Բուժօգնության և խնամքի կարիք ունեցող ՀՀ քաղաքացին Չելյաբինսկից տեղափոխվել է Հայաստան. ՀՀ ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Յուլիա Սուդորենկոն դիմել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ հայտնելով, որ քաղաքային բժշկական հաստատություններից մեկում բուժում ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի առողջական լուրջ խնդիրներ, ինչպես նաև պատշաճ բուժօգնության և խնամքի կարիք։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

«Հանձնակատարը տեղեկացրել է, որ վերջինս բնակվում է միայնակ, չունի հարազատներ, որոնք կարող են ստանձնել նրա խնամքը: Հանձնակատարն իր պատրաստակամությունն է հայտնել նաև քաղաքացուն Հայաստան տեղափոխմանն աջակցելու հարցում:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել Հանձնակատարի ներկայացուցչի հետ՝ գործընթացը կազմակերպելու մանրամասները քննարկելու նպատակով: Ավելի ուշ Հանձնակատարի ջանքերով քաղաքացին՝ բժշկի ուղեկցությամբ, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության արդյունքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով քաղաքացին տեղափոխվել է մասնագիտացված բժշկական հաստատություն, անցել անհրաժեշտ բժշկական հետազոտություններ և ստացել համապատասխան բուժօգնություն:

Դրա հետ մեկտեղ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր անձի ֆունկցիոնալության գնահատման ուղղությամբ՝ հետագայում վերջինիս համապատասխան խնամքի հաստատություն տեղափոխելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է պետական մարմինների հետ կառուցողական աշխատանքը՝ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս