Աբովյան խոշորացված համայնքի Պտղնի գյուղին հարող Սևան-Երևան մայրուղու հատվածում գտնվող թմբերը փորվել են, հողը տեղափոխել, լցրել են հարակից ձորակը։
Արդյունքում՝ վնասվել է «Գնդասար ՓՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող խողովակաշարը, որի արդյունքում տուժել է և՛ պետությունը, և՛ ՓՀԷԿ-ի սեփականատերը։
Ամեն բան պատմենք հենց սկզբից․
«2023 թվականի հուլիս ամսին ինձ տեղեկացրին, որ հուլիս ամսին ՓՀԷԿ-ի սերվիտուտով հատկացված տարածքի մոտ հողային աշխատանքներ են կատարվում: Ճշտեցինք՝ ովքեր են իրականացնում աշխատանքները և հանդիպեցինք նրանց հետ։ Երբ հանդիպեցինք, ինձ ասացին՝ սխալ տեղ ես կառուցել քո ՀԷԿ-ը, խողովակաշարերը պիֆի հավաքես տանես, որովհետև էս ամբողջ տարածքը, ձորը ներառյալ, մենք ենք ձեռք բերել, մեր սեփականն է»,- ասաց «Գնդասար ՓՀԷԿ»-ի հիմնադիր Սարգիս Գամբուրյանը։
Գնդասար ՓՀԷԿ-ի և Պտղնի համայնքապետի միջև «Կամավոր սերվիտուտի պայմանագիր» կնքվել է 2012 թվականի մայիսի 10-ին։ 12 տարի անց ՀԷԿ-ի աշխատանքը խափանված է և վտանգված։ Սարգիս Գամբուրյանն, ով ՀԷԿ-ի հիմնադիրն է, փաստաթղթեր է ներկայացրել, թե ինչպես է ձեռք բերել հողակտորը, ինչպես է ստացել կառուցապատման համապատասխան թույլտվությունը, տարածքում գտնվող իրեն պատկանող հողամասի սեփականության վկայականը, սակայն ոչինչ չի օգնել՝ աշխատանքները սկսվել են և շարունակվում են։
«Ես ստիպված դիմեցի Աբովյան քաղաքի համայնքապետարան՝ իմ խոսքերը հիմնավորելու համար։ Պատասխան ստացավ, որ, այո՛, ճիշտ եք, հողը համայնքին է պատկանում, որը սերվիտուտի պայմանագրով տրված է ինձ ՀԷԿ-ի կառուցման համար։ Փորձեցի կապվել աշխատանքներ իրականացնողների հետ՝ գրությունը ցույց տալու համար, քանի որ աշխատանքները հասել էին խողովակաշարի սահմանագծին, սակայն ավելի արագացված տեմպով սկսվեցին աշխատանքներ իրականացնել»,- պատմում է Գամբուրյանը։
Ակունք գետը համարվում է սելավատար, որը ոռոգում է նաև Երևան քաղաքի Ավան վարչական շրջանը, որի վթարման արդյունքում բնապահպանական աղետը կլինի անխուսափելի և ամեն ինչ տանում է դրան։ Google Earth-ում կարող ենք տեսնել, թե ինչպես է Երևան-Սևան մայրուղուն հարող տարածքում փոփոխվել ռելիեֆը։
Օրինակ՝ 2014 թվականի քարտեզում ակնհայտ երևում է կանաչապատ տարածքը և գետը, Google-ի կողմից արված հաջորդ նկարը 2015 թվականին է արված, հստակ երևում է, որ աշխատանքներն արդեն սկսել են, 2016, 2017, 2018, 2019-ին լայնածավալ հողալցման աշխատանքներ են իրականացվել։ 2023 թվականի ապրիլին կանաչապատ տարածքը դարձել է անապատային տարածք։ Հարակից բլուրը քանդել և հողը լցրել են ձորակը, իսկ այժմ հարթեցված բլուրի տարածքը վաճառվում է, հեռախոսահամարն անհասանելի էր, բայց ըստ մեր տեղեկությունների՝ տարածքի հողամասը վաճառվում է 4 մլն ԱՄՆ դոլարով։
Սարգիս Գամբուրյանը բազմաթիվ դիմումներ, գրություններ և զեկուցագրեր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին, Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետ Դավիթ Դավթյանին, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին և այլ կառույցների ևս։ «Գնդասար ՓՀԷԿ»-ի սեփականատերը ոչ մի կառույցից մինչ այսօր չի ստացել որևէ պատասխան, սակայն տեղյակ է, որ վարույթ են հարուցել, սակայն ինչ ընթացք ունի վարույթը՝ տեղյակ չէ։
«Ինչքան ես տեղյակ եմ ինչ-որ վարույթ է հարուցվել՝ պետությանը վնաս հասցնելու հանգամանքով: Մեկ անգամ ԱԱԾ-ի Աբովյանի բաժին են ինձ կանչել, դեռ պատասխան չկա»։
Հողատարածքը, որում հողաշինական աշխատանքներից հետո ընդհատվել է ՓՀԷԿ-ի աշխատանքը, դադարել է նաև Ակունք գետի հոսքը, գետի մի մասը արդեն ճահճացել է։ Լցոնված հողի արդյունքում վնասված հողաշերտի տակից դուրս եկող ջուրը լցվում է ՀՀ ՊՆ հատուկ պահպանվող տարածք, որի մի մասը հայտնվել է ճահճի մեջ։
Իսկ, ով է կանգնած այս ամենի հետևում․
Սարգիս Գամբուրյանը «Գնդասար ՓՀԷԿ»-ի տարածքում անօրինական աշխատանքներ կատարելու թեմայով զրուցել է ոմն Մհեր Բաղդասարովի հետ, ով հանդիսանում է ձեռք բերված հողամասի սեփականատերը։ Զրույցի ընթացքում նրանք ոչ մի ընդհանուր հայտարարի չեն եկել։
Ավելին՝ ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Գնդասար ՓՀԷԿ»-ի տարածքում շինարարություն իրականացնող անձինք փոխկապակցված են Կոտայքի մարզի նախկին մարզպետ, այժմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հետ։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մհեր Բաղդասարովը և Պավել Ցուգունյանն են ՀԷԿ-ի տարածքում իրականացնում շինաշխատանքներ, ովքեր ունեն ուղիղ հովանավորչություն Ռոմանոս Պետրոսյանի կողմից։
Ավելի պարզեցնենք կապի շղթան․ ըստ մեր աղբյուրի՝ Ռոմանոս Պետրոսյանի տեղակալի օգնական, «Կոտայք» ՋՕԸ նախկին տնօրեն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար, այժմ Աբովյան համայնքի ՔՊ-ական ավագանու անդամ Պավել Ցուգունյանը Ռոմանոս Պետրոսյանի կնոջ քեռու որդին է։ Ահա և հովանավորչության վերջին օղակը։
Ինչ են պատասխանում գերատեսչությունները․
ArmLur.am-ը հարցումներով դիմել է ՀՀ ՊՆ, ՀՀ Կադաստրի կոմիտե և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարներին, խնդրել ենք ներկայացնել նյութի շրջանակներում իրականացված աշխատանքների և սպասվելիք աշխատանքների մասին՝ ուղղելով հստակ ոլորտային հարցեր։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանից ստացանք հետևյալ գրությունը․
«ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարի և նշված ընկերության միջև կնքվել է կամավոր սերվիտուտի պայմանագիր, որի շրջանակներում Պտղնի համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0,17432 հա մակերեսով ջրային նպատակային նշանակության հողամասը ճնշումային խողովակաշար անցկացնելու նպատակով և սահմանափակ օգտագործման իրավունքով հանձնվել է ընկերությանը։ Միաժամանակ գրությամբ նշվել է, որ այդ հողամասում կատարվում են հողային աշխատանքներ՝ վտանգելով խողովակաշարը, ինչպես նաև հնարավոր է դրա արդյունքում փոփոխվի «Ակունք» սելավատարի հունը։
Փաստի առթիվ հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ այդ տարածքին հարակից հողամասում վերջինիս սեփականատեր՝ Պտղնի գյուղի բնակիչ Մհեր Բորիսի Բաղդասարովի կողմից իրականացվում են հողային աշխատանքներ (հողի քանդման և դուրսբերման)։ Նշված հողամասերին կից Ակունք սելավատարի ողջ երկայնքով (բացառությամբ կենտրոնական հատվածի), ինչպես նաև խողովակաշարի հատվածում լցված են եղել հողագրունտ և շինարարական թափոններ։ Պարզվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Բալահովիտ և Պտղնի գյուղերի վարչական թվով 11 կադաստրային ծածկագրերով՝ 12732 մ2 մակերեսով տարածքներում տեղադրվել են հողագրունտ և շինարարական թափոններ»,- ասված է հաղորդագրություններում։
Արձանագրենք մեկ փաստ, որ նշված տարածքում շինարարական թափոններ չկան, և արձանագրենք, որ Տեսչությունը շրջանցել է Ակունք սելավատարի հունի փոխման կամ փակման հանգամանքը մեկնաբանել, սակայն արձանագրում ենք, որ համաձայն գրության՝ պետությանը հասցվել է 18 մլն 30 հազար դրամի վնաս։
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հողալցման աշխատանքները վնաս չեն պատճառել։ Սակայն գրությունում ասվում է, որ հողային աշխատանքների իրավաչափության ուսումնասիրության արդյունքում կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով։
ՀՀ Կադաստրի կոմիտեից փոխանցեցին, որ հնարավոր կլինի պատասխանել համապատասխան կոորդինատային համակարգի առկայության դեպքում։
Այսպիսով՝ «Գնդասար ՓՀԷԿ»-ին սերվիտուտով սահմանված տարածքում աշխատանքներ իրականացվող հողալցման աշխատանքներն անօրինական են, այն իրականացվել է առանց սեփականատիրոջ համաձայնության։ Հողային բլուրը փորվել և հարթեցվել է վաճառքի նպատակով, պետությանը հասցվել է 18 մլն դրամի վնաս, ոչ մի գերատեսչություն պատշաճ որևէ գրության, հարցման չի պատասխանել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան