Անտառային հրդեհներ են մոլեգնում Թուրքիայի հարավարևմտյան ափին։ Խոշոր օջախներ են գրանցվել մի քանի նահանգում։ Դրանցից մեկը Մուղլան է, որտեղ կան բազմաթիվ ծովափնյա հանգստավայրեր։ Հրշեջները պայքարում են Միլյաս քաղաքի մոտակայքում բռնկված հրդեհի դեմ, ներգրավված է ավիացիան:
Իշխանությունը վստահեցրել է, որ Իզմիր նահանգում բռնկված հրդեհը «տեղայնացվել է» և «գործնականում մարվել»։ Բայց կրակը հասցրել է ոչնչացնել հարյուրավոր հեկտար անտառներ ու տարածվել հարևան Այդըն նահանգ։ Տեղի հյուրանոցներից մեկի հյուրերին ստիպված են եղել տարհանել։ Շատ դեպքերում հրդեհներն առաջացել են մարդկանց անփութության պատճառով։
Թուրքիայում ամեն տարի անտառային հրդեհներ են բռնկվում։ Այս տարի անտառային գոտում հրդեհի տարերային տարածման 74 դեպք է գրանցվել։