ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայում իր գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ խոսելով նաև տարածաշրջանային գործընթացներից:
Միրզոյանը մասնավորապես ասել է, որ Թուրքիայի հետ Հայաստանը պատրաստ է ամբողջովին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, բացել սահմանները և կարգավորել հարաբերությունները։
ArmLur.am-ը կապ է հաստատել քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ՝ պարզելու՝ ի՞նչ կարող է նշանակել Միրզոյանի նման հայտարարությունը։
Մեզ հետ զրույցում քաղաքագետն ասաց, որ Հայաստանի բոլոր կառավարություններն ու նախագահները նման հայտարարություն արել են և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, և՛ մյուսների, որոնք ասում են, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ ստեղծել, ճանապարհներ բացել, դիվանագիտական հարաբերություններ ունենալ: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիան ինքն է հրաժարվում և Արցախի պատերազմի ժամանակ, 90-ական թվականներին, նաև փակեց ճանապարհները, և դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին։
«Հայաստանի պատրաստ լինել կամ չլինելը էական չէր, խնդիրը Թուրքիայի պատրաստ լինելն էր և Թուրքիան հիմնականում իր դիրքորոշումը պայմանավորում է Ադրբեջանի դիրքորոշմամբ, եթե Ադրբեջանը համաձայն է այդ հարաբերությունները հաստատվեն, ապա հաստատվում են։ Հիմա, եթե Հայաստանի արտգործնախարարը նման հայտարարություններ է անում, ապա այդ հայտարարությունների մեջ որևէ նորություն չկա, եթե հիմա ինչ-որ պատճառ ունի նման հայտարությունների, նշանակում է թուրքական նախապայմաններ կան, որոնք ինքը պատրաստ է ընդունել և այդ հայտարարությամբ տեղեկացնում է Թուրքիային, որ պատրաստ է պայմաններին, որովհետև պայմանները միշտ Թուրքիայի կողմից են»,- ասաց քաղաքագետը։
Մեզ հետ զրույցում Ստեփան Դանիելյանը նաև նշեց, որ Թուրքիան վերջին տարիներին միշտ ասում էր, որ Հայաստանի հետ իր հարաբերությունները չէր խոչընդոտի Թուրքիայի պահանջներին, որը ուներ Հայաստանի հանդեպ և իր հարաբերությունները պայմանավորված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով: Այսինքն՝ ինչ-որ պայմաններ կան, որը Ադրբեջանն է առաջ քաշում և նաև Թուրքիան իր նախապայմաններն ունի։
Աննա Սրապիոնյան