Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը չպետք է նախապայման լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շրջանակային համաձայնագիր կնքելու համար, այս մասին ԱՄՆ Ատլանտյան խորհրդում այսօր տեղի ունեցած «Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եզրին են» թեմայով քննարկմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Ապագայում ինչ-որ պահի, այո՛, Սահմանադրությունն անհրաժեշտ կլինի փոխել, սակայն կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ Հայաստանում դա անելը հեշտ չէ։ Նման պայմանը կխոչընդոտի համաձայնագիր կնքելուն։ Եթե շրջանակային համաձայնագիրը հիմնվում է այն գաղափարի վրա, որ Սահմանադրությունն անհրաժեշտ է փոխել, ապա դա տեղի չի ունենա բազմաթիվ պատճառներով»,- ասա նա։
Նախկին դեսպանի խոսքով՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցին կարող է անդրադարձ արվել համաձայնագրում, որտեղ կարող է նշվել, որ կա Սահմանադրությունը փոխելու մտադրություն, որ Սահմանադրության փոփոխությունը կարող է տեղի ունենալ ապագայում։
«Սակայն այն փոխելու գաղափարը իրատեսական չէ»,- հավելեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։