ArmLur.am-ի խմբագրություն վարորդներից ահազանգեր են ստացվում այն մասին, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ում հեղուկ գազի արժեքը 130 դրամից կտրուկ դարձել է 160 դրամ, ինչը վարորդների համար մտահոգիչ է։
Այս խնդրով կապ հաստատեցինք ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞վ է պայմանավորված հեղուկ գազի գնի նման կտրուկ թանկացումը։
ArmLur.am-ի հարցին ՄՊՀ-ի խոսնակը պատասխանեց․
«Մենք բազմաթիվ անգամ հաղորդագրություններ ենք տարածել, որ հեղուկ գազի շուկան կենտրոնացվածության աստիճան չունի, բայց մենք ընդհանուր նայում ենք բենզինի շուկան, որը շուտով կունենանք և ուսումնասիրություններից հետո կհրապարակենք։ Հեղուկ գազի շուկան չունի կենտրոնացվածության աստիճան, ուստի մենք այդ շուկայում գներ չենք կարողանում նայել: Շուկան խիստ մրցակցային է։ Խոշոր տնտեսվարողի՝ շուկայում ունեցած մասնաբաժինը կազմում է շուրջ 10 տոկոս, հետևաբար շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ:
Հիշեցնենք, որ հեղուկ գազի ներմուծում են իրականացնում 86 տնտեսվարող սուբյեկտ»։
Չնայած նրան, որ ՄՊՀ-ից ստացանք պատասխան, այնուամենայնիվ կապ հաստատեցինք նաև «Ֆլեշ» բենզալցակայանի տեղեկատվական բաժնի հետ՝ պարզելու վերոնշյալ հարցի պատասխանը, սակայն «Ֆլեշ» բենզալցակայանից մեզ հորդորեցին զանգահարել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, որտեղից էլ կստանանք մեր հարցի պատասխանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան