Երևանի Արաբկիր վարչական շրջանում խայտառակ իրավիճակ է` շուրջ 36 ժամ ջուր չի լինելու:
ArmLur.am-ը բնակիչներից ահազանգեր է ստանում, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը ինչպես միշտ չի կարողանում վթարային վիճակը արագ կարգավորել, ինչի արդյունքում իրենք ամառվա այս տապին հայտնվել են սարսափելի վիճակում:
«Երեկ չէ առաջին օրը ջրերը կտրեցին, հայտարարություն տարածեցին, թե մինչև 20։00-ն կվերականգնեն, իսկ երեկ արդեն տեղեկություն են տվել, թե ամսի 28-ին գիշերը 11-ին են տալու: Այսինքն էս ընկերությունում բարդակ վիճակ ա, ոչ մեկ չգիտի՝ ինչ ա կատարվում, զանգում ենք՝ ասում են, որ աշխատում են, չենք կարա ասենք, երբ ջուր կլինի, իսկական խայտառակություն ա»,-վրդովված հայտարարեցին ArmLur.am-ին ահազանգած քաղաքացիները:
Հիշեցնենք, որ երեկ «Վեոլիա Ջուր» ընկերությունը երեկոյան ժամին տեղեկացրեց, որ «Արզնի 2» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 27-ին ժամը 18:30-ից մինչև հունիսի 28-ը ժամը 23:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեների շրջամատակարարումը:
ArmLur.am-ի զրուցակիցները նշեցին նաև, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը շատ վատ ընկերություն է, ու սա առաջին դեպքը չէ, որ իրենք հայտնվում են նման իրավիճակներում.
«Գարշահոտությունը տիրել է ամբողջ մեր թաղամասերը՝ Խաչատրյան, Մամիկոնյանց, Ադոնց, Քոչար։ Սաղ տեղերում ահավոր վիճակ ա, ու գոնե աշխատողների թիվը ավելացնեն, արագ կարգավորեն հարցը, նստած տեղներից չեն շարժվում: Հավատացեք, էս շոգ օրերին խոլերիայի մեջ ենք հայտնվել»,-պատմեցին ArmLur.am-ի զրուցակիցները:
Ի դեպ, ArmLur.am-ը ևս փորձեց կապ հաստատել «Վեոլիա Ջուր» ընկերության հետ, որտեղից պատասխանեցին, որ վերականգնողական աշխատանքներ են իրականացնում:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան