Իտալիայի զինվորական գլխավոր դատախազն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Նարինե Գասպարյանի, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանի և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոյի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Իտալիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերն առանձնակի հետաքրքրությամբ լսեցին հատկապես իտալացի դիվանագետ և պատմաբան, 1911-1915 թթ. Տրապիզոնում Իտալիայի գլխավոր հյուպատոս, Հայոց ցեղասպանության ականատես Ջիակոմո Գորինիի հայանպաստ գործունեության մասին:

Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Մաուրիցիո Բլոկը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:




Լրահոս