Առնվազն յոթ մարդ է զոհվել Սլովակիայի հարավում գտնվող Նովե Զամկի քաղաքի մոտ մարդատար գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով, ևս հինգը վիրավորվել են: Այս մասին հայտնել են տեղական շտապօգնության ծառայությունները։
«Ես վախենում եմ, որ այս դժբախտ պատահարի զոհերի թիվը կարող է աճել», – AFP-ին ասել է փրկարար ծառայության ներկայացուցիչ Պետրա Կլիմեսովան:
Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան` ժամը հինգի սահմաններում։ Միջազգային էքսպրես EuroCity 279-ը Պրահայից մեկնում էր Բուդապեշտ: Arriva ավտոբուսում եղել է ինը մարդ, այդ թվում՝ վարորդը։ Mynovezamky-ն գրում է, որ ավտոբուսը պոկվել է երկու մասի, մի մասը ետ է շպրտվել, իսկ երկրորդ մասը գնացքը քաշել է մի քանի տասնյակ մետր։
Պրահայից Բուդապեշտ ուղևորվող գնացքում եղել է ավելի քան 100 ուղևոր: Բախումից հետո լոկոմոտիվի շարժիչն այրվել է։ Վթարի պատճառները դեռ հայտնի չեն:
Տեսանյութն՝ այստեղ