Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանի գլխավորությամբ 2 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել Հունաստանում անցկացված Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Չեմպիոնի կոչմանն արժանացել են Հովհաննես Հովհաննիսյանն ու Վալերիկ Մովսիսյանը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը երկամարտի 306 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։ Պոկում վարժությունում Ղազարյանը բարձրացրել է 138 կգ կշռող ծանրաձողը և արժանացել փոքր բրոնզե մեդալի։ Հրում վարժությունում Ղազարյանը ցույց է տվել 168 կգ արդյունք և նվաճել փոքր արծաթե մեդալ։
Տղաների պայքարում պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Նարեկ Գրիգորյանը, Վոլոդյա Սարգսյանը և Աշոտ Գասպարյանը:
67 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երկամարտի 264 կգ արդյունքով (119+145 կգ)։ 55 կգ քաշային Վոլոդյա Սարգսյանը երկամարտում ցույց է տվել 217 կգ արդյունք (95+122 կգ), իսկ 81 կգ քաշային Աշոտ Գասպարյանը՝ 288 կգ (129+159 կգ):
Աղջիկների պայքարում բրոնզե մեդալներ են նվաճել Քրիստինե Բաբայանը (40 կգ) և Մերի Միսակյանը (64 կգ):