Նախկին ԲՀԿ պատգամավոր ԵԿՄ նորընտիր փոխնախագահ Մխիթար Հարությունյանից armlur.am լրատվականը փորձեց պարզել` ինչո՞ւ են ԲՀԿ անդամներ, ԵԿՄ ներկայացուցիչներ Ռուբեն Գևորգյանը և ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը փորձում ԵԿՄ-ին հակակշիռ կառույց ստեղծել Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ:
Պրն Հարությունյանը նախ շնորհավորեց armlur.am լրատվական կայքի իգական սեռին մեկամսյակի կապակցությամբ, ապա ասաց, որ տեղյակ չէ ` խոսքն ինչի մասին է:
–Պրն Հարությունյան, արդյոք ԲՀԿ–ն, ԵԿՄ–ին հակակշիռ միավոր ստեղծելով, փորձում է իր համար ուժային մի հենարան ու թև ստեղծել:
-Երկրապահ կամավորական միությունը որպես կառույց կա արդեն Հայաստանում: Որևէ մեկը չի կարող նման երկրորդ կառույց ստեղծել: Իսկ այն, ինչ քաղաքականությանն է վերաբերում, ես դրանով չեմ զբաղվում: ԵԿՄ-ից ավելի շատ ոչ ոք չի մտածում կռված տղաների ու նրանց ընտանիքների մասին: Այն, ինչ անում է ԵԿՄ-ն, որևէ մեկը չի կարող անել, քանի որ շատ ժամանակ է պետք, արիություն, հոգի, ոգի: Երկրորդ Մանվել Գրիգորյան չկա Հայաստանում:
-Որքան էլ չցանկանաք քաղաքականացնել ԵԿՄ-ին ու նրա գործունեությունը, հասարակության մի մասը այն համարում է քաղաքականացված: Սրան եթե գումարենք այն, որ ԲՀԿ-ն դժգոհ է իշխանությունների վարած քաղաքականությունից, քննադատում է նրան անգամ ազատամարտիկների խնդիրները չլուծելու համար, արդյոք պարզ չէ, որ…
-Ես ասեմ ` բոլոր քաղաքական ուժերին, կառույցներին ու կազմակերպություններին կռված տղաների էմոցիաները, նեղվածությունը, վիճակը չօգտագործեն քաղաքական շահերի համար, քանի որ նրանք դատապարտված են ձախողելու: Բոլոր կռված տղաները հոգով-սրտով երկրապահ են: Ես չգիտեմ ` ո՞վ ինչ է ասում կամ անում, բայց չի ստացվի դա, երկրորդ չի կարելի, երրորդը` ամենամեծ ստորությունն է կռված տղաներին օգտագործել քաղաքական նպատակներով:
-Եթե հաշվի առնենք, որ ԵԿՄ-ից կան նեղացածներ, միգուցե ԲՀԿ-ն կարողանա նրանց իր շուրջը համախմբի և ԵԿՄ-ին հակակշիռ ստեղծի:
-Նեղացածներ չկան, չի կարող նման բան լինել: Նախ չգիտեմ ո՞վ է նեղացած, երկրորդ, եթե որևէ մեկը հայտնվի և ԵԿՄ-ին հակակշիռ ստեղծի, այդ ժամանակ ես կխոսեմ: Ես չեմ հավատում, չեմ պատկերացնում ու չգիտեմ ` ինչի մասին է խոսքը:
-Նեղացած ասելով ` նկատի ունեմ մարդիկ, որոնք քննադատում են ԵԿՄ-ի գործունեությունը և դժգոհ են այդ կառույցից:
-ԵԿՄ-ի գործունեությունը կռված տղաները չեն քննադատում, այլ ծախված գործիչները:
-Ասացիք ` ոչ ոք չի կարող հակակշիռ ստեղծել ԵԿՄ-ին: Չեն կարող, որովհետև ԵԿՄ-ը թույլ չի տա՞:
(Ծիծաղում է-խմբ. ): Եթե ձեր կողմից եք դա ավելացնում ու այդպես արտահայտվում, ես դրան չեմ ընդդիմանում: