Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հաստատել են առաջիկա հինգ տարում ԵՄ ղեկավար պաշտոններում նշանակումները։ Այս մասին X-ում հայտնել է Եվրոպական խորհրդի հեռացող ղեկավար Շառլ Միշելը՝ ամփոփելով Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքները:
Նրա խոսքով՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերանշանակվել է Եվրահանձնաժողովի նախագահ, Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան դարձել է Եվրոպական խորհրդի ղեկավար, իսկ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար։
Այժմ Եվրախորհրդարանը հուլիսին կայանալիք լիագումար նիստում պետք է քվեարկի Եվրոպական խորհրդի կողմից նշանակված թեկնածուների օգտին, որից հետո որոշումները կմտնեն ուժի մեջ։ Կալլասը կարող է իր պարտականություններին անցնել հոկտեմբերին, Կոշտան՝ դեկտեմբերին, իսկ ֆոն դեր Լայենն արդեն սեպտեմբերին կներկայացնի Եվրահանձնաժողովի նոր կազմը: