Փարիզն առաջնորդվում է ոչ թե Հայաստանի և նրա ժողովրդի շահերով, այլ ձգտում է Երևանն օգտագործել որպես գործիք՝ սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Պետերբուրգյան միջազգային իրավական ֆորումում լրագրողների համար ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Հայաստանի կողմից ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային կայանքների գնման պայմանագիրը։
«Դա մի կողմից Փարիզի քաղաքականության մի մասն է՝ լինել ամենուր և միևնույն ժամանակ պատասխանատվություն չկրել: Մյուս կողմից՝ եթե խոսենք Կովկասյան տարածաշրջանի մասին, ապա հասկանում ենք, որ կա խաղաղության ծրագիր, ճանապարհային քարտեզ՝ այնտեղ իրավիճակի կարգավորման, տնտեսական հումանիտար ծրագրի հնարավորության բացման, փոխադարձ համագործակցության նպատակով լոգիստիկա կառուցելու համար։ Այդ ամենն ամրագրված է Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև ձեռք բերված համաձայնագրերում: Մոսկվան հանդես է գալիս ազնիվ, բաց միջնորդի դերում, ինչն էլ կատաղի խանդ է առաջացնում Արևմուտքում, որն այդ տարածքը համարում է իր շահերի գոտին և, չհասնելով որևէ արդյունքի, հերթական քաոսն է նախապատրաստում, հնարավոր է, որ դա դիտարկի որպես հատուցում խաղաղասիրական ջանքերին, որոնք գործադրել է Ռուսաստանը, որոնք արդյունք են տվել և ուրվագծել բազմամյա փակուղուց դուրս գալու ուղին»,- ասել է Զախարովան:
Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ նրանք, ովքեր նման առաջարկներ են բերում տարածաշրջան, ինչպես Փարիզը, վատ խորհրդատուներ են, նրանք գործը տանում են դեպի աղետ։
«Մենք լսում ենք հակամարտությունների վերսկսման ներուժի հռետորաբանություն, և այդ ամենն ասում են ֆրանսիացի պաշտոնյաները»,- նշել է Զախարովան։