու օպերատորներին վնասներ հասցրած պատասխանատուներին կանչեն պատասխանատվության: Ի դեպ, գրել էինք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցաքննելիս հարցրել էին, թե ինչ կապ ունեն շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ, ում հորդորով կամ շահագրգռությամբ են գնացել Բաղրամյան պողոտա, արդյոք հեռախոսազրույց ունեցել են շարժման առաջնորդի հետ։ Հարցաքննված լրատվամիջոցների ներկայացուցիչները քննիչների խաչաձեւ, բայց նույնաբովանդակ հարցերին պատասխանել էին, որ գնացել են իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելու, ինչը անում են բոլոր դեպքերում ու իրավիճակներում՝ անկախ առաջնորդի ով լինելուց, քանի որ դա իրադարձություն է երկրում, իսկ ԶԼՄ-ներն էլ լուսաբանում են տեղի ունենալիքը։ Հավելենք, որ այս պատկերին զուգահեռ, իրավապահները ակտիվ գործընթաց են սկսել եւ կալանավորում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին։ Ապրիլից մինչեւ օրս՝ տեղի ունեցած ակցիաներին մասնակցության համար պաշտոնապես կալանավորված է 29 քաղաքացի, բայց գործը այսքանով չի ավարտվի. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նոր կալանավորումներ եւս կլինեն»:




Լրահոս