Այսօր «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը աղմկահարույց տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից հրաժարվել իր դեմ ներկայացված բոլոր հայցերից.
«Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիևի վարչակազմը պահանջում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից:
Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը տրամադրված է բավարարել Ալիևի նաև այս պահանջները»,-գրել էր տելեգրամյան ալիքը:
ArmLur.am-ը դիմեց ԱԳՆ՝ պաշտոնական մեկնաբանություն ստանալու՝ արդյո՞ք խաղաղության պայմանագրում՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու պահանջ կա, եթե այո՝ Հայաստանը պատրաստվու՞մ է կատարել դա։
ՀՀ ԱԳՆ-ից, սակայն, հղում արեցին ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանի արված հայտարարությանը, որում ասվում էր՝
«Նման որոշում այս պահին չկա, որևէ գործընթաց այս առումով չի իրականացվում»:
ԱԳՆ-ն հավելյան մեկնաբանություն չուներ:
Ք.Մ.