Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու բակում վերջին տարիներին ամենաշատը աչքի է զարնում կրակված խաչը: Ի՞նչ խաչ է, ինչպե՞ս հայտնվեց եկեղեցու բակում:
Հաճախ այցելուներին, առաջին հայացքից, թվում է, որ քանդակագործության հերթական դրսևորումն է, սակայն խաչի վրա պատմությունն է քանդակված: Պատմություն, որի մասին խոսում է խաչին կից դրված հուշաքարը, որի վրա գրված է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը՝ գնդակոչված թուրք և սովետական անաստվածների կողմից: Տեղադրվեց այստեղ ի հիշատակ Շիրակի թեմի գնդակահարված հոգևորականների»:
Խաչը Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կամ ինչպես հանրությանն է հայտնի՝ Կարմիր վանքի գմբեթի խաչն է: Եկեղեցին այժմ գտնվում է սահմանային չեզոք գոտում: Այնտեղ կարելի է անցնել միայն հատուկ անցագրով, այն Անիից 5-6 կիլոմետր հեռավորության վրա է միայն:
Բազմաչարչար խաչը, որը կանգուն է մնացել թշնամու գրոհներից, 2015 թվականին ուժեղ քամու հետևանքով ընկել է. այն տեղափոխվել է Գյումրի և տեղադրվել Յոթ Վերք եկեղեցու բակում: Խաչի վրա տարբեր տրամաչափի բազմաթիվ կրակոցների հետքեր կան: Թուրքերն են 1990-ականներին սահմանի այն կողմից կրակել եկեղեցու խաչին: Այժմ եկեղեցու գմբեթին նոր խաչ է տեղադրված, որը նույնությամբ կրկնում է փամփշտահարված խաչը:
Հուրի Բաղդասարյան