Գազի սակագնի հարցով Մովսիսյանը սկսել է կմկմալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը բոլորին, այդ թվում և` ՀՀԿ վերնախավին փաստի առաջ կանգնեցրեց` հայտարարելով, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը, իշխանական խոսնակները սկսեցին ներկայացնել դրա արդյունքում Հայաստանին սպասվելիք տնտեսական օգուտները` շեշտը դնելով առաջին հերթին էժան գազ ստանալու հնարավորության վրա:

Ի սկզբանե հայտարարվեց, որ մայիսին թանկացած ռուսական գազը վերստին կէժանանա: Կարճ ժամանակ անց, սակայն, պարզ դարձավ, որ նման բան տեղի չի ունենալու, ընդամենը վերացվելու է մաքսատուրքը, որը համարժեք է գազի գնի 30 տոկոսին (այն սուբսիդավորելու խոստումը ՀՀ կառավարությունը տվել էր ավելի վաղ):
Արդեն մի քանի ամիս անց՝ Պուտինի՝ Երևան կատարած այցից հետո, պարզ դարձավ, որ դա էլ տեղի է ունենալու  «ՀայՌուսգազարդ»-ի` հայկական կողմին պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասի վաճառքի և խայտառակ, կապիտուլյացիոն գազային համաձայնագրերի ստորագրման դեպքում միայն:

Սակայն կառավարությունը` ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի, շարունակում էր Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված գազային համաձայնագիրը Հայաստանի համար խիստ շահեկան համարել` շեշտելով, որ դրա արդյունքում մեր երկիրն առաջիկա տարիներին կունենա կանխատեսելի գազի գին:

Նախօրեին, սակայն, պարզ դարձավ, որ անգամ այդ հարցում ՀՀ իշխանությունների խոսքերը որևէ արժեք չունեն: Ինչպես հայտնի է, առաջիկայում Ռուսաստանում գազի գինը 4 տոկոսով թանկանալու է, և հարցին՝ արդյոք դա կարող է որևէ կերպ ազդել նաև Հայաստանին մատակարարվող գազի սակագնի վրա, «գազային համաձայնագրերի» գովքն անող Ա.Մովսիսյանը երեկ չի կարողացել հստակ պատասխան տալ:

Նա, ըստ էության, ասել է, որ ինքը չգիտի, թե քանի կոպեկի արժեք ունի իր իսկ ստորագրած գազային համաձայնագիրը, որով սահմանված էր, որ գազի գինը Հայաստանում առնվազն առաջիկա 5 տարիների ընթացքում չի թանկանալու. «Մենք պաշտոնապես որևէ առաջարկ չենք ստացել: Մեր պայմանագրով ինչ ասում ենք, դա է, դրա համար»,-կմկմացել է Մովսիսյանը: Իսկ կոնկրետ ճշտող հարցին` արդյոք գազի գինը կմնա անփոփոխ, ՀՀ կառավարության ամենաերկարակյաց և պրոֆեսիոնալ «ցրողն» ասել է. «Այո, պետք է որ չփոխվի»:
Այսպիսով` ևս մեկ անգամ հաստատվում է այն իրողությունը, որ ՀՀ իշխանությունները` ի դեմս Ն. Փաշինյանի ձևակերպմամբ` «կռուտիտի ժանրի» վարպետ Ա. Մովսիսյանի, այն աստիճանի խամաճիկային վիճակում են, որ ի զորու չեն անգամ կառավարական մակարդակով ստորագրված համաձայնագրով սահմանված պարտավորությունների համար երաշխավորել:

Չնայած` Ա. Մովսիսյանն ինչ անի, բա որ հանկարծ երեկոյան Պուտինի գրասենյակից Ս. Սարգսյանի հետ «կայացած» հեռախոսազրույցի նոր տեքստ ուղարկեն, որով հայկական կողմը ողջունում է գազի գնի թանկացումը…




Լրահոս