Երեկ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը ՀՀ դատական դեպարտամենտի նախագահ է նշանակել Կարեն Փոլադյանին, ով նաև մոտ 5 տարի եղել է ԿԸՀ անդամ:
Հիշեցնենք, որ 2013 թվականի սեպտեմբերին արդեն նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանն ազտվել էր աշխատանքից, և նրա դեմ հարուցվել էր քրեական գործ` կաշառակերության փաստով:
Armlur.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության Դատական դեպարտամենտի նորանշանակ ղեկավար Կարեն Փոլադյանը:
-Պարոն Փոլադյան, ի՞նչ նոր ծրագրեր եք նախատեսել իրականացնել Դատական դեպարտամենտում:
-Դատական ծառայության համակարգն ամբողջովին պետք է փոխվի: Ծրագրերը հիմնականում ուղղված են լինելու համակարգի ակտիվ գործունեությանը, ամեն գնով հանրության շրջանում վստահության բարձրացմանը: Մեծ ուշադրություն ենք դարձնելու նաև ընդհանուր աշխատանքի որակին: Որակական աշխատանքը նոր փուլ պետք է թևակոխի: Այս պահին համակարգում բազմաթիվ խնդիրներ ունենք: Փոփոխություններ պետք է կատարվեն առաջին հերթին կադրային բաժնում, ինչպես նաև՝ դեպարտամենտի կառուցվածքի ուղղությունների հետ կապված: Շատ ստորաբաժանումներ կան, որոնք պետք է ավելի ինտենսիվ սկսեն աշխատել: Գիտե՞ք, ցավով պետք է խոստովանեմ, որ մարդկանց մոտ կարծիք կա, որ դատական համակարգ բացարձակապես չի գործում քաղաքացիներին անհանգստացնող հարցերի դեպքում: Այսուհետ մեր խնդիրն է լինելու ցույց տալ, թե համակարգն իրականում ինչպես պետք է գործի:
–Պարոն Փոլադյան, հետաքրքիր է իմանալ` ու՞մ առաջարկն էր Ձեզ Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում տեսնելը:
-Նշանակվել եմ Դատական ծառայության մասին օրենքի ուժով` Վճռաբեկ դատարանի նախագահի ներկայությամբ: Դրանից բացի, ես արդեն 7 տարի է` այստեղ եմ:
-Իսկ ինչպե՞ս համաձայնեցիք. արդյոք սա ավելի՞ լավ աշխատանք է:
-Իմ համաձայնությունը պետք է կանխատեսելի և սպասված լիներ: Ճիշտ է` սա հիմա ներքուստ ինքնագովեստ կհնչի, սակայն պետք է հայտնեմ, որ ես իմ ուժն ու եռանդն ընդհանրապես չեմ խնայել այստեղ աշխատելու տարիներին: Արել եմ ամենահնարավորն ու անհնարինը: Ես ստեղծել եմ գաղափարներ և ապացուցել, որ կարող եմ դրանք կյանքի կոչել: Արել եմ ուժերիս հնարավորությունների մաքսիմալը: Ձեռք եմ բերել վստահություն և, կարծում եմ, ավելի զարմանալի կլիներ նաև համակարգի աշխատողների համար, եթե չընդունեի առաջարկը:
-Պարո՛ն Փոլադյան, իսկ Դուք այս պահին նաև ԿԸՀ անդա՞մ եք:
-Ես 2007-2011 թվականներին եմ եղել անդամ: Հետո լիազորություններս դադարել են, քանի որ ԿԸՀ ընտրական օրենսգրքի ձևավորման նոր կարգով ԿԸՀ անդամն իրավունք չուներ պետական այլ պաշտոն զբաղեցնել և ստանալ այլ վարձատրություն:
-Հանրության շրջանում կա ձևավորված կարծիք, որ ԿԸՀ անդամները թվանկարիչներ են, և նրանց հանդեպ վստահության պակաս կա: Չե՞ք կարծում, որ Ձեր` ԿԸՀ անդամ լինելու փաստը կարող է վստահության պակասի առումով ազդել Ձեր գործունեությանն ու ծրագրերի իրականացմանը:
-Ես չեմ պատրաստվում իմ կենսագրության որևէ վայրկյան հերքել: Չեմ էլ ընդիմանա հանրության կարծիքին, որ ԿԸՀ անդամները թվանկարիչներ են: Սակայն այդպես մտածում են միայն նրանք, ովքեր գործ չեն ունեցել ԿԸՀ-ում և չեն տեսել այնտեղ կատարվող աշխատանքը: Այնտեղ իրականում ծանր աշխատանք է իրականացվում: Եվ բոլոր տեսակի բամբասանքներն իրականությանը չեն համապատասխանում: Ցանկացած ընտրությունից հետո բոլոր թվերը հաշվվում են և ուղարկվում Տեղականներին: Ամեն ինչ ԿԸՀ գալիս է տեղական մարմիններից: Կենտրոնականը միայն կարգավորում և վերահսկում է:
-Պարոն Փոլադյան, իսկ մարդկային առումով ինչպե՞ս ընդունեցիք առաջարկը` հաշվի առնելով նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի կալանավորման փաստը, ինչն, ըստ փաստաբանի, հանիրավի է:
-Գիտեք` գործը դեռևս նախաքննության փուլում է, և վերջնական որոշում պետք է դատարանը կայացնի: Որևէ մեկը հստակ ոչինչ չի կարող ասել: Ինքս այդ ողջ շրջանում աշխատել եմ Դատական դեպարտամենտում, և իրականությունը որևէ մեկն ասել չի կարող: Ինչ վերաբերում է մարդկային տեսակետից իմ ընդունմանը, պետք է ասեմ, որ ինքս էլ հիմա սպասում եմ դատարանի վճռին:
-Իսկ տեղյա՞կ եք, որ պարոն Մարտիրոսյանին առաջարկվել է Վճռաբեկի նախագահի դեմ ցուցմունք տալ, ինչի դիմաց իրեն ազատ կարձակեին:
-Դրա մասին, հավատացեք, առաջին անգամ եմ լսում և Ձեզնից իմացա: Պարզապես դժվարանում եմ որևէ մեկնաբանութուն տալ այս պահին:
Տաթև Հարությունյան