Փարաքարի նախկին ղեկավարն ու Մերձավանի ղեկավարը կալանավորվել են․ պաշտոնից ազատվելու հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Փարաքար համայնքի ղեկավարի, Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի և նույն համայնքի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձը, պաշտոնավարման ընթացքում նպատակ է հետապնդել համայնքին պատկանող՝ Փարաքար համայնքի բնակավայրերից մեկում գտնվող 63.2 քմ մակերեսով տնտեսական շինությունը, 70.2 քմ մակերեսով ծածկը և սպասարկման համար անհրաժեշտ՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.3027 հա մակերեսով հողամասը 2022թ․ դեկտեմբերի 9-ին կայանալիք աճուրդի միջոցով օտարել այդ բնակավայրի վարչական ղեկավարի նախընտրած անձին։

Այդ նպատակով նրանք, խմբի կազմում, իշխանական և ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նշված՝ հայտարարված աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանցից սահմանված կարգով հայտեր ընդունող առաջատար մասնագետին հանձնարարել են մինչև հայտերի ընդունման համար սահմանված ժամանակահատվածի ավարտը լքել աշխատանքի վայրը՝ այդ կերպ ստեղծելով խոչընդոտներ հայտեր ներկայացնելու ցանկություն ունեցող քաղաքացիների համար:

Առաջատար մասնագետն իր հերթին, պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դիտավորությամբ, չի կատարել ծառայողական պարտականությունները և կատարելով ստացված ապօրինի հանձնարարությունը՝ հայտեր ներկայացնելու վերջին օրը լքել է աշխատանքի վայրը:

Բացի այդ, վերջինս, վերոնշյալ պաշտոնատար անձանց հանձնարարությամբ, աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել բնակավայրի վարչական ղեկավարին։ Վերջինս, Փարաքար համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձի գիտությամբ և թողտվությամբ, ինչպես անձամբ, այնպես էլ՝ այլ անձանց միջոցով, 2022թ․ դեկտեմբերի 6-ին հանդիպել է հիշյալ աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած բնակիչների հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց, նրանց տարբեր եղանակներով համոզել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածել աճուրդով օտարման ենթակա հիշյալ անշարժ գույքերն ի սկզբանե իրեն պատկանելու վերաբերյալ՝ արգելելով վերջիններիս աճուրդին մասնակցելու հայտեր ներկայացնել:

2022թ․ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ձևական աճուրդում հաղթող է ճանաչվել բնակավայրի վարչական ղեկավարի նախընտրած անձը, որից հետո Փարաքար համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձի կողմից 2022թ․ դեկտեմբերի 12-ին կայացվել է հիշյալ գույքերն աճուրդում հաղթող ճանաչված անձին օտարելու մասին որոշում, ինչի հիման վրա կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր։ Արդյունքում՝ վերոնշյալ գույքերը 17.699.130 ՀՀ դրամով ապօրինի օտարվել է այդ անձին։

Նշված 3 պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում էական վնաս է պատճառվել ինչպես աճուրդին մասնակցության ցանկություն հայտնած անձանց, այնպես էլ Փարաքար համայնքի օրինական շահերին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երեք պաշտոնատար անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Նշված անձինք ձերբակալվել են, և նրանց ներկայացվել են մեղադրանքներ։ Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Փարաքար համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձի, նույն համայնքի համապատասխան բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Առաջատար մասնագետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս