Հունիսի 21-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում կազմակերպվել և անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը 5 հարկանի վարչական շենքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որը ղեկավարում էր ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Գևորգյանը: Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության շտաբի պետն էր Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանը:
Ուսումնավարժությանը մասնակցում էին ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներ, փրկարարական խմբեր, Ոստիկանության պարեկային կարգախումբ և «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ից բրիգադներ։ Ներգրավված էին հիմնական և հատուկ հրշեջ ավտոմեքենաներ՝ համապատասխան գույք-սարքավորումներով, ավտոսանդուղք և անօդաչու թռչող սարք:
Ուսումնավարժանքի նպատակն էր.
• ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը վարչական շենքում պայթունի հետևանքով ստեղծված իրավիճակում հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների իրականացման ուղղությամբ,
• կատարելագործել անձնակազմերի գործնական հմտությունները մարդկանց որոնման և փրկման, ինչպես նաև հրդեհի մարման աշխատանքների ժամանակ:
Համաձայն սցենարի՝ Կապան քաղաքի 5 հարկանի վարչական շենքում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, որի հետևանքով կային փլուզումներ և տուժածներ:
Ուսումնավարժության ընթացքում երկու փուլով ծավալվեցին հրդեհաշիջման, փրկարարական, առաջին օգնության և վթարավերականգնողական աշխատանքներ:
Ներգրավված ուժերն իրականացրեցին հետախուզություն, մարտական լրիվ բացազատում ավտոսանդուղքի միջոցով, պարանային փրկարարական աշխատանքներ՝ պայմանական տուժածներին տանիքից տարհանելու նպատակով, պատգարակով տուժածների տեղափոխում անվտանգ տարածք, փլատակներում մնացած ավտոմեքենայից տուժածների դուրսբերում հատուկ փրկարարական տեխնիկայի միջոցով, ինչպես նաև հատուկ որոնողական սարքերի միջոցով շենքի փլված հատվածից դիակի հայտնաբերում և դուրսբերում։
Ամփոփելով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները՝ վարժանքի ղեկավարը դրական գնահատեց մասնակիցների կատարած աշխատանքը, միևնույն ժամանակ նշեց ի հայտ եկած թերությունները և շեշտեց, որ պարբերաբար իրականացվող նմանօրինակ վարժանքները հնարավորություն են ընձեռում ապահովել ուժերի առավելագույն պատրաստվածությունը և իրական պայմաններում արդյունավետ աշխատելու ունակությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։