ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել մեկ հարց՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի ներկայացում:
Իրականացված աշխատանքները ներկայացրել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նա ոլորտի որոշ թվային տվյալներ է ներկայացրել՝ նշելով, որ բուհական եւ գիտական համակարգում ներկա պահին գործում է 60 լիցենզավորված բուհ, որոնցում սովորում է 75 հազար ուսանող, եւ 44 գիտական կազմակերպություն, որոնցում ներգրավված է 3 հազար 584 հետազոտող: Ինչպես հայտնի է, քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ունենալ 6 կլաստեր:
Ինչ վերաբերում է տեղանքին, ապա ակադեմիական քաղաքը կկառուցվի Երեւանի 17-րդ թաղամասին հարող 680 հա տարածքում: Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերությունը մշակում է նաեւ քաղաքի լանդշաֆտի դիզայնի, քաղաքաշինական զարգացման պլանը՝ հաշվի առնելով մի շարք գործոններ. ջրահեռացման ցանց, կանաչապատում, էկոհամակարգ, քաղաքից հորիզոնի եւ տեսադաշտի վերլուծություն, շինարարության եւ հարկայնության սահմանափակումներ եւ այլն: Անդրադառնալով ծրագրի ֆինանսավորմանը՝ ԲԿԳ կոմիտեի նախագահն ընդգծել է, որ ակադեմիական քաղաքի կառուցումը շուրջ 1,2 տրիլիոն դրամ կկազմի:
ԿԳՄՍ նախարարն էլ նշել է, որ պլանավորում են փուլային իրականացնել ծրագիրը, որովհետեւ «եթե այս ահռելի ու մեծ ծավալի աշխատանքը սկսենք միանգամից ու ամեն տեղում, որեւէ արդյունքի չենք հասնի: Միջազգային գործընկերների հետ աշխատում ենք համագործակցության սկզբունքով, որպեսզի սովորենք նաեւ իրենցից: Հենց այդ պատճառով է, որ գերմանական ճարտարապետական ընկերության գործընկերը Երեւանի ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանն է, որն ակտիվ ներգրավված է իրականացվող գործընթացներում: Այս պահին տարածքում երկրաբանական հետազոտություններ են ընթանում, Բուսաբանության ինստիտուտի հետ են աշխատանքներ տարվում, զուգահեռաբար տրանսպորտային նախագիծն է մշակվում, եւ նման այլ գործընթացներ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով, թե ինչպիսի ենթակառուցվածքներ են նախատեսվում քաղաքում, օրինակ՝ 35 հազար տեղանոց ազգային ստադիոն եւ ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ: