Հայաստանը զենք-զինամթերք է ձեռք բերում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մինչև այս պահը ձեռք բերված բոլոր զենքներն օգտագործվելու են միայն ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար»,- ասաց նա։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ տարածաշրջանի խաղաղության համար պատասխանատու են բոլորը, առաջին հերթին՝ տարածաշրջանային երկրները, բայց նաև միջազգային գործընկերները։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը՝ Գրիգորյանը նշեց․
«Բնականաբար, Հայաստանին անհանգստացնում են նման հաղորդագրությունները, որովհետև միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի որևէ քայլ չի եղել, կրակոցներ չեն եղել, մեզ անհանգստանցում է, որ նման կեղծ լուրեր են տարածում, բայց նաև խնդրին լուծում տալու նպատակով մենք Ադրբեջանին առաջարկել ենք, որպեսզի համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծենք՝ դա կարող է լինել քննչական կամ այլ մարմիններ»,- ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը դեռևս Հայաստանի այս առաջարկին չի արձագանքել։
«Եթե Ադրբեջանը պնդումեր է կատարում, որ այդպիսի դեպքեր են եղել, բնականաբար, Հայաստանն ասում է, որ նման բան չի եղել, մենք վստահ ենք, որ չի եղել, եթե Ադրբեջանը հետաքրքրված է իրականությունով, ապա, կարծում եմ, որ առաջարկը լավ հնարավորություն է»,- նշեց նա։