ՍԴ-ն ձգձգում է քննությունը, որ իշխանությունը շարունակի փայ մտնել և գույք խլել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանն այդպես էլ քննության առարկա չի դարձնում վիճահարույց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը: Թերեւս պատճառն այն է, որ օրենքն, իշխանությունների ձեռքին նախկին «թալանչիների» դեմ մեծ զենք է, որը կիրառում են թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով, իհարկե` ընտրովի սկզբունքով. միայն նրանց դեմ, ովքեր իրենց հետ չեն։ Հիշեցնենք․ օրենքն ընդունվել է 2020թ. ապրիլի 16-ին եւ ուժի մեջ մտել նույն տարվա մայիսի 23-ին: Ընդունման պահից մասնագիտական համայնքն իր մտահոգություններն է հայտնում՝ օրենքի վիճահարույց լինելու վերաբերյալ։ Եվ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ը դիմել է ՍԴ՝ Սահմանադրությանն այս օրենքի համապատասխանության հարցը քննության առնելու համար: Դիմել են 2021 թվականի նոյեմբերի 23-ին, բայց մինչ օրս որոշում չկա։

Դիմումի առաջին իսկ օրվանից խոչընդոտներ ստեղծեցին դրա քննության համար, սկզբում դիմումը վարույթ չէին ընդունում, ընդունելուց հետո էլ տեւական ժամանակ այն թողնվեց առանց քննության, 2022թ․ հուլիսի 8-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշում կայացրեց՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին, եւ կասեցրեց վարույթը։ Բարձր դատարանը չորս հարց էր հղել Վենետիկի հանձնաժողովին, որոնց վերաբերյալ ամիսներ անց ստացան պատասխան, ինչից հետո՝ 2023թ․ հուլիսի 7-ին, ՍԴ-ն նախ աշխատակարգային որոշմամբ վերսկսեց վարույթը, ապա նույն օրը՝ մեկ այլ որոշմամբ, կրկին կասեցրեց։ Այս անգամ ՍԴ-ն գտավ, որ անհրաժեշտ է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն` այստեղից էլ պետք է ինչ-որ հարցերի պատասխաններ ստանան, հետո նոր վարույթը վերսկսեն ու որոշում կայացնեն։

Հուլիսի 7-ին կլրանա մեկ տարին, ինչ Սահմանադրական դատարանը կասեցրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ վարույթը: Թեեւ դատախազությունից պատասխանները վաղուց ստացվել են՝ դեռեւս անցած տարվա սեպտեմբերին, սակայն ՍԴ-ն չի շտապում որոշում կայացնել եւ վերսկսել վարույթը։
Երեկ մեզ հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը շարունակում է մնալ առկախված, իսկ վարույթը՝ կասեցված, թեեւ կասեցման հիմքը փաստացի վերացված է, որովհետեւ բոլոր հնարավոր կառույցներին պատասխաններն արդեն ստացվել են։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն Գլխավոր դատախազությունից վիճակագրական տվյալներ էր պահանջել եւ օրենքի մեկնաբանություններ, դիցուք՝ դատախազության համապատասխան ստորաբաժանման գործունեությունը կարգավորվո՞ւմ է աշխատանքային պլանավորմամբ, կամ քանի՞ ուսումնասիրություն է սկսվել առ 2023թ. հուլիսի 7-ը, քանի՞ դեպքում է ուսումնասիրության առարկա դարձել գույքը, որի ծագումը կապված չէ հանցագործության հետ եւ այլն։

Հիշեցնենք նաեւ, որ Վենետիկից ստացված պատասխաններում միանշանակություն չկա՝ օրենքը լա՞վն է, թե՞ վատը։ Մասնավորապես նշել են, որ միջազգային եւ եվրոպական ստանդարտներից բխում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը կարող է որպես արդյունավետ գործիք ծառայել պետական կոռուպցիայի դեմ պայքարում եւ կանխել գույքի ապօրինի ձեռքբերումը: Նշվածը դասվում է հանրային շահին, որով կարող է արդարացվել որոշակի գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածի կիրառումը։ Այնուամենայնիվ, վերոնշյալ գործիքը պետք է կիրառվի ողջամտության սահմաններում եւ ուղեկցվի արդյունավետ ընթացակարգային երաշխիքներով: Եվ նշված են օրենքի որոշ վիճահարույց դրույթներ, որոնք կարելի է փոխել: Այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովը քաղաքական որոշում էր կայացրել` չխանգարել Նիկոլ Փաշինյանին, որ նախկին իշխանություններից գույք խլի, բայց տեղ թողնել, որ հետո ասեն` մենք օրենքի բացերը մատնանշել ենք:

Ի դեպ, այս գործով ՍԴ զեկուցողը Վահե Գրիգորյանն է, ով հավակնում է ՄԻԵԴ դատավորի կարգավիճակին եւ ՀՀ կառավարության սրտի թեկնածուն է։ Թե ՍԴ-ն երբ կսկսի գործի քննությունը, հայտնի չէ․ դատելով օրենքի ոդիսականից՝ իշխանություններն ամեն ինչ անում են, որ քննությունն անժամկետ երկարաձգեն եւ այս հզոր գործիքը քաղաքական նպատակով շարունակեն կիրառել:
Մինչ ՍԴ-ն արհեստական խոչընդոտներով ձգձգում է օրենքի սահմանադրականության հարցի քննարկումը, Հայաստանում արդեն մոտ չորս տարի է՝ հարյուրավոր վարույթներ են հարուցվում ապօրինի ծագման գույքերի վերաբերյալ, նախկիններից շատերը, հոգնելով պետական ռեկետից ու քաշքշուկներից, երբեմն համաձայնում են ստվերային գործարքի գնալ` մուծվել ու ազատվել այդ քննություններից, որոնք ոչ միայն կամայականորեն ու խախտումներով են իրականացվում, այլեւ հակասահմանադրական օրենքի հիման վրա, որը, եթե պատկերավոր ձեւակերպենք, Փաշինյանի ձեռքում «Սաշիկ-2» գործիք է, որով կարելի է փայ մտնել անհնազանդ անձանց ունեցվածքին։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը կայացվել է օրեր առաջ՝ հունիսի 21-ին: Հակակոռուպցիոն դատարանի վճռով բռնագանձվել են Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, 2 հատ KAMAZ մակնիշի ավտոմեքենա, 17 մլն դրամ եւ բաժնեմասեր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:




Լրահոս