ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը մեկնարկել է հունիսի 10-ից և անցկացվում է 3 փուլով։
Հայտագրման գործընթացը իրականացվում է ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։
Հունիսի 10-ից հայտագրումը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ և կտևի մինչև հունիսի 23-ը ներառյալ։ Հարկ է նշել, որ արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։
Հայտագրումը կատարվում է՝ համաձայն 2010թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված կարգի:
Այսօր՝ հունիսի 25-ից, մեկնարկել է երկրորդ փուլով ընդունելությունը, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։
Երրորդ փուլով՝ հուլիսի 2-ից, հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որևէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արտակ Պողոսյանն ArmLur.am-ին հայտնեց, որ 12։30-ի դրությամբ գրանցվել է 20 հազար առաջին դասարանցի։
«Հայաստանի ամբողջ տարածքում արդեն հայտագրվել է 20 հազար առաջին դասարանցի։ Հայտերի ընդունումը շարունակվելու է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, համակարգը բաց է լինելու անընդհատ, որպեսզի, օրինակ՝ արտասահմանից երեխան վերադառնա կարողանա ընդունվել առաջին դասարան»։
Էմմա Միքայելյան