«Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերությունը շարունակում է ներկայացնել ուղեցույցներ, օգտակար տեղեկատվական նյութեր գործընկերների համար։ Այս անգամ ներկայացնում ենք Վճռաբեկի դատարանի վերջին նախադեպային որոշումներից մի քանիսը, որոնք վերաբերում են հետևյալ հարցերին․
1․ Հավասարազոր աշխատանքի առաջարկ:
2․ Վնասի հատուցում:
3․ Բաժնեմասի արժեքի վճարում:
4․ Ֆիզիկական անձի սնանկությունը:
5․Հանրային դրամական պահանջ:
6․ Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճար:
7․ Ստուգման ժամկետների հաշվարկման առանձնահատկությունները:
8․ Վարչական ակտի կասեցման առանձնահատկությունները:
9․ Երրորդ անձի կարգավիճակը վարչական դատավարությունում:
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
ԸՍՏ ԻՐԱՎԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հավասարազոր աշխատանքի առաջարկ
Իրավական հարցը. ԵԴ/9658/02/21 17.04.2024թ.
Վճռաբեկ դատարանն անդրադարձել է աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով լուծելու պարագայում իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու առանձնահատկություններին պետական ոչ առևտրային կազմակերպություններում՝ նաև վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները:
Դիրքորոշումը․
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:
Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել նաև գործատուի նախաձեռնությամբ։ Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմք է նաև աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելը։ Ընդ որում նշված հիմքով գործատուն իրավունք ունի լուծելու աշխատողի հետ ինչպես անորոշ ժամկետով, այնպես էլ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը՝ նախքան դրա գործողության ժամկետի լրանալը։ Միևնույն ժամանակ օրենսդիրը, հաշվի առնելով աշխատողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության կարևորությունը, վերը նշված հիմքով պայմանագիրը լուծելու հնարավորությունը պայմանավորել է միաժամանակյա պարտադիր պայմանների առկայությամբ՝ սահմանելով, որ՝
1) նախ, գործատուն իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում պետք է աշխատողին առաջարկի նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, և
2) աշխատողը պետք է հրաժարված լինի առաջարկված աշխատանքից:
Առանց վերը նշված պարտադիր պայմաններն ապահովելու գործատուն կարող է աշխատանքային պայմանագիրը նշված հիմքով լուծել բացառապես այն դեպքում, երբ իր մոտ բացակայում է աշխատողին նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու հնարավորությունը:
Վերը նշված իրավակարգավորումների շրջանակներում անդրադառնալով գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու առանձնահատկություններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, նախատեսելով աշխատողի անձնական հատկանիշներով, որակավորմամբ, կատարած աշխատանքի որակով չպայմանավորված հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման հնարավորություն, այնուամենայնիվ սահմանել է նաև աշխատողների իրավունքները պաշտպանելու երաշխիքներ։
Որոշումը.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Վնասի հատուցում
Իրավական հարցը. ԵԴ/1290/02/19 22.03.2024թ.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը անդրադարձել է վնասի հատուցման հիմքերին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Դիրքորոշումը․
ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի ու 1058-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի (տե’ս, օրինակ, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ անհրաժեշտ է համարել առավել մանրամասնորեն անդրադառնալ պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին՝ արտահայտելով իրավական դիրքորոշում առ այն, որ՝
– վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի` օրենքով պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետևանքն է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ),
– հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով,
– ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ,
– վնաս պատճառող անձի մեղքը նրա սուբյեկտիվ վերաբերմունքն է իր ոչ օրինաչափ գործողության (անգործության) և առաջացած հետևանքի` վնասի նկատմամբ, ինչը կարող է դրսևորվել թե՛ դիտավորության և թե՛ անզգուշության ձևով: Ընդ որում, վնասի հատուցման հարաբերություններում գործում է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի դեռ վերջինս չի ապացուցել վնաս պատճառելու հարցում իր մեղքի բացակայությունը: Օրենքով նախատեսված դեպքերում պատճառված վնասի համար պատասխանատվությունը կարող է վրա հասնել նաև վնաս պատճառող անձի մեղքի բացակայության պարագայում (տե՛ս Նելլի Մկրտչյանն ընդդեմ «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):
Որոշումը.
Բաժնեմասի արժեքի վճարում
Իրավական հարցը. ԵԱՔԴ/4979/02/17 07.05.2024թ.
Վճռաբեկ դատարանը անդրադարձել է բաժնեմասի արժեքը վճարելուն պարտավորեցնելու գործերով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի` ընկերությունից դուրս գալու կամ հեռացվելու հետ կապված հաշվարկների իրականացման գործընթացում ապացույցների թույլատրելիության իրավական խնդրին՝ վերահաստատելով փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում եղած բոլոր ապացույցները գնահատելու վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումները:
Դիրքորոշումը․
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները պատասխանատու չեն նրա պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:
Օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ ընկերության մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ դուրս գալ ընկերությունից` անկախ ընկերության կամ նրա մասնակիցների համաձայնությունից: Ընկերության մասնակցի` ընկերությունից դուրս գալու հետ կապված հաշվարկները կատարվում են նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:
Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընկերության մասնակցի` ընկերությունից դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից նրա բաժնեմասը փոխանցվում է ընկերությանը: Ընկերությունը պարտավոր է ընկերությունից դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից` 6 ամսվա ընթացքում, մասնակցին վճարել բաժնեմասի (կանոնադրական կապիտալում նրա ավանդի ոչ լրիվ վճարման դեպքում` վճարված մասին համապատասխան բաժնեմասի) արժեքը, որը որոշվում է ընկերությունից դուրս գալու մասին դիմումը ներկայացնելու պահին ընկերության վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունների հիման վրա:
Այսինքն՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի՝ ընկերությունից դուրս գալու դեպքում նյութաիրավական օրենսդրությամբ սահմանված փաստը, տվյալ դեպքում բաժնեմասի արժեքը, ենթակա է որոշման նյութական օրենսդրությամբ կանխորոշված ապացույցով, այն է՝ ընկերությունից դուրս գալու մասին դիմումը ներկայացնելու պահին ընկերության վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվություններով: Հետևաբար ի հավաստումն բաժնեմասի վճարման փաստի (այդ թվում՝ արժեքի որոշման)` դատարանն իրավունք չունի ընդունել այլ ապացույցներ, հետազոտել դրանք և դնել վճռի հիմքում։
Հետևաբար այն դեպքում, երբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցն օրենքով սահմանված կարգով չի օգտվում տարեկան հաշվետվությունները հաստատելու վերաբերյալ ընդհանուր ժողովի որոշումը դատական կարգով բողոքարկելու՝ Օրենքով իրեն վերապահված իրավունքից, ապա այլ հայցապահանջի (տվյալ դեպքում՝ բաժնեմասի արժեքը վճարելու պարտավորեցնելու) շրջանակներում զրկվում է համապատասխան ապացույցը վիճարկելու, դրա արժանահավատությունը կասկածի տակ դնելու և նյութական օրենքով կանխորոշված միակ թույլատրելի ապացույցի արժանահավատությունը հերքելու նպատակով այլ ապացույցներ ներգրավելու հնարավորությունից:
Որոշումը.
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐ
Ֆիզիկական անձի սնանկությունը
Իրավական հարցը․ ՍնԴ/0350/04/23 06.12.2023թ.
Վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը անդրադառձել է ֆիզիկական անձանց կողմից կամավոր սնանկության դիմում ներկայացվելու դեպքերում իր սնանկության մասին տեղեկությունները հրապարակելու առանձնահատկություններին։
Դիրքորոշումը․
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 11-րդ գլխում տեղ գտած՝ 93-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական անձի սնանկության մասին տեղեկությունների հրապարակումն իրականացնում է տվյալ ֆիզիկական անձը, եթե սնանկ ճանաչելու դիմումը ներկայացրել է ինքը:
Վերը նշված նորմերից հետևում է, որ օրենսդիրը, ի տարբերություն Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված ընդհանուր կանոնի, նույն Օրենքի 93-րդ հոդվածի 6-րդ մասով համապատասխան առանձնահատկություն է սահմանել ֆիզիկական անձանց կամավոր սնանկության դիմումի առումով՝ ֆիզիկական անձի կողմից կամավոր սնանկության դիմում ներկայացվելու դեպքերում սնանկության մասին տեղեկությունները հրապարակելու պարտականությունը դնելով հենց տվյալ ֆիզիկական անձի վրա։Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմք ընդունելով Օրենքի 91-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումը, ֆիզիկական անձի՝ կամավոր սնանկության դիմումի հիման վրա հարուցված սնանկության դեպքում ենթակա է կիրառման հենց Օրենքի 93-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնը։Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված հատուկ կանոնը բխում է ֆիզիկական անձանց, ինչպես նաև կամավոր սնանկության վարույթների առանձնահատկություններից, երբ պարտապան ֆիզիկական անձին իր իսկ դիմումի հիման վրա հարուցված սնանկության վարույթի շրջանակներում տրվում է ակտիվ դերակատարություն՝ հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ անհրաժեշտ տեղեկատվությունը գտնվում է նրա տնօրինման ներքո, և վերջինիս կողմից դրանց հրապարակումը ենթադրում է ժամանակի ու միջոցների խնայողություն։
Որոշումը.
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
Հանրային դրամական պահանջ
Իրավական հարցը․ ՎԴ/5468/05/21 18.04.2024թ. , ՎԴ/4042/05/20 25.04.2024թ.
Վճռաբեկ դատարանն անդրադարձել է այն հարցին, թե որոնք են վարչական իրավախախտման վերաբերյալ որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման առանձնահատկությունները։
Դիրքորոշումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը բացակայում է, եթե առկա է հետևյալ իրավիճակներից որևէ մեկը․
– Ծառայությանը չի ներկայացվել հարկադիր կատարման ենթակա որոշումը,
-Ծառայությանը չեն ներկայացվել որոշման մասին իրազեկելու և ըստ այդմ՝ ուժի մեջ մտած լինելու փաստի վերաբերյալ ապացույց (ապացույցներ),
-որոշման մասին իրազեկման փաստի վերաբերյալ ներկայացված ապացույցներն ամբողջական կամ բավարար չեն վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու հանգամանքը հաստատված համարելու համար (օրինակ՝ ներկայացված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 30․08․2006 թվականի «Փոստային կապի ազգային օպերատորի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվող՝ այդ թվում նաև պատվիրված նամակների ընդունման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 224-Ն հրամանով հաստատված CN 15 բլանկը, սակայն ներկայացված չէ որոշումը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու վերաբերյալ ապացույց կամ հակառակը, կամ CN 15 բլանկի վրա նշված վերադարձի ամսաթիվը հաջորդում է վարչական ակտը կայքում տեղադրելու ամսաթվին),
-ուժի մեջ մտած որոշումը դեռևս անբողոքարկելի չի դարձել, այն է՝ չի ավարտվել տվյալ որոշումը վարչական և դատական կարգով բողոքարկելու ժամկետը,
-դրամական պահանջները ներկայացվել են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եռամսյա ժամկետի խախտմամբ,
-Ծառայությանը ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին։
Վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ եթե ըստ վարչական մարմնի կողմից Ծառայություն ներկայացված համապատասխան ապացույցների՝ հարկադիր կատարման ենթակա որոշման ուժի մեջ մտնելու ամսաթիվը և (կամ) անբողոքարկելի դառնալու ամսաթիվը չեն համընկնում վարչական մարմնի կողմից ներկայացված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կատարման վերաբերյալ գրության մեջ նշված՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դարձած լինելու ամսաթվերին, ապա նման անհամապատասխանությունը չի բացառում հարկադիր կատարման իրավահարաբերության առկայությունը, եթե վարչական ակտի իրազեկման վերաբերյալ ապացույցներից միանշանակորեն հետևում է, որ գրությունը հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելու պահի դրությամբ կատարման ներկայացված վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը պատշաճ ծանուցված է, ըստ այդմ ուժի մեջ մտած ու անբողոքարկելի դարձած է։
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու հայցապահանջի վարչադատավարական կարգով քննությունը պետք է նպատակաուղղված լինի կատարողական վարույթի հարուցման փուլում հարկադիր կատարողին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրացման իրավաչափությունը ստուգելուն․ այն է՝ առկա են եղել հարկադիր կատարողի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու, թե՞ կատարողական վարույթ հարուցելու լիազորության իրացման անհրաժեշտ հիմքեր։
Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճար
Իրավական հարցը․ ՎԴ/0982/05/22 18.04/2024թ.
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 16.2-րդ հոդվածի կարգավորման շրջանակում համայնքային վճարովի ավտոկայանատեղի կահավորանքի վերաբերյալ «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված գրությունը հանդիսանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման փաստը հաստատված համարելու և նույն հոդվածի սանկցիայի կիրառմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու համար թույլատրելի ապացույց այն պայմաններում, երբ համայնքային վճարովի ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը վերապահված է նշված իրավաբանական անձին։
Դիրքորոշումը․
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ 26․02․2021 թվականին ուժի մեջ մտած ՀՕ-38-Ն օրենքով սահմանվել են էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով հայտաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները, հանգել է այն եզրակացության, որ էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտով անձը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124․7-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական վճարը չվճարելու համար, եթե այդ վարչական վարույթում ձեռք բերված թույլատրելի ապացույցները՝ տրանսպորտային միջոցի կայանումն ամրագրած տեսանյութը և (կամ) լուսանկարը, տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալները, տվյալ համայնքային վճարովի ավտոկայանատեղում իրավախախտման ամրագրման օրվա դրությամբ կահավորանքի տարրերի առկայության մասին վկայող այլ ապացույցներն իրենց համակցության մեջ փոխանցում են տվյալ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու վերաբերյալ այնպիսի բովանդակությամբ տեղեկատվություն, որը հստակ պատկերացում է տալիս այդ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի մակնիշի և պետհամարանիշի, համայնքային վճարովի ավտոկայանատեղիի վայրի, կահավորանքի տարրերից յուրաքանչյուրի, տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ կատարված վճարումների մասին, և որոնց զուգորդված համադրման միջոցով հնարավոր է հանգել անկասկած հետևության՝ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում սահմանված անվճար ժամանակահատվածից ավելի ժամանակով կայանված լինելու և սահմանված չափով տեղական վճարը վճարված չլինելու փաստերի միաժամանակյա առկայության մասին:
Ամբողջ վերոգրյալի հիման վրա անդրադառնալով սույն գործով բարձրացրած իրավական հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ բոլոր այն դեպքերում, երբ Օրենքի իրավակարգավորումների շրջանակում համայնքային վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու իրավասությունը վերապահված է մասնավոր սուբյեկտի, ապա ավտոկայանատեղի վայրի և կահավորանքի առանձին տարրերի առկայության վերաբերյալ վերջինիս տրամադրած գրությունը (տեղեկանքը կամ այլ փաստաթուղթը), կարող է հանդիսանալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման փաստը հաստատված համարելու և նույն հոդվածի սանկցիայի կիրառմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու համար թույլատրելի ապացույց, եթե դրանում նշված տեղեկատվությունները հնարավորություն են տալիս գնահատելու կոնկրետ ավտոկայանատեղի վայրում ավտոկայանատեղի կահավորանքի տարրերից յուրաքանչյուրի առակայությունը, այն պայմանով, որ վերջինիս բովանդակությունը չի հակասում ավտոկայանատեղում տրանսպորտային միջոցի կայանումն ամրագրած տեսանյութից և տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալներից ստացված տեղեկատվությանը։
Որոշումը.
Ստուգման ժամկետների հաշվարկման առանձնահատկությունները
Իրավական հարցը․ ՎԴ6/0335/05/11 25.04.2024թ.
Սույն վարչական գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադարձել է ստուգման ժամկետների հաշվարկման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Դիրքորոշումը.
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական մարմնի պարտականությունն է հետևել, որ ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտը պատշաճ կերպով և ժամանակին ուղարկվի ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին՝ այդպիսով ապահովելով նախաձեռնվող գործողության՝ ստուգման ժամկետի երկարաձգման կամ կասեցման, պատշաճ իրականացումը (տե’ս, «Գլոբալափարալ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի թիվ ՎԴ/10261/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2022 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոնշյալ դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ստուգումը կասեցնող ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից: Քանի դեռ ստուգվող օբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը չի տեղեկացվել ստուգումը կասեցնող համապատասխան անհատական իրավական ակտի մասին և ըստ այդմ՝ վերջինս չի մտել ուժի մեջ, չեն կարող վրա հասնել այդ ակտով սահմանված իրավական հետևանքները, այն է՝ ստուգման ժամկետը չի կարող համարվել կասեցված: Ստուգումը կարող է կասեցվել միայն մինչ ստուգման ժամկետի ավարտը։ Եթե ստուգումը կասեցնելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ լրացել է ստուգման ժամկետը, ապա ստուգման ժամկետը համարվում է չկասեցված, հետևաբար նաև՝ ավարտված, որպիսի պայմաններում ստուգումն իրականացնող իրավասու մարմնի միակ լիազորությունն է ամփոփել ստուգման արդյունքները և խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմել տեղեկանք, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում` ակտի նախագիծ։
Որոշումը.
Վարչական ակտի կասեցման առանձնահատկությունները
Իրավական հարցը. ՎԴ6/0311/05/23 25.04.2024թ.
Վճռաբեկ դատարանն անդրադարձել է վիճարկման հայցը վարույթ ընդունելու հիմքով վիճարկվող վարչական ակտը կասեցվելու ընդհանուր կանոնից սահմանված բացառությանը՝ կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումը վիճարկելու պարագայում՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները։
Դիրքորոշումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտերի պարտադիրության սկզբունքի արդյունավետ իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանել է վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետևանք համարվող վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման ընդհանուր կանոնից բացառություն՝ այն դեպքերի համար, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ։ Այդուհանդերձ, հավասարակշռելով վիճելի իրավահարաբերությունների բոլոր մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ապահովումը, օրենսդիրը հնարավոր է համարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված բացառության հաղթահարումը՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը չկասեցնելու հետևանքով զգալի վնաս կրելը կամ իր իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալը հիմնավորող փաստարկներ ու ապացույցներ հայցվորի կողմից ներկայացվելու պարագայում։Վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետևանք համարվող վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման ընդհանուր կանոնից բացառություններ սահմանելն ինքնանպատակ չէ։ Այն միտված է վիճարկվող վարչական ակտի կատարումն արհեստականորեն խոչընդոտելու հնարավորությունների բացառմանը, որպիսի նպատակի իրագործման համար օրենսդիրը, նախատեսելով վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման ընդհանուր կանոնից բացառություն հանդիսացող դեպքերի սպառիչ ցանկ, միաժամանակ նախատեսել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում դատարանները կարող են հաղթահարել այդ բացառությունը և կայացնել վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշում։Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտերի պարտադիրության սկզբունքի արդյունավետ իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանել է վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետևանք համարվող վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման ընդհանուր կանոնից բացառություն՝ այն դեպքերի համար, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ։ Այդուհանդերձ, հավասարակշռելով վիճելի իրավահարաբերությունների բոլոր մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ապահովումը, օրենսդիրը հնարավոր է համարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված բացառության հաղթահարումը՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը չկասեցնելու հետևանքով զգալի վնաս կրելը կամ իր իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալը հիմնավորող փաստարկներ ու ապացույցներ հայցվորի կողմից ներկայացվելու պարագայում։
Որոշումը.
Երրորդ անձի կարգավիճակը վարչական դատավարությունում
Իրավական հարցը. ՎԴ/9473/05/21 09.04.2024թ.
Վճռաբեկ դատարանն անդրադարձել է վարչական դատավարությունում երրորդ անձի կարգավիճակին, ինչպես նաև հետևյալ իրավական հարցադրմանը․ հայրության ճանաչման գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործով դատավարության մեջ զավակի մայրը պե՞տք է արդյոք ներգրավվի որպես երրորդ անձ։
Դիրքորոշումը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:
«Երրորդ անձ» հասկացության՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասով տրված բնորոշումից բխում է, որ վարչական դատավարությունում երրորդ անձինք են.
– այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով,
– այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կամ մարմինները, որոնց իրավունքները կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով,
– այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է ընդունվելիք դատական ակտը,
– այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:
Այսպիսով, ֆիզիկական կամ իրավաբանական անձին երրորդ անձի կարգավիճակով վարչական դատավարությունում ներգրավելու չափանիշը տվյալ դատական գործով ընդունվելիք դատական ակտի՝ անձի այս կամ այն իրավունքին առնչվելու, իրավունքները շոշափելու հավանականությունն է:
Երրորդ անձինք դատավարությունում ներգրավվում են ինչպես իրենց կողմից ներկայացված դիմումի հիման վրա, այնպես էլ ՀՀ վարչական դատարանի նախաձեռնությամբ: Ընդ որում, այն դեպքում, եթե դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է այս կամ այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ մարմնի վրա՝ ՀՀ վարչական դատարանը կրում է իր նախաձեռնությամբ տվյալ անձին կամ մարմնին դատավարությունում որպես երրորդ անձ ներգրավելու պարտականություն, որպիսի պարտականության չկատարումը դատական ակտն անվերապահորեն բեկանելու հիմք է. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտը շոշափում է դատավարության մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները:
Որոշումը.