Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Աբրամ Փեյլիի խոսքերն անվանել է ընտրություններին միջամտելու փորձ և ասել, որ Իրանի ժողովուրդը դրան կպատասխանի՝ ակտիվորեն մասնակցելով քվեարկությանը։
«Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալի հայտարարությունները մեր երկրում նախագահական ընտրությունների վերաբերյալ սուտ են և միջամտության ակնհայտ փորձ են: Ամերիկացի պաշտոնյաները չեն դադարի անօգուտ հայտարարություններ անել. ժողովուրդը վճռականորեն կպատասխանի դրանց՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին»,- գրել է Քանանին X-ի իր էջում։
Իրանի արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով, աշխարհն արդեն զգացել է «ամերիկյան ժողովրդավարության պտուղները, որոնք հանգեցրել են պատերազմների, արյունահեղության ու ահաբեկչության»։
Հունիսի 26-ին Փեյլին ասել է, որ Իրանի նախագահական ընտրությունների լույսի ներքո Միացյալ Նահանգները չի ակնկալում արդար և ազատ ընտրություններ կամ ընտրություններից հետո երկրի ուղղության հիմնարար փոփոխություններ: Նրա կարծիքով, Իրանի ժողովուրդը զրկված է ազատությունների մեծ մասից, իսկ իրանցիներին անհրաժեշտ են ժողովրդավարության տարրեր։